Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում Հայաստանում, լուրջ ֆիգուր են պատրաստվում գործուղել Երևան․ առավոտյան մամուլը Times.am-ում

Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում Հայաստանում, լուրջ ֆիգուր են պատրաստվում գործուղել Երևան․ առավոտյան մամուլը Times.am-ում

ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» և նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ աշխատակազմը մի խայտառակ՝ անօրինական, հակաբարոյական որոշում է երեկ ընդունել՝ ՊՊԾ-ին հանձնարարելով արգելել ընդդիմադիր պատգամավորների ելումուտը Դեմիրճյան փողոցի մուտքով։ Մինչդեռ ՔՊ խմբակցության պատգամավորներին, նրանց փորձագետներին ու օգնականներին թույլատրված է։ Նշենք, որ, ի տարբերություն Բաղրամյանի մուտքի, Դեմիրճյանի մուտքով հնարավոր է տարածք մտնել ավտոմեքենայով․ իհարկե, խոսքն այն անձանց մասին է, որոնք ունեն նման իրավունք՝ ԱԺ հանձնաժողովների նախագահներ, խմբակցությունների ղեկավարներ եւ այլք։

Դիցուք` Սեյրան Օհանյանը Դեմիրճյանի մուտքով է ավտոմեքենայով խորհրդարան մտել, որովհետեւ աստիճանները բարձրանալու խնդիր ունի, եւ նորմալ է, որ Ազգային հերոսին, պատերազմում ոտքը կորցրած մարդուն այդ փոքրիկ հարցում ընդառաջում են։ Բայց երեկ նրան թույլ չեն տվել մտնել՝ ասելով, թե աշխատակազմի ղեկավարի որոշում կա, ըստ որի՝ այս երկրի համար ոչինչ չարած ուսապարկերը կարող են այդ մուտքից մտնել, Սեյրան Օհանյանը` ոչ։

ՀՀ քաղաքացիներին սեւ-սպիտակի բաժանած այս իշխանությունները, փաստորեն, հասարակությանը պառակտելու, մարդկանց սորտավորելու, թշնամանք հրահրելու եւ քաղաքացիական բախումների տանելու հարցում նորանոր բարձունքներ են նվաճում: Իսկ ամբողջ աշխարհում նման քաղաքականությունը ռասիզմ է կոչվում եւ քրեորեն պատժելի արարք է համարվում:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանին թիմակիցները ներկայացրել են, թե ընդդիմությանն արդեն «իրենց տեղն են դրել», իսկ սրբազան պայքարն արդեն «վերջնակետին» է հասել: Ըստ մեր աղբյուրների՝ իշխանության ներսում շատ մտահոգված են եղել հունիսի 12-ի հավաքով, որը հանգուցալուծվեց բախումով, վիրավորներով ու ձերբակալություններով, բայց իրավապահներին հաջողվել է հասնել ցանկալի նպատակին: Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունների համար այլեւս վտանգներ չկան, քանի որ արդեն «կոտրել են» շարժման ողնաշարը, իսկ Բագրատ սրբազանն արդեն հուսալքված է, քանի որ, ըստ նրանց, հանրապետությունը չի ցանկանում բիրտ ուժի մասնակիցը դառնալ: Մենք տեղեկացանք նաեւ, որ հայրենի իշխանության ներկայացուցիչներն արդեն պլանավորում են, թե ինչպես են անցկացնելու իրենց ամառային արձակուրդները տարբեր երկրներում. հայրենի նախարարները հերթով արձակուրդի կմեկնեն, իսկ օրենսդիր մարմինն արդեն ավարտում է իր նստաշրջանը: Գուցե արտահերթ նիստեր լինեն, բայց դա չի խանգարի իշխանության անդամներին իրենց արձակուրդը վայելելու համար: Կարելի է ասել, իշխանությունը փորձում է անցնել իր բնականոն կյանքին, նաեւ հանրապետությանը ցույց տալու համար, որ իրենց մոտ ամեն բան կարգին է, իսկ Սրբազանի առաջանորդած շարժումն իրենց չի մտահոգում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախօրեին ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին 2 բարձրաստիճան պաշտոնյա ագրեսիվ հայտարարություններ արեցին: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, հայտարարեց, թե նախկին իշխանությունները մտել են «փուչիկ» դաշինք, որի անդամները ոչ թե պաշտպանել են Հայաստանը, այլ մեր դեմ պատերազմ են ծրագրել։ Պատգամավորի դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու դուրս չեն գալիս ՀԱՊԿ-ից, հայտարարեց, թե դուրս են գալու, կորոշեն՝ երբ։

Ապա ամբիոնին մոտեցավ ԱԳ նախարար Միրզոյանը՝ փորձելով խմբագրել շեֆին, թե Փաշինյանը չի պնդում, որ պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, այլ ընդամենն արձանագրել է, որ Հայաստանն է որոշողը․ «ՀՀ վարչապետը չի ասել՝ մենք ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք՝ երբ դուրս գանք, բայց հետ չենք գնա: Սա է ասել` ոչ պակաս, բայց ոչ էլ ավել: Եթե որեւէ մեկը պնդում է, որ ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, սխալվում է, եւ սա շատ հեշտ ապացուցելի է»։ Ի դեպ, Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում Հայաստանում, եւ բավականին լուրջ ֆիգուր են պատրաստվում գործուղել Երեւան:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական ժողով կանի: Կուսակցության քաղաքական ժողովի օրը նախնական որոշված է հունիսի 22-ը, իսկ ժողովի անցկացման տեղի հետ կապված դեռ վերջնական որոշում չկա:

Սովորաբար, դրանք տեղի են ունենում Երեւանից դուրս: ՔՊ քաղաքական ժողովը կտեւի 2 օր:

Սա թվով 4-րդ քաղաքական ժողովն է ՔՊ-ի. նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին:

Նշենք, որ կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ: Դրանց պարտադիր մասնակցում են ՔՊ վարչության անդամները, պատգամավորները, լինում են նաեւ հրավիրյալներ, իսկ օրակարգը հաստատում է վարչությունը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախման ժամանակ, մեր տեղեկություններով, ԱԺ շենքի ներսում մարտական ավտոմատներով Նիկոլ Փաշինյանի անվտանգությունն ապահովել է միանգամից 4 ուժային կառույց՝ ԱԱԾ 2 ստորաբաժանում՝ «Ալֆան» եւ նորաստեղծ հատուկ ջոկատայինները, ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինները, ՊՊԾ-ն։ Ամերիկյան մարտաֆիլմերում անգամ նման բան չես տեսնի։ Իրավապահ համակարգում ասում են՝ նախկինում նման բան երբեւէ չի եղել: Իսկ ինչո՞վ չի բավարարել Փաշինյանին իր ձեւավորած ՊՊԾ-ն: Պատճառը թերեւս նրա կասկածամտությունն է` վստահ չէ, որ մի կառույցը պատշաճ կծառայի: Փորձում է Վահե Ղազարյանի, Արմեն Աբազյանի, Արմեն Գասպարյանի նվիրվածությունը եւ մի կառույցով վերահսկում մյուսին:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում