Իրավապահները լուրջ են տրամադրվել, իբր ներում-բեկում չի լինելու, ու անգամ չեն խնայելու Սրբազանին․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Իշխանությունը բաժանվել է երկու թևի, մի մասը ցանկանում է մեկուսացնել Բագրատ Սրբազանին, մյուս մասը վախենում է, որ այդ քայլով «քնած» հանրությանը իրենց ձեռքով կարթնացնեն․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը անցնող շաբաթ հանդիպել է երկրորդ նախագահ, դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են դաշինքի առաջիկա անելիքները, ինչպես նաեւ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեության հետ կապված հարցեր: Ընդդիմադիրները վերահաստատել են՝ թե’ խորհրդարանում, թե’ փողոցային պայքարում ողջ ռեսուրսով աջակցելու են Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը. «Թե’ դաշինքի, թե’ պատգամավորների կազմով երկրորդ նախագահի հետ հանդիպումներ պարբերաբար լինում են, այստեղ զարմանալու առիթ չկա», – ասաց նա»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նախօրեին հայտարարեց, թե քաղաքական ուժերի հետ կարճ քննարկում պետք է ունենա։ Մենք տեղեկացանք, որ հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ խորհրդարանական ուժերից, «Սասնա ծռերից», Ավետիք Չալաբյանը, Սուրեն Պետրոսյանը եւ այլք։ Սրբազանը ներկայացրել է առաջիկա շաբաթվա իր ծրագիրը, բայց ոչ շատ մանրամասն: Ասել է, որ դետալների մասին չի խոսելու՝ հաշվի առնելով, որ ցանկացած իրավիճակ կարող է ինչ-որ գործողություն թելադրել: Բացի այդ, ըստ մեր աղբյուրի՝ առաջին օրվանից նա նման զգուշավորություն է դրսեւորում՝ խուսափելով արտահոսքերից։ Ներկայացրել է, որ հունիսի 12-ը վճռական օր է լինելու, ուստի ինքը պետք է հասկանա՝ բացի աջակցության, սատարման մասին հայտարարություններից, գործնականում ով ինչպես կարող է աջակցել շարժմանը, քանի որ մարդկանց թիվն էականորեն փոխելու է իրավիճակը։ Ակնկալվում է, որ 30 հազար մարդ կհավաքվի խորհրդարանի դիմաց՝ 15.00-ից սկսած։
Քաղաքական գործիչներին հետաքրքրել է՝ եթե կրիտիկական զանգված հավաքվի, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։ Սրբազանը հարցն անպատասխան է թողել, ասելով՝ թող հավաքվի, կտեսնենք։ Ի դեպ, իշխանական թիմում այս օրերին ակտիվ ներքին քննարկումներ են ընթանում ՝ հնարավոր սցենարների վերաբերյալ։ ՔՊ-ում վախենում են, որ եթե 30 հազար մարդ հավաքվի ԱԺ-ի դիմաց, կգրոհեն շենքի վրա, իսկ այս դեպքում իրավապահները «պարտավոր են գործողություններ ձեռնարկել»` ընդհուպ ռազմական զենք:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ուժային կառույցները խիստ են պատրաստվել, ու անգամ ներքին քննարկում է եղել, որ շատ ավելի խիստ են լինելու։ Բանն այն է, որ այսօր ԱԺ է գնալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու, բացի այդ էլ, Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ հունիսի 12-ը կարեւոր «հանգրվան» է լինելու։
Արդյունքում՝ իրավապահ համակարգը լուրջ է տրամադրվել, թե ներում-բեկում չի լինելու, ու անգամ չեն խնայելու Սրբազանին։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ից ընդդիմադիր՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարունակում են գիշերել Բաղրամյան պողոտայում։
«Վրանային ավանը մնալու է այստեղ, բայց, բնականաբար, ոչ ամիսներով», – հարթակից հայտարարել էր շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Մեր ասած 96 ժամի մեջ կսահմանափակվենք», – նշել էր նա՝ հավելելով, որ հունիսի 12-ը կարեւոր հանգրվան է լինելու։
«Այսօր ո՛չ քայլելու ենք, ո՛չ երթ ենք անելու. պատրաստվում ենք հունիսի 12 ին»»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ խորհրդի նիստի հայտնի օրը, երբ խորհրդարանական ընդդիմությունը կառավարության հրաժարականի ուղերձի նախագիծ էր բերել, դրան հաջորդել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ժողովը: Մեզ հասած շշուկների համաձայն` տեղի է ունեցել բուռն քննարկում Բագրատ սրբազանի գործողությունների վերաբերյալ, եւ թե ինչ արձագանք կգտնի այն հասարակության շրջանում։
Մասնավորապես` Ալեն Սիմոնյանի կողմնակիցները միանշանակ կողմ են արտահայտվել սրբազանին մեկուսացնելու սցենարին` նշելով, որ հարյուրավոր վիրավորանքներ է 24-ժամյա ռեժիմով հնչեցնում եւ հազար «բռնվելու տեղ ունեն»։
Սակայն հատկանշական է, որ ,ինչպես մեր աղբյուրն է փոխանցում, Նիկոլի «վկաները» կտրականապես դեմ են արտահայտվել իրադարձությունների նման զարգացմանը: Վերջիններս մտավախություն են հայտնել, որ «քնած» հանրությանը իրենց ձեռքով կարթնացնեն։
Ասել են` թող ԱԺ հարցուպատասխանի օրն էլ հորով-մորով անենք, հետո կերեւա»:
Մանրամասները՝ «Իրավունք» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ Կառավարությունը հեղինակել է «Ոստիկանության գվարդիայի մասին» եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման փաթեթ, որը, ըստ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծերի փաթեթի, «ուղղված է զուտ ոստիկանական ծառայության ստեղծմանը՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ»: Թվում է՝ առաջադեմ մի նախագիծ է, բայց, «թաքնված» լուրջ հարց է լուծում այդ նախագիծը:
Ներկայացնենք փոքր-ինչ ավելի մանրամասն. ոստիկանության գվարդիան ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում է, որը կոչված է պաշտպանելու անձի իրավունքները եւ ազատությունները, ինչպես նաեւ ապահովելու հասարակության եւ պետության անվտանգությունը:
Այնինչ կա եւս մի կետ, որը հակասում է Հայաստանի պատմության մեջ եղած բոլոր օրենքներին։
Մասնավորապես այն հատվածը, որը սահմանում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում լրացումեր կատարելու մասին» օրենքի նախագծի օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի լրացում. այն սահմանում է՝ «նախատեսված գործառույթները ոստիկանության մարմինները պետք է իրականացնեն զինված ուժերի եւ այլ զորքերի ուժերի կիրառման եւ (կամ) մարտական գործողությունների վարման շրջանները չընդգրկող տարածքներում։
Այսինքն՝ այսուհետ ռազմական դրության եւ պատերազմի ժամանակ սահմանային գոտում ՀՀ ներքին զորքերն այլեւս պետական սահմանի պաշտպանություն չեն իրականացնելու։
Նրանց պաշտպանական գործառույթի սահմանը չի ներառելու ՀՀ պետական սահմանը։ Այսինքն՝ ոստիկանները, իսկ ավելի կոնկրետ՝ միայն գվարդիան էլ սահման չի գնա նույնիսկ պատերազմի օրերին:
Նշանակում է՝ 44-օրյա պատերազմի ընթացքում ՆԳՆ զորքերի կատարած ծառայությունը, որը ի նպաստ հայրենիքի պաշտպանության էր, այսուհետ չի լինի. նրանք կծառայեն միայն ի նպաստ ՀՀ իշխանությունների անձերի պաշտպանության։
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ամեն դեպքում փորձում է սեփական աթոռը պահել՝ բռնի ուժ կիրառելով։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում