Գյումրիում երեկվանից աժիոտաժ է, պատրաստվում են դիմավորել Բագրատ Սրբազանին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են: Մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ինչպես հայտնի է, օրեր առաջ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակ է առաջացել։ ՀՀ կառավարության որոշմամբ մի շարք համայնքներ հայտարարվել են «աղետի գոտի»: «Փաստ» թերթի տեղեկություններով, աղետի առաջին իսկ ժամերին տարբեր պաշտոնական խողովակներով Հայաստանին օգնության առաջարկ է արվել Ռուսաստանի Դաշնությունից: Ավելին, նախ՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով, որ հայկական կողմից դիմելու դեպքում ՌԴ ԶՈՒ միջոցները և ուժերը 102-րդ ռազմաբազայից անհապաղ կուղարկվեն տարերային աղետի գոտիներ:
Ապա և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին ջրհեղեղից տուժած տարածքների վերականգնման հարցում: Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Հայաստանը մերժել է այնպիսի աջակցությունը, որը կարող է ենթադրել ռուսական կողմի անմիջական ներկայություն աղետի գոտում: Մեր տեղեկություններով, Ռուսաստանում ՀՀ դեսպանը, ՀՀ ԱԳՆ-ի հետ խորհրդակցելով, ռուս գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանն ինքը գլուխ կհանի և Ռուսաստանի օգնության կարիքը չի զգում:
Ռուսական որոշ փորձագետներ երեկ արդեն կարծիք էին հայտնում, որ նման մերժումը պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի հետ Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությամբ, այլև այն հանգամանքով, որ Հայաստանում գործող ամերիկյան բիոլաբորատորիաներից առնվազն մեկը գտնվում է աղետի գոտում և զգալի վնասներ է կրել: Ուստի, ըստ փորձագետների, ամերիկացիների համար ցանկալի չէր լինի, որ ռուսները այդ հատվածում հայտնվեն:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխող ՔՊ խմբակցության ներսում շատ հարցերում հակասությունները գնալով խորանում են: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մայիսի 28-ին Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը նոր կրքեր է բորբոքել իշխող ֆրակցիայի ներսում: Նրանցից շատերը թե’ առանձին զրույցներում, թե’ նիստերի ժամանակ իրենց դժգոհությունն են հայտնել ու հասկացրել են՝ Վեհափառի մուտքը խոչընդոտելն իսկապես անթույլատրելի էր ու, ըստ էության, քայլ էր Եկեղեցու դեմ:
Չնայած ՔՊ «վերնախավի» արդարացումներին, թե՝ ոստիկաններն ընդամենը որոշ պարզաբանումներ ստանալու նպատակով են կանգնեցրել Վեհափառին, ՔՊ-ական պատգամավորների մեծ մասը ցույց է տվել, որ հաշտ չէ այդ միջադեպի հետ եւ դա համարում է քայլ՝ ընդդեմ Հայոց եկեղեցու: Սակայն, մեծ մասամբ նրանք այս մասին խոսում են մտերմիկ զրույցներում, իսկ հրապարակավ՝ 180 աստիճանով տարբեր բաներ են ասում:»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սրբազան շարժման ակտիվիստները նկատել են, որ վերջին օրերին իշխանության գործուղած սադրիչներ են հայտնվում իրենց մեջ եւ փորձում խժդժություններ գցել՝ սրբազանի ելույթի ժամանակ ռեպլիկներ արձակել, թե՝ «տար կտրուկ գործողությունների, գնանք շենքեր գրավենք, դռներ ջարդենք, թե չէ ֆանարիկներով զբոսանք է դառնում»։ Այդ «սադրիչներին» արդեն դեմքով ճանաչում են։ Նրանք փորձում են պայքարողների մեջ կասկած գցել, ներշնչել, որ այս շարժումից էլ բան դուրս չի գա, եթե չգնան ջարդելու։ Շարժման ակտիվի նկատմամբ իշխանությունը նաեւ հատուկ հսկողություն է սահմանել: Պատմեցին, որ ոմանց տների մոտ, բակերում ինչ-որ մեքենաներ են առավոտից երեկո կայանված, ներսում` մարդիկ, որոնք ողջ օրը հսկում են տարածքի անցուդարձը՝ չթաքնվելով եւ փորձելով հոգեբանական ճնշում գործադրել ակտիվի վրա։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Երեկ դատավոր Հարություն Մանուկյանը պետք է հրապարակեր ՀՀ նախկին ոստիկանապետ Լեւոն Երանոսյանի գործով վճիռը, սակայն այն հետաձգվել է եւ կհրապարակվի հունիսի 3-ին։ Պարզվում է՝ այս վճռից առաջ ԲԴԽ-ն, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտի պատրաստած ֆիլմի հիման վրա, դատավոր Հարություն Մանուկյանի վերաբերյալ կարգապահական վարույթ էր հարուցել ու օրեր առաջ կարգապահական վարույթը կարճել է, ու չի բացառվում, որ վարույթի կարճմամբ իշխանությունները ակնկալում են նախկին պաշտոնյաների մասով իրենց համար ցանկալի որոշումներ ստանալ դատավորներից. ուստի չի բացառվում՝ Լեւոն Երանոսյանի մասով խիստ ու ծանր որոշում լինի։ Դատական համակարգում վստահ են՝ 8-9 տարվա ազատազրկումն անխուսափելի է։
Հիշեցնենք, որ 2018 թվականի «հեղափոխության» օրերին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակ կիրառելու առիթով հարուցված քրեական գործով է նա մեղադրյալի աթոռին: Օրեր առաջ Երանոսյանն իր վերջին խոսքն ասաց դատարանում։ Մեղադրող դատախազը պահանջել է 11 տարվա ազատազրկում։ Դատավոր Հարություն Մանուկյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լեւոն Երանոսյանը մեղադրվում է հեղափոխության օրերին ոստիկանության կողմից հատուկ միջոցներ կիրառելու ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ, դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից եւ էականորեն վնասել են քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը, ինչպես նաեւ անզգուշությամբ առաջացրել են ծանր հետեւանքներ։
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը, վկայակոչելով Երանոսյանի ցուցմունքը, փոխանցել էր՝ հեղափոխության օրերին Երեւանի թե՛ Բաղրամյան պողոտայում, թե՛ Արցախի փողոցում ստեղծված իրադրությունն այնպիսին էր, որ կային հատուկ միջոցներ կիրառելու պայմաններ, հիմքեր, եւ այդ միջոցները կիրառվել են։ Հավելենք, որ նույնպիսի միջոցներ կիրառվել են ներկա իշխանության օրոք նաեւ անցած տարի սեպտեմբեին՝ կառավարության դիմաց, սակայն որեւէ պատիժ ու քրգործ չկա։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Այն, որ օրվա իշխանությունների հանդեպ տածած ատելության զոհ են դառնում շարքային ոստիկանները, փաստորեն, դրսեւորվում է ոչ միայն բախումների ժամանակ, այլեւ խաղաղ իրավիճակներում։ Երեկ առավոտից ոստիկանները շրջապատել էին պետական շենքերն ու շինությունները, որպեսզի Բագրատ սրբազանն ու ցուցարարները չկարողանան մուտք գործել, սակայն շենքերը շրջափակած ոստիկաններին չէին աջակցում նաեւ այդ շենքերից։
Երեկ նմանատիպ շենքերից մեկի հավաքարարը (անունը չենք գրում՝ տիկնոջը հարվածի տակ չդնելու համար) միայնակ կարողացավ շարքից հանել տասնյակ ոստիկանների։ Կինը, մաքրելով համապատասխան զուգարանը, լեգիտիմ պահանջ ներկայացրեց ոստիկաններին. «Ոչ մի ոստիկան չի մտնելու այս զուգարան»: Ապա ձեռքերը խաչեց ու կանգնեց շենքի մուտքի մոտ, որպեսզի ոչ մի ոստիկան չմտնի շենք։ Բնական պահանջը բավարարելու համար ոստիկանները ստիպված էին գնալ անհայտ ուղղություններով։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Գյումրիում երեկվանից աժիոտաժ է: Ինչպես արդեն հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանը եւ նրա աջակիցները ավտոերթով գնալու են դեպի Գյումրի, որտեղ միջոցառում եւ արդեն երեկոյան հանրահավաք է սպասվում: Հանրահավաքը տեղի կունենա Գյումրիի Թատերական հրապարակում՝ 18:00-ին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գյումրիում Բագրատ Սրբազանի գալուն ընդառաջ՝ երեկվանից ակտիվ մթնոլորտ է, քաղաքացիները պատրասվում են նրան դիմավորելուն:
Տեղեկացանք, որ մի խումբ գյումրեցիներ պատրաստվում են Սրբազանին եւ նրա աջակիցներին դիմավորել: Այնտեղ է լինելու նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, որը եւս ընդառաջ է գալու Բագրատ Սրբազանին: Ինչպես մեր աղբյուրներն են հայտնում, երեկվանից քաղաքում ոստիկանական ուժերի կուտակում է սկսվել: »։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ «Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հրահանգել է ցանկացած գնով «Իմնեմնիմի» փոդքասթի գործով մեղադրյալներ նշանակված և դատարանի կողմից ազատ արձակված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին «վերադարձնել մինչև մայիսի 21-ը եղած կարգավիճակին», այսինքն՝ կալանավորել և տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա այս ռեժիմը սպասարկող «ուժայինները» գործիքներ և հնարներ են մոգոնում «շեֆի» հրահանգը կատարելու համար։
Հարցն այն է, որ Սամսոնյանին և Սաղաթել յանին կալանքից ազատ արձակելը ավելացրել է առանց այդ էլ մեծ նյարդայնությունը ՔՊ-ի շարքերում, որոնց հոգեվիճակի վրա բացասական է անդրադառնում ոչ միայն հանրային ակտիվությունը և ծաղրը, որ ուժգնացել են Բագրատ Սրբազանի նախաձեռնած շարժման ընթացքում, այլ նաև այն, որ նախկինում ՔՊ-ի և Փաշինյանի շահերն անվերապահորեն սպասարկած մի խումբ «փորձագետներ», որ սերտ կապեր ունեն բրյուսել յան որոշ կառույցների և ամերիկյան որոշակի կազմակերպությունների հետ, արդեն ամսից ավելի է՝ փոխել են հռետորաբանությունը և իրենց բազմահազար լսարանին քարոզում են Փաշինյանի և կառավարության անպիտանության, անգրագիտության և քրոնիկ ձախողակ լինելու մասին:
Մեր տեղեկություններով, ՔՊ-ի շարքերում աճում է խուճապը, քանի որ շատերը լավ հասկանում են, որ նախկին գործընկերների կողմից հնչող, կառավարվող և համակարգված, վիրավորանքների հասնող քննադատությունը վկայում է ոչ միայն պրոեվրոպական ուժերի սեփական խաղը սկսելու մասին (ինչի մասին իրենք իսկ հայտարարում են), այլ նաև այն մասին, որ եվրոատլանտիստները շատ հստակ Հայաստանը ռուսների ծայրագավառ դարձնող արդեն համարում են հենց Նիկոլ Փաշինյանին և որևէ հույս վերջինիս հետ չեն կապում: Այս ամենի ֆոնին ՔՊ-ում օրեցօր ավելի ու ավելի են աճում շփոթն ու փոխադարձ անվստահությունը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հետևեք մեզ նաև Telegram-ում