Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
ՔՊ-ում պատրաստվում են չորրորդ քաղաքական ժողովին, սակայն տեղն ու ժամը գաղտնի են պահում, նույնիսկ յուրայիններին հայտնելու են վերջին պահին, քանի որ վախենում են, որ «Սրբազան շարժումը» նույնպես այցելի այդ միջոցառմանը «մասնակցելու»․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ում պատրաստվում են չորրորդ քաղաքական ժողովին, որն այս անգամ տարբերվելու է նախորդներից։ Կուսակցական կանոնակարգի համաձայն՝ քաղաքական ժողովներին մասնակցելու իրավունք ունեն միայն ՔՊ քաղաքական խորհրդի անդամները, այսինքն՝ կառավարության անդամները, ովքեր նաեւ կուսակցական են, ԱԺ մշտական հանձնաժողովների ղեկավարները, խմբակցության քարտուղարը եւ տարածքային խորհուրդների նախագահները։ Սակայն այս անգամ նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին են հրավիրել։ Իշխանական աղբյուրների կարծիքով, ներքաղաքական խառնակ ժամանակներում Նիկոլ Փաշինյանը զգուշավոր է դարձել եւ հոգատար կուսակիցների նկատմամբ, նրանց չի վերաբերվում իբրեւ ուսապարկերի, ամեն ինչ անում է, որ իրենից նեղացողներ չլինեն, թիմը չպառակտվի։ Հասկանում է, որ միակ հավատարիմ հենարանը երկրում մնացել է ՔՊ-ն։
Ուշագրավ է, որ շարքերին ծանուցել են՝ հունիսի 22-ին ժողով է լինելու, տեղի եւ ժամի մասին խոստացել են լրացուցիչ հաղորդել։ ՔՊ-ում կարծում են, որ ժողովից հինգ պակաս են հայտնելու տեղի մասին, որ խուսափեն արտահոսքերից ու տհաճ միջադեպերից։ Ասենք, նախապես հայտարարելու դեպքում սրբազան շարժումը հնարավոր է հարամի, գնա ժողովի վայր, ակցիաներ անի։ Թեեւ ակնհայտ է, որ գերագնահատում են ընդդիմությանը։ Սովորաբար այդ ժողովներն անցկացվում են քաղաքից դուրս։ Նախորդը տեղի էր ունեցել Գյումրիում՝ անցյալ տարվա դեկտեմբերին: Կուսակցության քաղաքական ժողովները տեղի են ունենում տարին 2 անգամ, քննարկման օրակարգում լինում են տվյալ պահի առանցքային հարցերը, կամ, ավելի ճիշտ՝ Փաշինյանը քաղաքական «կռուտիտի» «լիկբեզ» է անում ՔՊ-ականների համար, թե որ հարցին ինչպես պատասխանեն դրսում։ Որոշումներ չեն ընդունում։ ՔՊ-ում նաեւ ԱԺ արտահերթ նիստ են նախատեսում, որը կհրավիրեն այդ ժողովից հետո, որպեսզի կիսատ-պռատ, մնացած նախագծերն ընդունեն։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխանություններն այս օրերին, կարելի է ասել, տոնական տրամադրությունների մեջ են, քանի որ, ըստ նրանց, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը վերջնականապես «մարած» է: «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցների հետ Սյունիքի մարզի կիրակնօրյա հանդիպման ժամանակ ասել է, որ «Սրբազան շարժումը» իրենց համար արդեն սպառնալիք չէ, ամեն բան «կոնտրոլի» տակ է, ու, կարելի է ասել, շարժումը «պառակտել» են:
Ըստ մեր աղբյուրի՝ Փաշինյանը շատ բարձր տրամադրություն ունի, թիմի անդամների հետ արդեն շատ սիրալիր է ու բոլորին ակնհայտ ցույց է տալիս, թե ամուր կանգնած է` իշխանությունը իրենց ձեռքից չեն կարող խլել: Իշխանականներն էլ մեզ հետ մասնավոր զրույցներում վստահեցնում են, որ իրենք մտահոգություններ այլեւս չունեն, քանի որ ակնհայտ է, որ փողոց մարդ դուրս չի գալու ու Բագրատ սրբազանը այդ մի քանի հազար հոգով ի վիճակի չէ իշխանափոխություն իրականացնելու: Իսկ Բագրատ սրբազանը հակառակն է պնդում ու նշում, որ իրենք նոր ծրագրեր ունեն, նոր թափ է հավաքում շարժումը, որի մասին էլ այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նա կխոսի:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում կրկին օրակարգ վերադարձրեց սահմանազատման թեման, որը ետին պլան էր մղվել Տավուշում զիջումների եւ սրբազան շարժման պատճառով։ Փաշինյանը կրկին խոսել է սահմանազատման մասին, չի թաքցրել, որ հաջորդը կարող է Սյունիքի մարզը լինել։ Նշել է, թե այդ որոշումը կայացնելու են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները՝ կանոնակարգի հաստատումից հետո։ Իսկ կանոնակարգի հաստատման վերջնաժամկետը հուլիսի 1-ն է։ Իշխանական շրջանակներում ցնծություն է տիրում այս լուրից։
Բանն այն է, որ Տավուշից հետո հայտնի չէր, թե որտեղ են հաջորդը «սահմանազատելու»։ Եվ եթե դա արվեր, ասենք, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի հատվածներում, որտեղ մենք ունենք ստանալիք, իսկ դատելով Փաշինյանի՝ ամեն ինչ տալու պատրաստակամությունից, մենք ոչինչ չէինք ստանալու, ուստի չէր բացառվում, որ մարդիկ կրկին փողոց դուրս գային։ Մի նոր զիջումն իրավիճակը կարող էր անկառավարելի դարձնել, կայծից հրդեհ կբորբոքվեր, ուստի ՔՊ-ում ուրախ են, որ արդեն իսկ հանձնված ու բզկտված Սյունիքում է շարունակվելու սահմանազատումը, որտեղ Ադրբեջանը դժվար թե նոր պահանջներ ներկայացնի, ուստի հույս ունեն, որ ամեն ինչ սահուն կընթանա։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՀՀ քննչական կոմիտեն թերեւս պետք է անվանափոխել՝ դարձնելով «ՀՀ քաղպայմանագիր կուսակցության կոորդինացիոն կենտրոն». ինչո՞ւ, քանի որ հերթական անգամ աչք է փակում ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման վրա: Արգիշտի Քյարամյանն այդպես էլ չլսեց ու չտեսավ «ականջ ու լեզու կտրող» խուլիգանական վարքագծի հեղինակ, թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի հանցանքները:
Հիշեցնենք՝ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ ներկայացված հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ ստուգման։ Ինչպես հայտնի է, «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի դեմ։ Արծվիկ Մինասյանը Armlur.am-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։ Իսկ ինչ էր արել Արթուր Հովհաննիսյանը. մասնավորապես, նա մայիսի 1-ին ԱԺ ամբիոնից նշել էր, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը իր՝ «կարմիր գծեր» անցնող հայտարարություններով ամեն ինչ անում է, որ եւս մեկ անգամ իր քթի վիրահատությանը «անդրադառնա»։ Բանն այն է, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին՝ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած բախումների ժամանակ, վնասվածք էր ստացել նաեւ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որի քիթը վիրահատեցին։ Եվ ահա, ըստ էության, Արթուր Հովհաննիսյանը միգուցե իր այս հայտարարությամբ փորձել է հասկացնել Գեղամ Մանուկյանին, որ «կարմիր գիծը» չհատի, այլապես քիթը կրկին կկոտրեն ու ստիպված կլինի երկրորդ անգամ այն վիրահատելու: Ինչպես է ստացվում, որ արցախցիների գործը վերծանում են, ծանր հանցանք նկատում, իսկ թմրանյութերի գործով անցած Արթուր Հովհաննիսյանի վարքագիծը որեւէ կերպ չեն քննում:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները ակնհայտ սպառնալիքի մասով դիմել էին ՀՀ գլխավոր դատախազություն՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, որն էլ դատախազությունը ուղարկել էր քննչական կոմիտե՝ հաղորդումը ստուգելու»։
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՀՀ քննչական կոմիտե՝ հասկանալու համար, թե ինչ պարզեցին ստուգման արդյունքում: Ի պատասխան՝ հայտնեցին. «Հաղորդման առթիվ կազմվել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին արձանագրություն՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նշված հաղորդմամբ հնարավոր չէ որեւէ արարքի տալ նախնական իրավական գնահատական»։ Այսպիսով՝ հերթական ընտրովի արդարադատությանն ենք ականատես լինում։
Դեռեւս 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն ապրիլի 4-ի նիստին տեղի ունեցած դեպքերի մասով դիմում էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։
Դիմումի մեջ պատգամավորը նշել էր էր. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը պետք է օրենքով կրի իր բաժին պատիժը, քանի որ նա իր պահվածքով եւ գործունեությամբ խախտել է ՀՀ օրենսդրությունը, խաթարել հանձնաժողովի նիստի բնականոն ընթացքը:
Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածով սահմանված արարք է դրսեւորել Արթուր Հովհաննիսյանը, երբ հնչեցրել է մարդու առողջությանը վնաս պատճառելու սպառնալիք՝ պայմանավորված ՄԻՊ թեկնածուի հայացքներով (լեզուդ կկտրեմ, ականջներդ կկտրեմ եւ այլն), ոտնահարվել էին նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 203-րդ հոդվածով՝ պաշտպանող անձի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները՝ օգտագործելով իշխանական լիազորությունները, եւ, վերջապես, ակնհայտ դրսեւորվել էր նույն օրենսգրքի 297-րդ հոդվածով նախատեսված խուլիգանություն»։
Սակայն քննչական կոմիտեն Արթուր Հովհաննիսյանի արարքին ընթացք չտվեց եւ քրեական պատասխանատվության չկանչեց՝ արդեն 2-րդ անգամ»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել՝ սիսիանցի աշակերտներին ասել է․ «Ուր գնում ենք, ասում ենք՝ եկեք խաչքար դնենք, խաչքար դնենք․․․ Ինչքա՞ն խաչքար դնենք․․․ Եկեք ամեն մեկի վզից մի խաչքար կապենք, ասենք՝ քարշ տվեք, երեխեք, սա ձեր առաքելությունն է․․․ Մեծ խաչքարեր կապենք երեխաների ոտքից, ասենք՝ դե քարշ տվեք, որովհետեւ Վարդան Մամիկոնյանի սերունդներն եք դուք: Մեր նահատակները զոհվել են, որ երեխաների վզերից խաչքարերը կախենք, հա՞»: Չի բացառվում, որ խաչքարերի նկատմամբ ատելությունն ու արշավն էլ Ալիեւի եւ մյուս հայատյացների թելադրանքով է։ Խաչքարը քեզ ի՞նչ է արել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում