Աղետի գոտում վերականգնվել է բջջային կապը

Աղետի գոտում վերականգնվել է բջջային կապը

Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը հայտնում է, որ աղետի գոտում, մասնավորապես Ալավերդի քաղաքում, ամբողջովին վերականգնվել է բջջային կապը, որ վնասվել էր Դեբետ գետի վարարման հետևանքով։

«Տեղեկացնում եմ, որ աղետի գոտում, մասնավորապես Ալավերդի քաղաքում, ամբողջովին վերականգնվել է բջջային կապը։ Օպտիկական կապուղիների վնասման արդյունքում երեկ չգործող բոլոր բջջային կայաններն այժմ գործում են անխափան։

Քաղաքի զգալի հատվածում գործում են նաև ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի և հեռուսատեսության ծառայությունները, սակայն, քանի որ, Team Telecom Armenia-ի կապի ենթակառուցվածքները ստորգետնյա են, դրանք զգալի վնաս են կրել փլուզումների և սողանքների արդյունքում և առավել երկար ժամանակ է պահանջվում դրանց վերականգնման համար։ Կայծակի և էլեկտրական լարման տատանումների հետևանքով վնասվել են նաև բաժանորդային բազմաթիվ սարքեր, որոնց փոխարինումը, մեծ քանակի պատճառով, հնարավոր չէ իրականացնել կարճ ժամանակահատվածում։

Այս օրերին մեր տեխնիկական թիմը շուրջօրյա ռեժիմով աշխատում է աղետի գոտում, անելով հնարավոր առավելագույնը՝ կապի ծառայություններն արագ վերականգնելու համար»,-փոխանցում է Եսայանը։

Հիշեցնենք նաև, որ Դեբետ գետի վարարումների արդյունքում, բացի բազմաթիվ ավերածություններից, զոհվել է նաև 3 քաղաքացի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում