Տնտեսական պատերազմ սկսելու դեպքում հետևանքները ծանր են լինելու․ Չինաստանը նախազգուշացնում է ԵՄ-ին
Նմանատիպ
Չինաստանի իշխանությունները նամակ են հղել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսին՝ նախազգուշացնելով, որ եթե ԵՄ-ն առևտրային պատերազմ սկսի Չինաստանի դեմ՝ բարձրացնելով չինական ապրանքների տուրքերը, ապա այդ քայլն անպատասխան չի մնալու։
Ինչպես փոխանցում է Politico-ն, Չինաստանը զգուշացրել է, որ ոչ բարեկամական քայլերը շարունակելու դեպքում հետևանքները ԵՄ-ի համար ծանր են լինելու։ «ՉԻնաստանը, նախ և առաջ, դիտարկելու է Եվրոպայից ներմուծվող գյուղատնտեսական նշանակության ապրանքների և ավիացիոն տեխնիկայի մաքսատուրքերի բարձրացման հարցը»,-նամակից մեջբերում է անում Politico-ն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ ԵՄ-ն պատասխան նամակն է պատրաստում։
Ավելի վաղ Եվրոպական միությունը հանդես էր եկել չինական արտադրության քամու տուրբինների հետ կապված հետաքննություն սկսելու մասին հայտարարությամբ։ Եվրոպական կողմը կասկածներ ունի, որ պետական սուբսիդիաներ են ներգրավվել արտադրության մեջ։ Դրանից առաջ ԵՄ-ն նմանատիպ քայլեր է ձեռնարկել Չինաստանից ներմուծված ավտոմեքենաների ու ֆոտոէլեկտրական սարքավորումների նկատմամբ։ Ի պատասխան՝ չինական իշխանությունները նշել են, որ եվրոպական կողմի գործողությունները հանգեցնելու են բացասական հետևանքների և դրանից տուժելու են առաջին հերթին Չինաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում