Ջրհեղեղների հետևանքով կա հաստատված 4 զոհ, 429 բնակիչ տարհանվել է

Ջրհեղեղների հետևանքով կա հաստատված 4 զոհ, 429 բնակիչ տարհանվել է

Լոռիում և Տավուշում ջրհեղեղների հետևանքով կա հաստատված չորս զոհ։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

«Անհետ կորած անձանցից մեկի դին հայտնաբերվել է քիչ առաջ։ Կարող ենք ասել, որ աղետի հետևանքով  չորս զոհ ունենք»,- ասել է Սանոսյանը։

Նախարարի խոսքով՝  փլվել է ընդհանուր առմամբ 17 կամուրջ․

«Դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց դրանցից առնվազն 5-6-ը բավականին խոշոր են։ Մեծ ջանք ու ժամանակ կպահանջվի դրանց վերականգնման համար»,-նշել է  Սանոսյանը։

Աղետի գոտուց, ըստ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանի, տարհանվել է 429 անձ։

«Նրանցից երկուսը հղիներ են։ Բնակիչների մեծ մասը հարազատների տներում են, հրաժարվել են մեր աջակցությունից»,-լրագրողներին ասել է Ցուցուլյանը։

Սանահին բնակավայրում, ըստ նրա, ճոպանով կապ են ստեղծել, սնունդ հասցրել մեկուսացված բնակավայրում գտնվողներին, իսկ անհրաժեշտության դեպքում բնակչությունը կտարհանվի։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ի՝ լույս 26-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևների հետեւանքով հուներից դուրս են եկել Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերը, քանդել միջպետական ճանապարհի տաբեր հատվածներ, բազմաթիվ կամուրջներ, ջրով են ծածկվել բազմաթիվ շենքերի առաջին հարկեր, սեփական տներ, խանութներ,  ջրի տակ հայտնվել մեքենաներ։  Աղետի հետևանքով Լոռու և Տավուշի  մարզերի մի շարք բնակավայրեր առ այս պահը կտրված են արտաքին աշխարհից՝ չկա ճանապարհ, բջջային ու ինտերնետ կապ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում