Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Ս. Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների
Նմանատիպ
Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է տասներկու սուրբ վարդապետների թվում: Ս. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչային մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն:
Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), ով հռչակվել է իր նվիրումով և սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո, ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի և պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գալով կայսրին՝ արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին և չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այդ ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը ևս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում