Բերիո թեմի առաջնորդը պատարագ է մատուցել Նյու Ջերսիի հայ առաքելական եկեղեցում

Բերիո թեմի առաջնորդ Գերշ. Տ. արք. Սարգիսյանը սիրիահայության օժանդակության և հատկապես Բերիո թեմի «Դպրոց» հիմնադրամի աշխատանքների ծրագրերով Հյուսիսային Ամերիկա կատարած այցելության շրջանակում հոկտեմբերի 26-ին այցելել է նաև Միացյալ Նահանգների Արևելյան թեմի շրջաններ՝ Բոստոն, Ֆիլադելֆիա, Նյու Յորք, Նյու Ջերսի: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանը Նյու Ջերսիի Սրբոց Վարդանանց Հայոց առաքելական եկեղեցում հավատացյալ ժողովրդին սուրբ պատարագ է մատուցել ու պատգամ փոխանցել:

Պատարագին ներկա է եղել ԱՄՆ Արևելյան թեմի առաջնորդ Բարձր. Օշական արք. Չոլոյանը:

Բերիո թեմի առաջնորդ Շահան արք. Սարգիսյանը հոկտեմբերի 9-ին պաշտոնական այցելությամբ մեկնել էր Միացյալ Նահանգներ: Արք. Սարգիսյանը հյուրընկալվել է Արևմտյան թեմի առաջնորդ Մուշեղ արք. Մարտիրոսյանի և Ազգային իշխանության մոտ: Սրբազանը ԱՄՆ-ում հանդիպել է պատասխանատու մարմինների ներկայացուցիչների և ժողովրդի հետ: Սրբազանի ԱՄՆ-ում լինելը առիթ կհանդիսանա ծանոթանալո ւ Սիրիայի և հատկապես սիրիահայության վերջին երեք տարիների տագնապալի վիճակին, պատերազմի ծանրակշիռ հետևանքներին և դրանք դարմանելու ճիգերին, որոնց մասնակցում է ամբողջ հայությունը, Հայաստանից մինչև սփյուռքյան Միացյալ Նահանգներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում