Արցախի ղեկավարության հարցում ևս Փաշինյանն ու Ալիևն աշխատում են սինխրոն․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։ Ոմանց կարծիքով՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու կամ կառավարության հրաժարականի գործընթացները հաջողության չեն հասնում, ապա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մանդատները վայր դնելը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Քաղաքական դաշտի վերջին օրերի քննարկումների առանցքում կրկին խորհրդարանական ընդդիմության` մանդատները վայր դնելու հարցն է։ Ոմանց կարծիքով՝ եթե վարչապետին անվստահություն հայտնելու կամ կառավարության հրաժարականի գործընթացները հաջողության չեն հասնում, ապա հաջորդ տրամաբանական քայլը պետք է լինի մանդատները վայր դնելը։ Արդյո՞ք սրբազան շարժման օրակարգում կա նման հարց, եւ հնարավո՞ր է առաջիկայում ընդդիմադիրների առջեւ նման պահանջ դրվի, որը, ոմանց կարծիքով, կբերի քաղաքական ճգնաժամի՝ հարցրինք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից մեկին` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին:
«Ճգնաժամ չի առաջանում, մեռանք ասելով, իշխանությունն էլ է իր հերթին ասել, որ ճգնաժամ չի առաջանա։ Հիմա մեզնից խլված են հանձնաժողովի նախագահների, խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնները, ճգնաժամ առաջացե՞լ է` չի առաջացել: Չի առաջանա մանդատների դեպքում էլ։ Բացի այդ, շարժումն ունի ծրագիր, սրբազան հայրն էլ է ասել դրա մասին, մանդատները մեզ պետք են դեռ որոշակի գործողությունների համար, խոսքը ոչ միայն իմպիչմենթի, անվստահության գործընթացի մասին է, այլեւ ուրիշ, որոնք տեղի են ունենալու»,- ասաց Դանիելյանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Իշխող ուժի և նրա ղեկավարի նյարդային արձագանքներից և ամենօրյա մարտավարական սխալներից կարող ենք օբյեկտիվորեն արձանագրել, որ շարժումը առաջին փուլում հասել է կոնկրետ հաջողության։ «Փաստի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը՝ պատասխանելով Երևանում Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ընթացող շարժման և նրա արդյունքների մասին մեր հարցին։ Վարդանյանը նշեց, որ շարժման հաջողության համար պետք է փոխել նրա թե՛ տրամաբանությունը, թե՛ մարտավարությունը։ «Շարժումը պետք է մտնի ժողովրդի մեջ։
Մեղրիից մինչև Գյումրի, առհասարակ ամբողջ հանրապետությունում շարժումը իր առաջնորդի հետ պետք է շրջի և խոսի ժողովրդի հետ, բացատրի իրողությունները և առաջ քաշի համաժողովրդական նոր օրակարգ։ Հաջորդ կարևոր քայլը արհեստավարժ ստվերային կառավարության ձևավորումն ու հրապարակումն է, որպեսզի երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման ճանապարհը մեր քաղաքացիների համար առավել տեսանելի լինի»,-նշում է «Միասնության» ղեկավարը։ Անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության կողմից բիրտ ուժի և հատուկ միջոցների կիրառմանը՝ Արման Վարդանյանը նշեց, որ «Միասնությունը» դատապարտում է իշխանությունների և իրավապահների նման գործելաոճը, որը, միևնույնն է, չի կոտրելու ժողովրդի ոգին, ավելին, ունենալու է հակառակ ռեակցիա և դառնալու է իշխանությունների վերջի սկիզբը։ Բիրտ ուժի կիրառումը նաև ցույց տվեց, որ Փաշինյանը ընտրել է ծայրահեղ ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը։
Ինչ վերաբերում է պայքարի կենսունակությանը, Վարդանյանը վստահ է, որ այն չփոշիացնելու համար հարկավոր է ինստիտուցիոնալ դարձնել՝ զուգահեռաբար այն մաքրելով անընդունելի անձանցից ու երևույթներից։ «Հայ ժողովուրդը ելել է ազնիվ պայքարի, և անազնիվ ձևով այն մսխելը կարող է շատ թանկ արժենալ մեր պետության գոյության համար»,-ամփոփեց Արման Վարդանյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ «թքել» է օրենքի վրա: ԱԺ գարնանային նստաշրջանն ավարտվեց, Ալեն Սիմոնյանն ԱԺ փոխնախագահների հուշումներից հետո միայն հայտարարեց ԱԺ գարնանային նստաշրջանի ավարտի մասին, բայց այդպես էլ ՀՀ պետական օրհներգը նստաշրջանի ավարտին չհնչեց, թեպետ փոխնախագահ Հակոբ Արշակյանը մի քանի վայրկյանով ոտքի կանգնեց՝ թերեւս օրհներգին սպասելով, բայց տեսնելով, որ այն չի հնչում, նորից նստեց տեղը։ Հիշեցնենք, որ «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ պետական օրհներգը պետք է հնչի ՀՀ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի գումարման պահին, ինչպես նաեւ հերթական նստաշրջանների բացման եւ փակման ժամանակ: Սակայն Ալեն Սիմոնյանը, ով պատասխանատու է ԱԺ նիստի` օրենքի տառին համապատասխան անցկացման համար, նիստը չփակեց օրհներգով, ինչն օրենքի կոպիտ խախտում է:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սիմոնյանի նախագահությամբ` նստաշրջանների փակման կամ բացման ժամանակ օրհներգը չի հնչում։ Ալեն Սիմոնյանը ժամանակին դեմ էր այս օրհներգին եւ դա թերեւս չի թաքցնում եւ որի անհրաժեշտությունից քանիցս խոսել է ու անգամ գործընթաց սկսել։ Պարզապես այն ժամանակ հասարակությունը դեռ պետական ատրիբուտները հարգում էր եւ ընդվզում էր դրանց դեմ ուղղված ոտնձգությունների դեպքում, հիմա ազգային ու պետական արժեքներն այնքան են ոտնահարել, որ օրհներգի չհնչելն ամենաանմեղ խախտումն է թվում:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի համաձայն՝ որով առաջարկվում է 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական հետապնդումից՝ փոխարենը ծառայության անցնելով, եւ կամ ազատման համար համապատասխան վճար կատարելով, ունի հստակ սահմանված գումարի սահմանաչափ։
Պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքը հետախուզման մեջ գտնվող 27-37 տարեկան քաղաքացիներին հնարավորություն է տալիս ազատվելու քրեական հետապնդումից եւ անցնելու զինվորական ծառայության ստորեւ նշված եղանակներով.
1) 24 ամիս ժամկետով
2) 12 ամիս ժամկետով եւ 2,5 մլն դրամ պետբյուջե վճարելով
3) 6 ամիս ժամկետով եւ 5 մլն դրամ պետբյուջե վճարելով
4) 1 ամիս ժամկետով եւ 10 մլն դրամ պետբյուջե վճարելով
5) զինվորական ծառայության փոխարեն՝ 15 մլն դրամ պետբյուջե վճարելով:
«Ժողովուրդ» օրաթերթը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարություն՝ տեղեկանալու համար, թե 27 տարին լրացած քանի անձ է դիմել ՊՆ եւ վճարել համապատասխան գումարն ու կրճատել պարտադիր զինվորական ծառայության տարիները։ Պաշտպանության նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը։
«ՀՀ պաշտպանության նախարարին զորակոչային համալրման ծառայությունում առկա տվյալներով՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելուց հետո՝ սույն թվականի ապրիլի 30-ի դրությամբ, օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 15 մլն ՀՀ դրամ է վճարել 27 տարին լրացած եւ օրենքի պահանջների խախտմամբ շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայություն չանցած 22 քաղաքացի։ Նման կարգավիճակ ունեցող եւս 2 քաղաքացու կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվել 8 մլն ՀՀ դրամ՝ մեկ ամիս ժամկետով, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու պայմանով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մեր տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ԼՀԿ անդամ Անի Սամսոնյանի եւ Էդմոն Մարուքյանի միջեւ սեւ կատու է անցել։ Սամսոնյանը համաձայն չէ կուսակցության՝ նախագահի կողմից վարվող քաղաքական գծին եւ կարծում է, որ պետք է հստակ դիրքավորվել ընդդիմադիր դաշտում: Նա բացահայտ աջակցություն է հայտնել շարժմանը։ Մեզ պատմեցին, որ շաբաթներ առաջ թեժ խոսակցություն է եղել կուսակցական ակտիվում, որի արդյունքում Սամսոնյանը ԼՀԿ-ն լքելու որոշման մասին է հայտնել։ Սամսոնյանը գրե՞լ է դիմում, թե՞ ոչ՝ երեկ հարցրինք կուսակցության քաղխորհրդի անդամ Դավիթ Խաժակյանին, ով պատասխանեց, թե չի մեկնաբանում այդ տեղեկությունները։
Ի դեպ, ԼՀԿ-ն թեպետ հանդիպեց Բագրատ սրբազանին, մասնակցեց վերջինիս նախաձեռնությամբ քաղաքական ուժերի համատեղ հանդիպմանը, սակայն որոշակի վերապահումներ ուներ շարժման նկատմամբ: Մարուքյանը նախապայման էր առաջ քաշում՝ հայտարարվի, որ շարժման հաջողության դեպքում նախկինները չեն վերադառնալու, նոր իրենք կմիանան։ Մինչդեռ Անի Սամսոնյանին կարելի էր հաճախ տեսնել սրբազանի հանրահավաքներում: Եվ Տավուշից Երեւան շարժվելու մասին սրբազանի հայտարարությունից րոպեներ անց էլ նա իր էջում գրել էր. «Սրբազանին սպասում ենք Երեւանում»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախօրեին Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե իր մեղքն այն է եղել, որ դեռևս 2018-ին չի եկել ու թեկուզ ԱԺ դռնփակ նիստով հայտարարել, թե պետք է համաձայնել, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում: Նա նույնիսկ ասաց, թե ինքը դա համարում է իր ամենամեծ ձախողումը, այս, այն: Շատերն շտապեցին նշել, որ Փաշինյանն առաջին անգամ խոստովանեց կամ «ինքնախոստովանական ցուցմունք» տվեց՝ այսպես ասած: Իրականում սա առաջին անգամ չէ, որ Փաշինյանն «ինքնախոստովանական ցուցմունք» է տալիս ու՝ ոչ միայն նշված առանցքային հարցի վերաբերյալ: Էլի են նման դեպքեր եղել: Երկրորդ՝ առաջին անգամ չէ, որ Փաշինյանն ասում է գրեթե այս նույն բանը:
Բայց հարցը նույնիսկ դա չէ: Փաշինյանի այս «ինքնախոստովանական ցուցմունքը» կարևոր է, ինչ խոսք: Սակայն ԱԺ ամբիոնից նրա այս ծեքծեքումները նույնքան, իսկ միգուցե շատ ավելի կեղծավոր են ու «մանիպուլ յացիոն», ինչպես պատերազմի զոհերի շիրմաքարերին նրա խոնարհումները՝ զուտ տեսախցիկների համար արվող: Սա շատ նման է այն «խորամանկությանը», երբ ծանր հանցագործություն կատարած մեկը խոստովանում է այլ՝ մանր հանցագործությունը, որը գուցե նույնիսկ չի էլ կատարել, որպեսզի կոծկվի այն մեծը:
Տեսեք, նույն 2018-ին նույն Փաշինյանը, երբ հայտնի իրադարձությունների հետևանքով հայտնվեց պետության ղեկին, եղան բանիմաց մարդիկ, որոնք համարձակություն ունեցան հայտարարելու՝ Փաշինյանն իշխանության է եկել (բերվել) Արցախը թշնամուն հանձնելու համար: Ինքը՝ Փաշինյանը, կհիշեք, 2018-ի օգոստոսի 17-ի ելույթում կուրծք էր ծեծում և կոկորդ պատռում, թե՝ «ժողովո՜ւրդ, ինձ վարկաբեկո՜ւմ են, ես իսկի բանակցություն դեռ չեմ վարել…, ժողովո՜ւրդ, առանց ձեր ասելու բան չի որոշվելո՜ւ…»:
Հետո, երբ նա վերելակներում սկսեց Ալիևի հետ ինչ-որ բաներ պայմանավորվել՝ կազմաքանդելով ձևավորված բանակցային ձևաչափերը, էլի ոչինչ չէր ասում այն մասին, ինչը, փաստորեն, գիտեր 2018-ի մայիսի 15-ից առնվազն:
Հետո՝ 2019-ի ամռանը, Ստեփանակերտի կենտրոնում հազարավոր արցախցիների ներկայությամբ հայտարարեց, թե՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դա բղավում էր մեկը, որը հիմա հայտարարում է, թե իր սխալն այն է, որ 2018-ին բացեիբաց չի ասել, որ Արցախը պետք է ճանաչի Ադրբեջանի կազմում:
Հետո նա, կհիշեք, իրեն հարցեր տվողների վրա փաշինյանաբար բղավում էր, թե՝ «ինչ պետք է, այն էլ բանակցում ենք»: Ու էլի՝ ոչինչ չէր ասում Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելու, Արցախն ուրանալու մասին: Հետո պատերազմ «դասավորվեց»: Հետո 44 օր «հաղթում ենք»-ով ազգին ֆռռացրած Փաշինյանը կապիտուլ յացիոն հայտարարություն ստորագրեց:
Բայց նույնիսկ դրանից հետո՝ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, ապա նաև՝ իր ինքնավերարտադրված իշխանության կառավարության գործունեության ծրագրում ասում էր՝ «անջատում՝ հանուն փրկության», «Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում»: Ոչ մի խոսք՝ Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին:
Պարզվեց, Փաշինյանն այդ արտահայտությունը՝ Արցախն ադրբեջանական ճանաչելու մասին, պահում-փայփայում էր՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Էրդողանին ու Ալիևին ասելու, Մակրոնի ու Շառլի լսելու համար:
Իրականում նախօրեին էլի կեղծում էր. Փաշինյանն ինքը առնվազն 90-ականների վերջերից սկսած Արցախը միշտ էլ համարել է ադրբեջանական, ու այդտեղ ոչ մի գաղտնիք չկա: Իսկ այս վերջին «ինքնախոստովանական ցուցմունքն» իսկապես էլ կարևոր է: Այն առումներով, որ ոչինչ էլ նրա «ջեբը չեն գցել», որ «խեղճ միամիտը» ամեն ինչ հրաշալի գիտակցել ու իմացել է, որ նա հիմնավորապես ու ի սկզբանե մոլորեցրել է իր կողմնակիցներին, որ կանխամտածված ու հետևողականորեն իրականացրել է Արցախը թշնամուն հանձնելու, Հայաստանը կրախի առաջ կանգնեցնելու ծրագիր…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բաքվի բանտերում հայ գերիներին են խոշտանգում, այդ թվում եւ հատկապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, ում Ադրբեջանը թույլ չտվեց հասնել Հայաստան` Հակարիի կամրջի վրայից կալանավորեցին ու տարան: Իսկ Հայաստանում քրեական հետապնդումներ են հարուցում եւ բանտարկում Արցախի իշխանությունների մյուս ներկայացուցիչներին, որոնց Ադրբեջանը թույլ է տվել մտնել Հայաստան:
Երեկ լուր ստացանք, որ Ռուբեն Վարդանյանին են Բաքվի բանտում խոշտանգում, վստահաբար` մեր մյուս յոթ գործիչներին էլ: Իսկ հայկական դատարանը տնային կալանք սահմանեց Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ: Արձանագրենք, որ շատ սինխրոն աշխատում են երկու հարեւան երկրների ղեկավարները:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում