ՔՊ-ն որոշել է տապալել կառավարության հրաժարականի օրակարգով հրավիրված նիստը․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ն որոշել է տապալել կառավարության հրաժարականի օրակարգով հրավիրված նիստը․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ըստ տեղեկությունների՝ ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում․, նրանք դժգոհում են, որ իրենց անընդհատ շահագործում են․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում որոշում կա՝ ընդդիմության նախաձեռնած կառավարության հրաժարականի օրակարգով նիստին քվորում չապահովելու ու նիստը տապալելու:

Այսպիսով, ինչպես արդեն հայտնել ենք, երեկ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հունիսի 11-ին կառավարության հրաժարականի եւ նոր կառավարություն ձեւավորելու օրակարգով արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ էին հանդես եկել:

ԱԺ խորհրդի նիստին, սակայն, ՔՊ-ն միաձայն մերժեց այսօր արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը:

Օրենքի ուժով՝ արտահերթ նիստը կկայանա հաջորդ երկուշաբթի՝ հունիսի 17-ին: Արդեն իսկ կա ԱԺ նախագահի կարգադրությունն այդ մասով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ԱԺ խորհրդի նիստից հետո, ՔՊ-ն խմբակցության նիստի ժամանակ եւս այս հարցը քննարկել է:

Հայկ Կոնջորյանը հայտարարել է, որ իրենց օրակարգում կառավարության հրաժարականի հարց չկա. ուստի այդ օրը չեն գնա եւ քվորում չեն ապահովի, այսինքն՝ կտապալվի նիստը:

Ընդ որում, ՔՊ-ում տարաձայնություններ այս մասով չեն էլ եղել, բոլորը միաձայն այն կարծիքին են եղել, որ ընդդիմության նախաձեռնած նիստը՝ կառավարության հրաժարականի հարցով, չպետք է կայանա, որքան մարդ ուզում է հավաքվի փողոցում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, ոստիկանության շարքերում աստիճանաբար մեծ դժգոհություն է հասունանում՝ մի քանի պատճառներով: Համակարգի մեր աղբյուրները փոխանցում են, որ նախ՝ ոստիկանները դժգոհում են, որ իրենց անընդհատ շահագործում են: Հատկապես նախորդ օրը երեկոյան ու ամբողջ գիշեր ոտքի վրա անցկացնելուց և հյուծվելուց հետո երեկ ոչ բոլորն են պատրաստակամ եղել դուրս գալ ծառայությանը:

Տհաճ վիճակում չհայտնվելու համար, մեր տեղեկություններով, փորձ է արվել էլի ոստիկաններ ներգրավել մարզերից, սակայն դա էլ իշխանությունների սրտով չէ, որովհետև նախ՝ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ գործ ունեն մարզայի ոստիկանները Երևանի անհնազանդության ակցիաների ժամանակ, երկրորդ՝ այդ պարագայում մարզերում ընդհանրապես ոստիկան չի մնա: Մյուս դժգոհությունը, մեր տեղեկություններով, վերաբերում է նրան, որ առանձին ոստիկանների, հատկապես բերետավորների պատճառով վարկաբեկվում է ողջ ոստիկանությունն, ու հասարակության զայրույթը տարածվում է բոլորի վրա:

Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները «հարցի լուծումը», կարծես թե, կրկին գտել են պարգևավճարներ խոստանալու տեսքով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մայիսի 1-ից մինչ օրս հարկատուների միջոցներից սնվող Հանրային հեռուստաընկերությունը 37 պետական գնում է կատարել եւ բոլորը՝ 1 անձից ուղիղ գնման ընթացակարգով, առանց մրցույթի։ Այսինքն, Հ1-ի տնօրինությունը՝ Հովհաննես Մովսիսյանի գլխավորությամբ, մրցույթ չի հայտարարել, այլ ումից ինչ գնով ցանկացել` գնել են, մեկ է` փողը հո իրենց գրպանից չեն վճարում, ի՞նչ կարիք կա հարկատուների գումարները խնայելու։ Իսկ գնումները տարբեր բնույթի են․ մաստիկայից մինչեւ նվագախմբի ծառայություններ, սննդամթերքի ձեռքբերում եւ այլն։ Նշված գնումների ընդհանուր գումարը կազմում է 10 մլն 584 հազար 710 դրամ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Աշխարհի բոլոր երկրներում էլ տարերային աղետներ, բնության արհավիրքներ լինում են և պետությունները սովորաբար արձագանքում են իրենց ունեցած հնարավորություններով, ինչպես նաև դիմում գործընկեր ու այլ պետությունների, սեփական հանրություններին` տուժած շրջաններին օգնության հասնելու, տնազուրկ մարդկանց օգնելու, կացարան տրամադրելու և այլ հարցերով։ Տասնամյակներ շարունակ քաղաքակիրթ աշխարհը համապատասխան մոդելներ է ստեղծել, կառույցներ և ընթացակարգեր՝ մեկը մյուսին դիմելու, օգնություն առաջարկելու։ Այդ ամենը, սակայն, քիչ է կոնկրետ տվյալ երկրի ժողովրդի արձագանքի համեմատ։

Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ աղետներ է տեսել, որոնցից ամենամեծն, իհարկե, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր։ Բնավ ոչ տարօրինակ կերպով ողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Սփյուռքում, ամենուրեք հավաքվեց, օգնության ձեռք մեկնեց տուժած հայրենակիցներին, յուրաքանչյուրը փորձում էր իր ունեցածի, իր կարեցածի չափով օգնել տուժած մարդկանց, հնարավորինն անել՝ նրանց հոգսը թեթևացնելու, վիշտը կիսելու ուղղությամբ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո Հայաստանում, ցավոք, այլ դեպքեր էլ են եղել, բնության տարբեր աղետներ, որոնց ընթացքում ևս բազմիցս աչքի են ընկել մեկը մյուսին օգնելու՝ հայ ժողովրդի ցանկությունը, մղումները։

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղները ահռելի վնաս են հասցրել, ստիպել, որ իշխանությունը աղետի գոտի հայտարարի դրանք։ Դեբեդի բարձրացման հետևանքով 4 մարդ զոհվեց, տասնյակ ու հարյուրավոր տներ օրեր շարունակ մնացել են ցեխի ու ջրի տակ, իսկ հասցված վնասը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի վերականգնել։ Քաղաքակիրթ աշխարհն այս անգամ էլ արձագանքեց, օգնություն առաջարկեց։ Ռուսաստանի Դաշնությունից նշեցին, որ կապի մեջ են Հայաստանի իշխանությունների հետ, պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, Շվեյցարիան վնասները գնահատելու հատուկ մասնագետներ է ուղարկել, Լիտվիան 100 հազար դոլարի օգնություն է առաքելու Հայաստան, Իրանը առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկեց, Արգենտինան և Իսպանիան ևս առաջիկայում մարդասիրական օգնություն կուղարկեն Հայաստան։

Օգնության ձեռք մեկնողների շարքում են ավելի քան 20 երկիր և սփյուռքի հայկական օջախներ։ Զարմանալիորեն բավարար չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հատկապես քաղաքացիական հասարակության արձագանքը՝ միասնություն և ուժ ցուցաբերելու բնական աղետի հետևանքները վերացնելու հարցում։ Քաղաքական ուժերը ևս այս անգամ, կարծես, բավարար չափով չարձագանքեցին, մինչդեռ դա առաջին հերթին խոսում է հենց կոնկրետ հանրության բարոյական նկարագրի մասին, որը նախընտրում է գինու փառատոնները, մի սուպերմարկետի խաղարկությունը, ժամանցի այլ վայրերը՝ սեփական երկրի տուժած քաղաքացիներին կարեկցելու, օգնության հասնելու փոխարեն։

Ազգային բարոյական նկարագրի այս աղճատումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի հետագա ընթացքի համար. հատկապես անբարյացկամ երկրներով շրջապատված լինելով՝ Հայաստանը պետության և պետականության արժանի հիմքեր պիտի կարողանա դնել, իսկ պետության և պետականության կարևորագույն հիմնաքարերից մեկը քաղաքացու, բնակչի, ժողովրդի բարոյական նկարագիրն է, և այդ բարոյական նկարագրի մեջ ոչ պակաս կարևոր դեր ունի հայրենակցին օգնության ձեռք մեկնելու արձագանքը։ Եթե Հայաստանն ուզում է քաղաքացիական իսկական հասարակություն ունենալ, պետք է աղետների, տարբեր խնդիրների ժամանակ միմյանց ձեռք մեկնել սովորի։ Այսօր էլ ուշ չէ…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Թեեւ ՀՀ Սահմանադրությունն ասում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով», բայց մեր պատգամավորներն առաջնորդվում են ոչ թե խղճով ու համոզմունքներով, այլ «վերեւից» իջած կարգադրություններով: Նրանց կառավարում է ՀՀ վարչապետը, թեեւ, ըստ օրենքի, ինքն է կախված ԱԺ մեծամասնությունից: Նրանց կառավարում են նաեւ որոշ երկրների դեսպաններ:

Երեկ, երբ շարժումն ԱԺ-ի մոտ էր՝ կառավարության հրաժարականի պահանջով, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը շտապել էր այցելել խորհրդարան` ԱԺ նախագահի հետ «Հարավային Կովկասում տիրող անվտանգային իրավիճակը եւ հայ-ադրբեջանական բանակցությունների գործընթացը քննարկելու»:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Փաստ» օրաթերթը գրում է․ Քաղաքական լիդերներն ու հասարակական բոլոր գործիչները, ինչպես նաև խոշոր գործարարները, գիտության, մշակույթի ու սպորտի ականավոր ներկայացուցիչները պարտավոր են իրենց գնահատականը հնչեցնել ինչպես համաժողովրդական շարժման, այնպես էլ իշխանությունների վարած ապաշնորհ քաղաքականության վերաբերյալ։ Նման տեսակետ է հայտնում «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը՝ Արման Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում կարևորում է այն հանգամանքը, որ այս համաժողովրդական շարժումը հստակ հասել է այն կետին, որ երկրի քաղաքական օրակարգը որոշվում է փողոցում, և ոչ ոք չի կարող դա անտեսել։ Ինչ վերաբերում է ներկա գործընթացներին, ապա Վարդանյանը կարծում է, որ դժվար թե իշխանության ղեկին գտնվող կուսակցությունը դավաճանի Փաշինյանին։

«Առաջին պատճառը ՔՊ-ի կտրուկ հրաժարումն է իր հեղափոխական գաղափարախոսությունից։ Երկրորդը սեփական թիմի դեմ կոմպրոմատների մեծ թղթապանակներն են, որոնք կենտրոնացած են վարչապետի ուժայինների ձեռքում: Երրորդը աշխարհաքաղաքական բաղադրիչն է, այն է՝ ԱՄՆ-ի դեմոկրատների ներկայության պահպանումը տարածաշրջանում նույնիսկ ներքաղաքական ցնցումների պայմաններում։ Դրա վառ ապացույցն են Վրաստանում տեղի ունեցող բողոքի երկարատև ակցիաները ընդդիմության կողմից։ Աշխարհաքաղաքական մյուս խաղացողների, մասնավորապես՝ Ռուսաստանի և Իրանի համար կարևոր են տարածաշրջանում կայունությունն ու Հայաստանում ազգային, պետական արժեքներ կրող իշխանության առկայությունը:

Իսկ ռեգիոնալ ցնցումների երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է իր կառավարման առաջին իսկ օրից»,-նշում է «Միասնություն» շարժման ղեկավարը։ Արման Վարդանյանը նաև կարծում է, որ եթե ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական գործընթացները տապալվեն, ապա խորհրդարանական ընդդիմությունը պետք է սկսի ՀՀ ԱԺ-ի լուծարման և ապալեգիտիմացման պրոցես՝ հրաժարվելով մանդատներից՝ պայմանով, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ցուցակների հաջորդ բոլոր համարները նույնպես հրաժարվեն վերցնել մանդատը։

«Իսկ Ազգային ժողովի լուծարմանը և արտահերթ ընտրությունների հայտարարմանը հասնելուց հետո Փաշինյանը չպետք է լինի վարչապետի պաշտոնակատար։ Ոչ մի դեպքում չի կարելի երկրորդ անգամ նմանատիպ սխալ թույլ տալ,-ասում է Վարդանյանը՝ շեշտելով.Բավական է ծանրութեթև անել: Բոլոր ազգային, պետական մտածողություն ունեցող մարդիկ պարտավոր են աջակցել համազգային շարժմանն ու կանգնել ժողովրդի կողքին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվությանը զուգահեռ՝ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է քննչական կոմիտեի ԱԱԾ քննիչների պաշտոնների բարձրացման գործընթացը։

Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գեւորգ Հայրապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի՝ պետության, սահմանադրական կարգի հիմունքների եւ հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետ՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից:

Թե նշանակումները ինչ հետեւանք կունենան ակցիայի մասնակիցների գործողությունների վրա, ցույց կտան իրադարձությունները։ Փաստ է մեկ բան՝ նախաքննական մարմինը ուժեղացնում է դիրքերը նոր պաշտոնների նշանակումներով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Խորհրդարանի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին՝ այսօր կամ մինչեւ հունիսի 17-ն արտահերթ նիստ գումարելու պահանջով՝ կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման օրակարգով։ Միջնորդության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանի ինքնիշխանությունն անմիջական սպառնալիքի տակ է։ Գործող կառավարությունը ձախողել է ՀՀ պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը… Պահի հրամայականն է, որ պետության կառավարումը, քաղաքական համաձայնությամբ, խաղաղ եւ անցնցում կերպով ստանձնեն պրոֆեսիոնալ, հանրային հեղինակություն ունեցող փորձառու անձինք»։

ԱԺ խորհուրդը, ինչպեսեւ սպասելի էր, երեկ մերժեց ընդդիմության միջնորդությունը: Սա նշանակում է, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն, 5-րդ աշխատանքային օրը, այսինքն՝ հունիսի 17-ին, ժամը 18։30-ին օրենքի ուժով կգումարվի ԱԺ արտահերթ նիստ։ Սակայն, մեր տեղեկություններով, ՔՊ ֆրակցիան երեկ քննարկել է եւ որոշել է չներկայանալ օրենքի ուժով հրավիրված նիստին՝ ըստ էության անտեսելով ժողովրդական պահանջը։ Իսկ եթե չներկայանան, ապա քվորումի բացակայության պատճառով նիստ չի գումարվի:

Հիշեցնենք, որ կիրակի օրը շարժման առաջնորդ Բագրատ սրբազանն անձամբ կոչ արեց խորհրդարանականներին՝ ընդունել նման ուղերձ։ ՔՊ-ում երեկ հպանցիկ խոսել են նաեւ, թե ինչ զարգացումներ կարող են լինել առաջիկայում՝ խորհրդարանի մոտ, եւ ինչ պետք է անեն իրենք։ Սակայն նրանց հանգստացրել են, որ բանը դրան չի հասնի, այսինքն՝ ուժ կգործադրեն, թույլ չեն տա, որ ազգընտիրների անդորրը խաթարեն։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում