ՔՊ-ում կասկածում են, որ Խաչատուր Սուքիասյանն առաջինն է լքելու իշխանական նավը․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
ՔՊ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչների կանայք, քույրերը, եղբայրները և նման այլ անձինք, տեղավորվել են պետական ֆինանսավորմամբ կառույցների տարբեր հաստիքներում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Գործարար-պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի երեկվա աղմկահարույց ելույթից հետո ՔՊ ղեկավարությունը նկատողություն է արել նրան, որ երեկվա իր ելույթով` ընդդիմադիրների պորտը տեղը դնելով, ավելի շատ վնասում, քան աջակցում է իշխանություններին։ Հիշեցնենք. Սուքիասյանը երեկ խորհրդարանի ամբիոնից ուղիղ տեքստով սպառնում էր ընդդիմությանը. «Եթե չափը չճանաչեն, կա՛մ կհայտնվեն բանտում, կա՛մ կմահանան, կա՛մ կունեզրկվեն», ինչպես եղել է նախկինում։ Երեկ Սուքիասյանն ավելի ուշ սրբագրեց ելույթը՝ լրագրողներին հայտարարելով, որ ոչ թե սպառնացել է, այլ ասել է․ «Բա որ մենք էլ անենք»։
ՔՊ-ում նրա երեկվա ելույթի բացատրությունն ունեին, ասում էին, որ նա «կասկածյալների» շարքում է, ովքեր կարող են լքել իշխանական նավը եւ հայտնվել բարիկադների մյուս կողմում, եւ Սուքիասյանը փորձել է փարատել այդ կասկածները` իր հավատարմությունը հայտնելով Նիկոլ Փաշինյանին։ Ի դեպ, ՔՊ-ում Սուքիասյանի նկատմամբ ոչ միանշանակ վերաբերմունք կա: Ոմանք կարծում են, որ նա իրենց «վերեւից է նայում», «նիստերին դասատուի դեր է ստանձնում», չի գրանցվում հարցեր տալու կամ ելույթներ ունենալու համար, իսկ վերջում արտահերթ ելույթի ձայն է խնդրում՝ նյարդայնացնելով իրենց։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով ցանկանում են ընդլայնել Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի լիազորությունները, որպեսզի նա այսուհետ կարողանա քննիչին փոխել գործի վարույթից: ՔՊ շրջանակից, անանուն մնալու պայմանով, երեկ մեզ պատմեցին, որ ՔՊ պատգամավոր Արփի Դավոյանին այդ նախագիծը ներկայացնելու հանձնարարությունը տվել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «ժողովուրդ» օրաթերթը դիմեց Գլխավոր դատախազություն, որտեղից ի պատասխան՝ դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հայտնեց. «Իրականության հետ աղերս չունեցող եւ մտացածին «լուրերը» Գլխավոր դատախազությունը չի մեկնաբանում»:
Բայց փաստ է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի, ապա եւ լիագումար նիստերի ընթացքում դատախազի տարեկան հաղորդումների ժամանակ Արփի Դավոյանը շնորհակալությունների տարափ էր հորդեցնում Աննա Վարդապետյանի հասցեին: Եվ այդ «շնորհակալություններից» հետո ԱԺ քննարկմանը ներկայացվեց դատախազին ձեռնտու նախագիծ՝ նույն Դավոյանի կողմից: Պատահականությո՞ւն. դժվար է հավատալ. բայց Արփի Դավոյանը մեր հարցերին չի պատասխանում, որ մանրամասները իրենից էլ ճշտեինք:»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեր աղբյուրները վստահեցնում են, որ շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը վարչապետական մարմաջով չի տառապում եւ չի ուզում` թեկուզ ժամանակավոր, վարչապետ դառնալ։ Մինչ նրա թեկնածության շուրջ քաղաքական դաշտի ձեռք բերած կոնսենսուսը, քննարկվել են մի շարք անուններ, ընդ որում` թե՛ քաղաքական դաշտից, թե՛ հոգեւոր։ Մասնավորապես, Արման Թաթոյանի, Գրիգորի Խաչատուրովի, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի եւ այլոց անունները, սակայն քննարկումների ընթացքում որեւէ թեկնածուի շուրջ լայն կոնսենսուս չի ձեւավորվել, պարզվել է, որ միայն սրբազանի անձի հետ կապված չկան տարաձայնություններ, ուստի նա ստիպված է եղել համաձայնել իր առաջադրմանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Օրերս, անդրադառնալով Կիրանցի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից իրավունքի գրանցման վկայականների տրամադրման փաստին՝ արդարադատության նախարարությունը այսպիսի պարզաբանում էր տարածել. «Պետք է փաստել, որ համապատասխան իրավունքների պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա: Այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ պնդելու, որ անճշտությունների հիման վրա պետական գրանցումների կատարման փաստի ուժով խնդրո առարկա տարածքները համարվում են ՀՀ ինքնիշխան տարածքի մաս»:
Այսպիսի մեկնաբանությունը մասնագետների շրջանում, շատ մեղմ ասած, տարակուսանքի տեղիք է տվել: Շատ փորձագետներ նշում են, որ նման կերպ իշխանությունները կարող են «արդարացնել» իրենց կողմից հետագայում Հայաստանի այլ տարածքների զիջումը Ադրբեջանին: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ նշել է, որ Հայաստանի 29800 քկմ (հետագայում՝ արդեն 29743 քկմ) տարածքի մեջ «չեն մտնում Տիգրանաշենն ու Տավուշի 6 գյուղերը», ստացվում է, որ, ի մասնավորի, Տիգրանաշենի բնակիչներին Կադաստրի կոմիտեի կողմից տրված վկայականները ևս տրվել են «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա»: Այսինքն, փաշինյանական «սահմանազատման» հաջորդ փուլում տիգրանաշենցիներին կարող են ասել, որ ձեր վկայականները վավեր չեն, պետք է դուրս գաք ձեր տներից:
Երեկ «Փաստը» փորձեց ճշտել Տիգրանաշեն համայնքի ղեկավարից՝ իրենց բնակավայրի տների կադաստրային վկայականները ճշգրի՞տ տվյալների հիման վրա են տրվել, թե՞ արդարադատության նախարարության պարզաբանումը տարածվում է նաև տիգրանաշենցիների վրա: Եվ երկրորդ՝ ցանկանում էինք ճշտել՝ ճի՞շտ են մեզ հասած տեղեկությունները, որ վերջին շրջանում Տիգրանաշենում անհնար է անշարժ գույքի առքուվաճառք իրականացնել: Ցավոք, համայնքի ղեկավարի հետ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրակի՝ մայիսի 26-ին, հանրահավաք է նշանակված, որտեղ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ներկայացնելու է հետագա գործողությունների ծրագիրը, հայտարարելու է ակտիվ գործողությունների շրջափուլ սկսելու մասին։ Հանրահավաքին ընդառաջ իշխանությունն անհանգստացած է հնարավոր զարգացումներից, հասկանում են, որ կարող է ամեն ինչ ընթանալ իրենց համար անկանխատեսելի, անվերահսկելի սցենարով, ուստի փորձում են բոլոր մեթոդներով վարկաբեկել շարժումը:
Օրեր շարունակ սրբազանի եւ շարժման դեմ ՔՊ շարքայիններն ու ՊՈԱԿ-ի ֆեյքերն էին լուտանքներ շաղ տալիս, իսկ երեկ նրանց միացավ Նիկոլ Փաշինյանը` ամբողջ «երեկոն» նվիրելով «սրբազան շարժմանը»։ Մենք տեղեկացանք, որ բոլոր միջոցներով փորձելու են նվազեցնել կիրակի օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը: Հատկապես աշխատում են արցախցիների վրա, նրանց սպառնում են` «եթե մասնակցեք, լավ չի լինի ձեզ համար»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ ՔՊ իշխանության գալը՝ ՀՀ Սահմանադրությունից մեզ հայտնի էր, որ ընտանիքը հասարակության բջիջն է։
Այս նորմը վերջին տարիներին հետ է մղվել` տեղը զիջելով՝ «ընտանիքը կառավարության բջիջն է» թեզին, քանզի ՔՊ իշխանության գրեթե բոլոր ներկայացուցիչների կանայք, քույրերը, եղբայրները եւ նման այլ անձինք, տեղավորվել են պետական ֆինանսավորմամբ կառույցների տարբեր հաստիքներում։
Բացառություն չէր մայիսի 22-ին արտաքին հետախուզության պետի տեղակալ նշանակված Արման Բոշյանը: Տեղեկացնենք, որ տեւական ժամանակ գործազուրկ մնացած նախկին պատգամավոր Արման Բոշյանի կինը՝ Անուշիկ Ավետյանը, իհարկե կառավարության աշխատակից է. նա փոխվարչապետի օգնականն է, տարեկան 7 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում:
Իհարկե, Բոշյանների համար եւս, անվիճելի, «ապագա կա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Վերջին առնվազն մեկ ամսվա ընթացքում հորդառատ անձրևների հետևանքով մայրաքաղաքի փողոցներում որոշ օրերի իսկական գետեր էին հոսում, ավելին՝ առանձին դեպքերում մեքենաներն ուղղակի մնացել էին հսկայական անձրևալճերում: Շատերը կես կատակ-կես լուրջ արձանագրում էին, որ այսուհետ Երևանի ամենատարածված փոխադրամիջոցը նավակն է լինելու:
«Փաստ» թերթի տեղեկություններով, որոշ ժամանակ առաջ Երևանի քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ղեկավարներին իրենց տարածքներում գույքագրում իրականացնել՝ կապված ջրահեռացման համակարգերի հետ: Թվում է՝ արտառոց բան չկա, քաղաքապետարանն զբաղվում է իր գործով, ավելին՝ նման հանձնարարականը երևի թե նաև ուշացած է: Սակայն այստեղ արտառոցն այն է, որ ջրահեռացման համակարգի պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է, ու փաստացի ստացվում է, որ վարչական շրջանների ղեկավարները մտնելու են «ուրիշի դաշտ»:
Շատ ավելի տարօրինակ է, որ այս ամբողջ ընթացքում նույն «Վեոլիա ջուր» ընկերությունից որևէ պարզաբանում, որևէ «արդարացում» չհնչեց, կարծես այդպես էլ պետք է լիներ: Այնինչ, նման վիճակը Երևանի համար արդեն վաղուց նորություն չէ, ավելին, «Վեոլիա ջուր» ընկերության պատճառով տարիներ շարունակ դարձել է «ավանդույթ»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2023 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է մոտ 11 մլրդ 352 մլն դոլար։ Ինչպես ցույց են տալիս Ֆինանսների նախարարության տվյալները, այս տարի՝ ապրիլի 30-ի դրությամբ, պետական պարտքը հատեց 12 միլիարդ դոլարի շեմը՝ դառնալով 12 մլրդ 70 մլն դոլար։
Սա ռեկորդային թիվ է, սակայն վատ առումով ռեկորդային. այն ողբալի ցուցանիշ է Հայաստանի Հանրապետության համար։
ՎԶԵԲ տարեկան հանդիպման, գործարար համաժողովի եւ ֆորումի ընթացքում, երբ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, հայտարարեց, որ Հայաստանը գրանցել է 30% տնտեսական աճ։ Ըստ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի՝ այս երեւույթը տնտեսության մեջ անվանում են «փրփուր», եւ «փրփուրների» ավելացմամբ տնտեսական աճով հպարտանալ պետք չէ։
Ստացվում է, որ փրփուրներից կախված Նիկոլ Փաշինյանը, որը նախկիններին մեղադրում էր պետական պարտքի հաշվին հարստանալու մեջ, այսօր ե՛ւ մասնատում է Հայաստանը, ե՛ւ կուտակել է ահռելի պետական պարտք ու շարունակում է կուտակել՝ միաժամանակ հարստացնելով թիմակիցերին:
Հարկ է նշել, որ ֆինանսների նախարարության ներկայացրած վերջին տվյալների համաձայն՝ 2020 թվականի կեսերից Հայաստանի ՀՆԱ-ն կայուն անկում է գրանցում, եւ, ըստ տնտեսագետների, Հայաստանի տնտեսական աճի դինամիկան պահում են միայն առեւտուրը եւ առեւտրաշրջանառությունը, որի դադարը ճակատագրական կլինի Հայաստանի համար։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երկու օր է՝ Կիրանցում մարզային ուժային կառույցների ղեկավարների եւ մարզպետարանի աշխատակիցների միջոցով իշխանությունը բացատրական աշխատանքներ է տանում գյուղացիների հետ, համոզում, որ ստորագրեն փոխհատուցման առաջարկով փաստաթղթերը: Իսկ ովքեր ընդունել են, համոզում են, որ իրենք ձեռնամուխ լինեն մերժողներին համոզելուն։ Գյուղացիները պատմեցին, որ կիրանցեցիներին իրենց տներից դուրս գալ համոզողներից ամենաակտիվը վարչական ղեկավար Կամո Շահինյանի որդին ու եղբորորդին են Մարդկանց տողատակերով սպառնում են՝ եթե չհամաձայնեն՝ չստորագրեն փոխհատուցման թղթերը, միեւնույն է` իրենց սեփականությունը կճանաչվի հանրային գերակա շահ։
Երեկ գույքագրվել էր ընդհանուր 54 գույք՝ 38 սեփականատիրոջով։ Գյուղացիները նախօրեին, մինչեւ ուշ գիշեր եւ երեկ ողջ օրը գյուղապետարան են ելումուտ արել: Բայց նրանց փոխհատուցման հստակ չափ չի ասվել: Տների համար բանավոր հնչում է 16 մլն դրամից ավելի՝ կախված գույքից, իսկ հողատարածքների համար հստակություն դեռ չկա։ Կիրանցեցիները հույժ գաղտնապահություն են դրսեւորում՝ չեն ասում, թե քանիսն են համաձայնել փոխհատուցման առաջարկին, քանիսն են դեմ:
Համայնքապետարանի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ երեկվա դրությամբ 5 անձ համաձայնել է, որոնց թվում կան նաեւ մարդիկ, ովքեր Կիրանցում չեն ապրում` ինչ-որ սեփականություն ունեն: Նրանք եկել են գյուղ, ընդունել փոխհատուցման առաջարկն ու կրկին հեռացել։ Գյուղում նաեւ ժամանակավոր ապաստարաններ են կառուցվում, քանի որ վերջնաժամկետ է տրված մինչեւ հունիսի 24-ը, եւ մինչ այդ 2 տան բնակիչներ պետք է լքեն տները, որոնք անցնում են Ադրբեջանին: Բացի այդ 2 տնից, նաեւ 3 դոմիկ, 1 լցակայան են անցնելու, 5-6 տուն էլ անմիջապես հայտնվելու է սահմանագծին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում