Ֆրանսիացի գործիչները Մակրոնին հորդորել են զորք ուղարկել Հայաստան

Ֆրանսիացի գործիչները Մակրոնին հորդորել են զորք ուղարկել Հայաստան

Ֆրանսիական Le Point պարբերականը հրապարակել է մի շարք ֆրանսիացի հայտնի գործիչների բաց նամակը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որում նրանք նախագահին հորդորել են ֆրանսիական զորքեր ուղարկել Հայաստան։

«Առանձապես շնորհակալություն ենք հայտնում այս պետությանը պաշտպանական ռազմական օգնություն ցուցաբերելու ձեր նախաձեռնության համար՝ որոշակի զինատեսակներ մատակարարելու, ինչպես նաև մեր լավագույն դպրոցներում հայ զինվորներին վերապատրաստում ստանալու հնարավորություն ընձեռելով։

Բայց ցավոք, վախենանք՝ այդ ջանքերը բավարար չեն լինի՝ Ալիևի ռեժիմին ստիպելու՝ հրաժարվելու իր զավթողական ​​և հանցավոր նախագծերից։ Ունենալով իրական ռազմական գերազանցություն, որը ձեռք է բերվել հատկապես գազի և նավթի եկամուտների և թուրքական պետության աջակցության շնորհիվ՝ Ադրբեջանն ավելի քան երբևէ գայթակղված է ռազմական լարվածության հնարավորությամբ»,- ասված է Մակրոնին ուղղված գործիչների նամակում։

Նամակի հեղինակներն ընդգծել են, որ «լիակատար ոչնչացման վտանգի սահմանակցող՝ 1915 թվականի ցեղասպանությունից հարյուր տարի անց»՝ Հայաստանի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծվում։

«Այս մեծ հավանականությունը եթե իրականանա, ոչ միայն բացարձակ աղետ կլինի Հայաստանի մեր եղբայրների՝ իր պատմությամբ և իր արժեքներով մեզ այդքան մոտ երկրի համար, այլև սարսափելի ձախողում կլինի մարդկության և, հետևաբար, Ֆրանսիայի, Եվրոպայի և բոլոր տերությունների համար, որոնք ձգտում են հարգել միջազգային իրավունքը և արդարությամբ հաղթել ուժին»,- շեշտել են նամակի հեղինակները։

«Պարոն Հանրապետության նախագահ, եթե իրավիճակը բավական լուրջ է թվում՝ ձեր ուշադրությունը լարելու համար, միշտ հույս կա, քանի դեռ վատթարագույնը չի կատարվել։ Ուստի մենք կարծում ենք, որ դեռ ժամանակ կա կանխելու վտանգը այս ճակատում՝ Հայաստանի հետ միասին էլ ավելի ուժեղ մոբիլիզացիայի օրինակ ծառայելով։ Ահա թե ինչու այս տողերով կոչ ենք անում ֆրանսիական զինված ուժեր ուղարկելու այս եղբայրական երկիր։ Խաղաղ զորախումբ, որի արդյունավետ ներկայությունը նպատակաուղղված կլինի զսպելու նրանց, ովքեր մտածում են Հայաստանի վրա հարձակվելու մասին»,- Մակրոնին գրել են ֆրանսիացի գործիչները։

Նամակը ստորագրել են տարբեր ոլորտների տասնյակ հայտնի գործիչներ։

Մասնավորապես, ուղերձը ստորագրել են Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, փիլիսոփա Էլիզաբեթ Բադինտերը, Եվրոպայի և արտաքին գործերի նախկին նախարար Բեռնար Կուշները, Իլ-դե-Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանսուա-Քսավյե Բելլամին, Նատալի Լուազոն, Ժան-Մարկ Ժերմենը, Մոնպելյեի քաղաքապետ Միքայել Դելաֆոսը և այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում