Իրավապահ համակարգը համակրում է Բագրատ Սրբազանին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ սրբազանի թելադրած օրակարգի մեջ եւ խաղում է սրբազանի թելադրած կանոններով․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին օրերին տարբեր կալիբրի պաշտոնյաներ կամուրջներ են փնտրում՝ Բագրատ սրբազանի հետ հարաբերություններ հաստատելու, նաեւ իրենց համակրանքը եւ աջակցության պատրաստակամությունը նրան փոխանցելու համար։ Կան տեղեկություններ, որ հատկապես իրավապահ համակարգում, անգամ ԱԱԾ տարբեր օղակներում «դոշ են թափ տալիս» Նիկոլ Փաշինյանից եւ ուշի-ուշով հետեւում են հակաիշխանական շարժման ընթացքին եւ անհամբեր սպասում նրա հաջողություններին։ Թվում է, թե շարժումը լայնածավալ չէ, եւ իշխանությունն էլ շարունակ խոսում է դրա մարելու մասին, բայց բանն այն է, որ իշխանության դիրքերը խիստ խարխլված են` անկախ շարժման թափից, եւ այն հազիվ երերում է` ամեն մի հուժկու հարվածից ընկնելու պատրաստ:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 1 տոննա կոկաինի գործով ԱԺ նախկին պատգամավորի ընկերության կալանավորված բոլոր աշխատակիցները ազատ են արձակվել:
Նկատելի է, որ առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով ուշագրավ զարգացումներ են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ քրեական գործով կալանավորվածների տնային կալանքի ժամկետը լրացել է, եւ աղմկահարույց գործով բոլոր կալանավորվածները ազատ են արձակվել:
Ավելին՝ լրացել է նաեւ բացահայտման մեկ տարին, բայց նախաքննությունը շարունակվում է։ Գրել էինք, որ դեռեւս մեկ տարի առաջ ԱԱԾ-ի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել քննության շրջանակում կոկաինի ծագման, շրջանառության եւ այլ հարցերի վերաբերյալ, սակայն այդպես էլ պատասխանները չեն ստացվել կամ ցանկալի պատասխանները չկան:
Ուժայինները մինչ օրս սպասում են կոնկրետ պատասխանների։ Նշենք, որ այս գործով կալանավորվածները ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող ընկերության աշխատակիցներն էին, որոնցից մեկը կին է։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ.-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը. նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Հավելենք, որ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լեւոն Աթաջանյանն է»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանում 2023-ի բյուջեի կատարման՝ մարդու իրավունքների պաշտպանի հաշվետվությունը ՔՊ-ն վերածեց սրբազան պայքարի դեմ արշավի։ Մարդիկ, որոնք իշխանության են եկել դագաղներով ու սեւ ժապավեններով, 6 տարում տառապանք ու ցավ պատճառել հազարավոր ընտանիքների, մարդիկ, որոնք մուրճով, հայհոյանքով, ատելության խոսքով, ԱԺ-ում ծեծելով, քրեական գործերով լռեցրել են քաղաքական ընդդիմախոսներին, հանրությանը բաժանել սեւ ու սպիտակի, Հայաստանը վերածել ոստիկանապետության, երեկ խոսում էին փողոց ելած մարդկանց կողմից ատելության եւ անհանդուրժողականության քարոզի մասին։ Ասում են՝ գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին: ՔՊ-ականները փորձում էին ներկայացնել, թե իրենք հալածյալ են, իսկ «քաղաքացի Վազգեն Գալստանյանի» առաջնորդած շարժումը՝ խաչակրաց արշավանք։
ՀՀ քաղաքացիների իրավունքներն ամեն օր ցինիզմով եւ սադիզմով ոտնահարող իշխանությունը` հրահանգված, ՄԻՊ զեկույցը վերածեց ընդդիմության եւ դժգոհ զանգվածի հասցեին լուտանքներ թափելու պրոցեսի, իսկ նրանց հռետորական հարցադրումներին, որոնք պատասխան, ըստ էության, չէին էլ պահանջում, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, ում ՆԻՊ են ասում` Նիկոլի իրավունքների պաշտպան, իրեն բնորոշ վերացական, մանվածապատ պատասխաններ էր տալիս՝ թելելով իշխանության ասեղը եւ բառ անգամ չարտաբերելով ոստիկանության վայրագությունների եւ այն մասին, որ իշխանությունն է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ ձեւավորել երկրում, թիրախավորել քաղաքական ընդդիմախոսներին, որ երկրում քաղբանտարկյալներ կան եւ այլն։
Հայտնի Ժոկոյի` Տեր-Պետրոսյանի տարիների նախարար Գեւորգ Վարդանյանի դուստրը` Ծովինար Վարդանյանը, խիստ հուզված ձայնով Մանասյանին հարցնում էր՝ նորմա՞լ է, որ շարժման ղեկավարությունը քաղաքացիներին է թիրախավորում։ «Խոսքս հյուրանոցի դեպքի մասին է: Քաղաքացին հետագայում դիմել է ոստիկանություն, դատարան է դիմել, իրեն փոխհատուցում են տվել, բայց ո՞վ է կրելու պատասխանատվությունը»: Խոսքը սրբազանի հյուրանոցային սենյակում գաղտնալսման սարք տեղադրող կնոջ մասին է, ով դռելով առաստաղն էր փորձել ծակել։ Տիկնոջ մյուս մտահոգությունը ոստիկաններն էին, որոնց իրավունքներն էր փորձում պաշտպանել պատգամավորը. «Ցուցարարներից ոմանք բռնություն են կիրառում ոստիկանների նկատմամբ, նրանց նաեւ տելեգրամյան ալիքներում թիրախավորում են՝ անձնական տվյալները դնելով ու կոչ անելով մարդկանց թիրախավորել: Կուզենայի սա նաեւ հաղորդում համարեին իրավապահ մարմինները»: Մանասյանն ասաց, որ քաղաքական դաշտը պիտի հնարավորինս զերծ լինի ատելության ու թշնամանքի խոսքից, իսկ այսօր խտրական կամ ատելության խոսքը, ըստ նրա, շատ է: Ինչ վերաբերում է գաղտնալսող սարքերի տեղադրման դեպքին, Մանասյանն ասաց, որ այդ մասին որեւէ դիմում չի ստացել:
Հաջորդ հուզվածը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էր, ով կարծում է, թե կարիք կա Քրեական օրենսգիրքը խստացնելու․ «Մենք պետք է ծնողների գործունեությամբ պայմանավորված՝ երեխաների թիրախավորման համար քրեական պատասխանատվություն սահմանենք, առանց որեւէ մեղմացուցիչ հանգամանքների»։
Հիշեցնենք․ սա այն անձն է, ով ԱԺ-ում սպառնում էր Էդգար Ղազարյանի ականջները կտրել: Ինչ վերաբերում է երեխաներին թիրախավորելուն, ապա ՔՊ-ականները, հավանաբար, մոռացել են, թե ինչպես էին 2018-ին տարածում Էդուարդ Շարմազանովի, Արմեն Աշոտյանի եւ այլոց մեծացրած լուսանկարները` սեւ շրջանակների մեջ, դագաղներով գնում նրանց տների մոտ, նրանց երեխաներին ու ծնողներին թիրախավորում. Շարմազանովի դստեր նամակն անգամ ծաղրուծանակի էին ենթարկում, հազարավոր հայհոյական քոմենթներ գրում: Վերջին շրջանում էլ Լեւոն Քոչարյանն է նրանց գլխավոր թիրախներից մեկը, ում թիրախավորում են հենց միայն այն պատճառով, որ նա Ռոբերտ Քոչարյանի որդին է: ԲԴԽ-ն անգամ, որը չեզոք մարմին է, ԱԺ-ում տեղի ունեցած մի միջադեպի պատճառով թիրախավորված հայտարարություն տարածեց Արթուր Սուքոյանի հոր` նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանի մասին: Այնպես որ, ծնողների կամ զավակների համար մարդկանց թիրախավորելը հենց ՔՊ-ին բնորոշ գիծ է: Մանասյանը պատասխանեց, որ քաղաքական գործիչների ընտանիքի անդամները սովորաբար դառնում են թիրախի առարկա:
Բայց ՔՊ-ն միայն իշխանությունների շահերի պաշտպանությամբ է զբաղված. պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, օրինակ, հայտարարեց. «7 պորտով նզովելու կանոնն է երեւի իրենց ստիպում դա անել, բայց ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ է գնում ընտանիքի թիրախավորումը, ասում են՝ գտնել, թքել դեմքին, չկնքել, ասում են՝ դեռ մի օր պիտի գաք եկեղեցի եւ այլն»։ Եվ առաջարկեց, որ չարժե զգույշ լինել. «Պետք է ընտանիքը պաշտպանել հանրությունից»:
ՔՊ-ական տրամաբանությամբ՝ նորմալ է, երբ ոստիկանը գազանաբար ծեծում է իրենց սահմանադրական իրավունքն իրացնող` ակցիա անող անզեն մարդկանց, իսկ երբ մարդիկ փորձում են ամոթանք տալ գազանացած ոստիկաններին, պետք է պատժվեն։ Իսկ Անահիտ Մանասյանը, լսելով այս անհեթեթությունները, ոչ միայն չէր փորձում հակադրվել դրանց, գոնե արտաքուստ չեզոքություն պահպանել, այլ ամեն պատասխանով ապացուցում էր իր ՆԻՊ լինելը: ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանն էլ պարզապես սուտ տեղեկություն տարածեց՝ ասելով, թե «քաղաքացի Վազգեն Գալստանյանն» անձամբ է հովանավորել թիրախավորումը, իբր միտինգի ժամանակ ոստիկանների, նրանց ընտանիքների նկարներն է հրապարակել եւ հեռախոսահամարները, մինչդեռ սրբազանն անձամբ հորդորել է՝ ընտանիքի անդամների նկարներ չտարածել, միայն ոստիկաններինը։ Սա էլ, հավանաբար, շփոթեցին 2018-ի հետ, երբ հանրահավաքներում հրապարակում էին ՀՀԿ-ականների անձնական համարները եւ կոչ անում` զանգել, ճնշում գործադրել, որ գան ԱԺ-ում Փաշինյանին ընտրեն: Մանասյանը պատասխանեց, թե արտաքին հատկանիշների հիմքով թիրախավորումը ՀՀ-ում ամենատարածվածներից է, դա սկսում է մարդկանց համար դառնալ օրինակելի վարքագիծ: Ինչ վերաբերում է լուսանկար հրապարակելուն, ապա դա համարվում է անձնական տվյալ` հրապարակել չի կարելի: Բայց Հայաստանում անգամ սեռական բռնության զոհ դարձած երեխայի լուսանկար է հրապարակվել, որն անհամեմատ ավելի խնդրահարույց է:
Քննարկմանը, չգիտես ինչու, ընդդիմությունից ներկայացուցիչ չկար: Այդ դերը ստանձնեց Արսեն Թորոսյանը` հետաքրքրվելով ԱՄՆ պետդեպի զեկույցում տեղ գտած խոշտանգումների փաստով. «Ինձ թվում էր՝ անցել ենք այդ էտապը, ու խոշտանգումները չպետք է տեղ ունենան ոստիկանությունում, բայց փաստացի նման դեպքեր արձանագրվում են: Մի կոնկրետ դեպք ասեմ՝ ի՞նչ եք արել: Անցյալ տարի Տիգրան Առաքելյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով հարց բարձրացրեց, որ իրեն խոշտանգել են անձնապես ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը եւ Երեւանի քննչական վարչության նախագահը՝ Երեւանի ՔԿ պետի կաբինետում: Ես հանրային դաշտում չեմ տեսնում ո՛չ մեղադրյալ, ո՛չ դատարան ուղարկված գործ… Եթե այս ամեն ինչը մտացածին հերյուրանք է, ուրեմն դրան էլ պետք է արձագանք տալ, եթե մարդուն անհարկի մեղադրում են, որ իմ գլխին ոտդ դրել ես ու ցուցմունքներ ես փորձել կորզել, այդ թվում` նշվում էին ԱԱԾ պետի, գլխավոր դատախազի անունները: Սա պետք է ունենա արձագանք՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ իրավական, սա չի կարող հանդուրժվել մեր իշխանության կողմից»: Մանասյանը նշեց, որ իրենք զեկույցում արձանագրել են խոշտանգման դեպքերը, իրենք էլ են նշել, որ խոշտանգումների քննության տեսանկյունից ունենք խնդիր երկրում: Եթե նույնիսկ քաղաքացին հետ է վերցնում բողոքը, պետությունը պետք է նման գործը քննի մինչեւ վերջ:
ՀԳ․ Քննարկումից հետո Մանասյանը մի անհոդաբաշխ բացատրություն տվեց, թե ինչու Վեհափառի հետ կատարված դեպքին գնահատական չի հնչեցրել՝ ասելով, որ անհրաժեշտություն է տեսնում խոսել եկեղեցու հետ՝ հասկանալու իրավիճակը։ «Այն, որ Հայ առաքելական եկեղեցու պատմական դերակատարումը մեր Սահմանադրությունը, ըստ էության, ինքնին ամրագրել է, եւ շատ կարեւոր է, որ պետության եւ եկեղեցու փոխհարաբերությունները ներդաշնակ լինեն, կարծում եմ՝ այդ ներդաշնակությունը խաթարված է: Մենք դա բոլորս տեսնում ենք. չտեսնել այդ ամենը՝ չի կարելի»,- ասաց նա` պատրաստակամություն հայտնելով միջնորդ դառնալ խաթարված հարաբերությունների վերականգնման հարցում: Պարզվեց նաեւ, որ ՄԻՊ-ը հարկ չի համարում զբաղվել կիրանցեցիների սեփականության իրավունքի խնդրով: Մենք հարցրինք՝ չի՞ հետաքրքրվել, թե ինչպես կարող էին կադաստրի ապօրինի վկայականներ տալ մարդկանց` վերջերս արդարադատության նախարարությունը հայտարարեց, որ սեփականության վկայականներն ապօրինի են տրվել, սակայն ՄԻՊ-ը վրդովվեց հարցից եւ ասաց, որ ինքն այդ հանգամանքներին տեղեկացված չէ․ «Իրականում, եթե մենք այդքան լայն սկսենք խնդիրներն ուսումնասիրել, բոլոր քաղաքացիների խնդիրները, հետեւաբար, այդքան լայն պետք է ուսումնասիրենք։ Մենք ընտրում ենք մանդատին վերաբերելի խնդիրները, այս պահին համարել ենք, որ մեր մանդատին վերաբերելի խնդիրները փոխհատուցման խնդիրներն են»: Իսկ երբ հարց տվեցինք Բաքվում պահվող գերիների մասին, ՄԻՊ տիկինը առհասարակ որոշեց, որ չի պատասխանելու մեր հարցերին, որովհետեւ «շատ հարցեր եմ տվել»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Երեւան քաղաքի դատարանը ծանուցում է ուղարկելու ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին, ինչպես նաեւ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանին, որպեսզի վերջիններս ներկայանան դատարան ու հարցաքննվեն։
Իսկ ի՞նչ քրեական վարույթով նրանք պետք է ներկայանան դատարան։
2023 թվականին ArmԼur.am-ը գրել էր, որ ԱԱԾ է հրավիրվել եւ հարցաքննվել ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Մեզ հասած լուրերի համաձայն՝ նրան ԱԱԾ էին հրավիրել ու հարցաքննել Արցախի պաշտպանության բանակի պահեստազորի գնդապետ, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմում անվտանգության վարչության պետի տեղակալ գնդապետ Նորայր Ասլանյանի դեմ հարուցված քրեական գործով:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Հրանտ Մարգարյանի եւ կալանքի տակ գտնվող Արցախի գնդապետ Նորայր Ասլանյանի ցուցմունքների մեջ հակասություններ են եղել, ինչը ենթադրում էր, որ Հրանտ Մարգարյանն ու Նորայր Ասլանյանը պետք է առերեսվեին։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր նաեւ, որ նույն քրեական գործով Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը եւս հրավիրվել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ հարցաքննվել էր։
Հավելենք, որ Ասլանյանին մեղադրում են հրազենի եւ ռազմամթերքի ենթադրյալ ապօրինի շրջանառության համար»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ն ամբողջովին մտել է Բագրատ սրբազանի թելադրած օրակարգի մեջ եւ խաղում է սրբազանի թելադրած կանոններով։ Երեկ անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՔՊ-ականները ստանձնել էին ոստիկանների պաշտպանի դերը, նրանք ՄԻՊ Անահիտ Մանասյանին էլ մղեցին, որպեսզի նա ոստիկանների եւ նրանց ընտանիքների իբր թե խախտված իրավունքների, նրանց թիրախավորվելու, ցուցարարների կողմից ոստիկաններին ծեծելու մասին դատապարտող հայտարարություններով հանդես գա։
ՔՊ-ում անհանգստացել եւ խիստ հուզվել էին նախորդ օրը Բագրատ սրբազանի եւ շարժման աջակիցների հաղթանակից՝ ընդդեմ Վահե Ղազարյանի եւ նրա ղեկավարած ոստիկանական «բանդայի», որոնք դարձել են Նիկոլ Փաշինյանի իշխանության պահապանները։ Եվ որոշել էին դուխ տալ ոստիկաններին, հանդես գալ նրանց շահերի պաշտպանության դիրքերից՝ ըստ էության հենց բերետավորներին մղելով նոր, ավելի դաժան վայրագությունների։ Ի դեպ, նկատենք, որ երեկ կառավարության դիմաց ընթացող ակցիաների ժամանակ ոստիկաններն իրենց անհամեմատ զուսպ էին պահում եւ տեղ-տեղ անգամ ընկրկեցին սրբազանի պահանջների առաջ:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում