Երևանն ու Թբիլիսին բարեկամական կապերը կընդլայնեն նաև գործակցային դաշտում

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրավերով հոկտեմբերի 24-ից 27-ն այցելել է Վրաստանի մայրաքաղաք և մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին՝ «Թբիլիսոբա»-յին: Պատվիրակության կազմում են եղել աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, արտաքին կապերի վարչության արտաքին հարաբերությունների բաժնի պետ Հարություն Հակոբյանը: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ և փոխանցելով քաղաքին ու բնակիչներին ուղղված բարեմաղթանքները՝ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար: Կարևորելով երկկողմ բարեկամական կապերը գործակցային դաշտում ընդլայնելու և զարգացնելու անհրաժեշտությունը՝ քաղաքապետի տեղակալը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետի դիրքորոշումն ու պատրասատակամությունն այս հարցում:

Դավիթ Նարմանիան իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և իր շնորհակալությունն է փոխանցել Տարոն Մարգարյանին բարեմաղթանքների համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև «Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մասին» համաձայնագրի վերակնքման հարցը, ինչպես նաև անդրադարձել Երևանի պուրակում հայ-վրացական բարեկամության խաչքարի տեղադրման հարցին:

Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումների մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագի, այնուհետ այցելել եկեղեցուն կից գործող կրթամշակութային կենտրոն, ծանոթացել ստեղծված պայմաններին և հետաքրքրվել երեխաների առօրյայի կազմակերպմամբ:

Պատվիրակությունն այցելել է նաև Խոջիվանքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել այստեղ հանգչող հայ մեծերի հիշատակին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում