Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետևում լայվերին ու հրահանգավորում ֆեյքերին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
ՔՊ-ական պատգամավորներին հրամայվել է զուսպ լինել լրագրողների հետ շփումներում, ինչն ակնհայտ է դարձել վերջին օրերին` ամենացինիկ ՔՊ-ականները փորձում են բարեկամաբար շփվել լրագրողների հետ, հանկարծ մեղմ ու բարեհամբույր են դարձել։․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն անցած շաբաթ համեմատաբար պասիվ գործողություններ էր իրականացնում` փողոցային պայքարի փոխարեն հետնաբեմային հանդիպումներ հանրության տարբեր խավերի հետ, սակայն իշխանությունները 24/7 ռեժիմով, խոշորացույցով հետեւում եւ արձագանքում են շարժմանը եւ առաջնորդի ցանկացած գործողությանը: Բայց իշխանությունը ձեւացնում է, թե շարժումը մարել է, իրենք մի գրամ մտահոգություն չունեն եւ այլն: Ընդ որում` նկատելի է, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, իշխանական մամուլն ու փորձագետները եւ արբանյակ ուժերը նույն գծի մեջ` նույն թեզերով կրկնում են բառացիորեն նույնը, ինչը վկայում է այն մասին, որ «սրբազան շարժման» դեմ հակաքարոզչությունը կառավարվում է մեկ կետից։
Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է հետեւում Բագրատ սրբազանի բոլոր քայլերին` ժամերով նստում է համակարգչի առաջ կամ հեռախոսով հետեւում է ուղիղ եթերներին, սրբազանի հանդիպումներն ու հայտարարություններն է լսում, մամուլին տված մեկնաբանությունները: Հետո իր ուսապարկերին հանձնարարականներ է իջեցնում, թե կոնկրետ որ դրվագին ինչպես պատասխանեն, ֆեյքերն ինչ գրեն Ֆեյսբուքում, ՔՊ-ականներն ինչպես հակադարձեն սրբազանին, որ շարժումը թափ չհավաքի: ՔՊ-ական պատգամավորներին հրահանգվել է զուսպ լինել լրագրողների հետ շփումներում, ինչն ակնհայտ է դարձել վերջին օրերին` ամենացինիկ ՔՊ-ականները փորձում են բարեկամաբար շփվել լրագրողների հետ, հանկարծ մեղմ ու բարեհամբույր են դարձել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն հարցաքննության է հրավիրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին, սակայն վերջինս չի ներկայացել քննչական կոմիտե՝ նշելով, որ ծանրաբեռնված է ու չի կարող ներկայանալ։
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին բռնության ենթարկելու դեպքով։ Տեղեկացնենք, որ Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել Արթուր Խաչատրյանը եւ հայտնել. «Ինչպես հավանաբար տեղյակ եք, ուրբաթ օրը՝ ապրիլի 27-ին, Երեւան-Սեւան մայրուղու Հրազդանի հատվածից մի խումբ ոստիկաններ, առանց որեւէ օրինական պահանջ ներկայացնելու, թեժացնելով եւ սադրելով լարված իրավիճակը՝ իմ նկատմամբ բռնություն են կիրառել, ապօրինաբար զրկել են ազատությունից եւ ոստիկանական մեքենայով, չորս ոստիկանի ուղեկցությամբ տեղափոխել են Կոտայքի մարզի Հրազդանի ոստիկանական բաժանմունք։ Հրաման տվողն ու քաշքշուկ հրահրողը ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանն էր։ Վստահ եմ, որ հատկապես Ռ. Դավթյանը քաջատեղյակ էր, որ ես ԱԺ պատգամավոր եմ: Ի դեպ, Դավթյանը քաղաքացիական հագուստով էր եւ չէր ներկայացել։
Ճանապարհին ես իմ զարմանքն ու ընդվզումն էի արտահայտում, հատկապես պայմանավորված այն հանգամանքով, որ իրենք իրավունք չունեն ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու եւ բերման ենթարկելու, սակայն ինձ չէին արձագանքում: Արդեն բաժանմունքում ինձ տեղեկացրին, որ ես բերման չեմ ենթարկվել։ Խոսքերն ավելորդ են։ Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը, «ոստիկանապետության» ամենացցուն դրսեւորումն էր։ Փաստորեն, Հայաստանում ոստիկանն իրեն օրենքից վեր է դասում, իրեն իրավունք է տալիս՝ խախտելու երկրի Սահմանադրությունը։ Հույս ունեմ, որ հանցագործությունն անպատիժ չի մնա։ Այլապես, այսօրվա իշխանություններին էլ ավելի բարդ կլինի հերքել, որ ոստիկանական ապօրինությունները կատարվում են իրենց անմիջական հրամանով»,- գրել էր պատգամավորը:»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական մի քանի տասնյակ ուժերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ սրբազանն ուշագրավ հայտարարություն է արել: Ի պատասխան ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հարցերին, սրբազանը նկարագրել է, թե ինչպես է պատկերացնում ժամանակավոր կառավարությունը. այն ձեւավորված կլինի անկուսակցական պրոֆեսիոնալներից, կպաշտոնավարի մեկ տարի ժամկետով, որից հետո կանցկացվեն նոր ընտրություններ, կընտրվի հիմնական իշխանություն: Իսկ ուշագրավն այն է, որ վստահեցրել է, թե ժամանակավոր վարչապետը չպետք է մասնակցի ընտրություններին: Այսինքն՝ եթե Բագրատ սրբազանը դառնա վարչապետ, ապա դա տեւելու է ընդամենը մեկ տարի, եւ նա զբաղվելու է Փաշինյանի 6 տարվա քանդածը խելքի բերելով եւ ընտրություններ կազմակերպելով:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխանության ներսում անհանգստություններն այլեւս անցել են, ՔՊ-ում վստահ են՝ այս պահին իրենց իշխանությանը վտանգ չի սպառնում:
Բանն այն է, որ վերջին օրերին անհնազանդության ակցիաների ու հանրահավաքների դադարը ուրախացրել է ՔՊ-ին: Իշխանականները հույսը դրել են այն բանի վրա, որ եթե անգամ անհնազանդության ակցիաները վերսկսվեն, դրանք այլեւս այն մեծ թափով չեն լինի, ինչ շարժման առաջին օրերին:
Ներքին քննարկումներում էլ նրանց մեծ մասը կարծիք է հայտնել, որ անհանգստանալ պետք չէ. «վտանգն» այլեւս անցել է. մարդիկ էլ չեն հավաքվի:
Հենց սրանով պայմանավորված էլ՝ վերջին օրերին իշխանականները կրկին ակտիվացել են ու խորհրդարանում ավելի «խրոխտ» ելույթներ են ունենում, ծաղրում Սրբազանին։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բագրատ սրբազանի եւ արցախցիների երեկվա փակ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում: Արցախցիները շատ զգացված են՝ Հայաստան գաղթելուց հետո առաջին դեպքն է, որ նման վերաբերմունքի են արժանանում: Սրբազանը լսել է բոլորին, արձանագրել խնդիրները, ասել, որ Արցախի հարցը եւ նրանց վերադարձի խնդիրը միջազգային հարթակներում բարձրացնելն իր տեսադաշտում է, որ տեղյակ է Արցախի հանձնախմբի եւ Վարդան Օսկանյանի գործունեությունից, ողջունում է, եւ շեշտել է, որ դա պետք է արվի պետական մակարդակով: Արցախի ԱԺ պատգամավորներն են խոսել, ողջունել շարժումը: ԱԺ փոխնախագահ Բաղունցն է հանդիսավորությամբ շնորհավորել սրբազանի ծնունդը: Հանդիպմանը ներկա չի եղել միայն Սամվել Շահրամանյանը, քանի որ սրբազանը նախկին նախագահների ֆորմատով հանդիպում է նախաձեռնում:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում