Եվրոպայում փորձում են իրավական հիմք ապահովել՝ ռուսական գազից հրաժարվելու համար
Նմանատիպ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել գազի շուկայում բարեփոխմանը, որը թույլ կտա 2026 թվականից դադարեցնել բնական գազի, այդ թվում՝ հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանից ու Բելառուսից։
«Վերականգնվող գազի, բնական գազի և ջրածնի ներքին շուկաների մասին» հաստատված որոշման և կից հրահանգի մեջ, մասնավորապես, ասվում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 31-ից հետո Եվրահանձնաժողովը պետք է հնարավորություն ունենա ժամանակավորապես դադարեցնել բնական գազի մատակարարումները, ինչպես նաև հեղուկ բնական գազի ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից՝ մինչև մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարացվել։
Արգելքը, ինչպես նշված է փաստաթղթում, պայմանավորված է «ԵՄ-ի կամ անդամ պետության անվտանգության հիմնական շահերի պաշտպանությամբ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ սահմանափակումները չպետք է վտանգի ենթարկեն ԵՄ շուկա և առանձին անդամ պետություններ գազի մատակարարումը, պետք է հարգեն էներգետիկ համերաշխության սկզբունքները և չխախտեն երրորդ երկրների նկատմամբ պարտավորությունները։
Բանաձևն ուժի մեջ կմտնի հրապարակվելուց 6 ամիս հետո։ Ինչ վերաբերում է հրահանգին, ապա անդամ երկրները երկու տարում պետք է իրենց ազգային օրենսդրությունը համապատասխանեցնեն դրա դրույթներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում