Նիկոլ Փաշինյանի աշխատանքային օրակարգում Բաքու այց չի պլանավորվում
Նմանատիպ
Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում, այս մասին Aysor.am-ին ասաց Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի փորձագետի տարածած տեղեկությանը, թե Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին կայցելի Ադրբեջան։
Նա նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը Բաքվում կմասնակցի ՄԱԿ-ի COP29 գագաթնաժողովին։
«Փորձագետն արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի:
Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բաղդասարյանը։
Հիշեցնենք՝ Հայաստանը հայտ էր ներկայացրել՝ նստաշրջանը հյուրընկալելու համար, սակայն 2023 թվականի դեկտեմբերին ՀՀ կառավարությունից հայտարարեցին, որ հայկական կողմը հանել է իր թեկնածությունը հօգուտ Ադրբեջանի։
«Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը: Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը հույս են հայտնում, որ Արևելյան Եվրոպայի խմբի մյուս պետությունները նույնպես կաջակցեն հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին: Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածության»,- հայտարարել էին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում