Այս իշխանություններն ուրացել են Ռուբեն Վարդանյանին և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Բագրատ Սրբազան
Նմանատիպ
Ռուբեն Վարդանյանը, որը մեր երկրում այսքան ներդրում ունի, սակայն Բաքվում ենթարկում են կտտանքների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռի հացը, որ այդքան կերել են, բայց հիմա լռում են, ուրացող չե՞ն։ Ասում էր, թող մեր ռազմագերիները երկու ամիս դիմանան, բա հիմա քանի՞ երկու ամիս է անցել։ Բա սա ուրացում չէ՞։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Այս իշխանությունների պատճառով արցախցիները զրկվել են իրենց տներից։ Ամոթ է թե՛ այն զազրելի վերաբերմունքը, որը տարվում է արցախցիների նկատմամբ, թե՛ այն, որ արցախցիները ստիպված են Երևանի կենտրոնում պայքարել իրենց իրավունքների համար։ Այս ամենը ոչ միայն բարոյական, այլև իրավական հետևանքներ պետք է ունենա»,-ասաց նա։
Խոսելով խաղաղության պայմանագրից, Բագրատ Սրբազանը նշեց․ «Այսօրվա խաղաղության օրակարգը մուրացիկ է, երկիրը մաս-մաս հանձնում են, նոր ասում՝ եկեք խաղաղություն կնքենք։ Այնինչ խաղաղությունը ենթադրում է իրական բանակցություն, այլ ոչ պարտադրանք։ Ապօրինի սահմանազատումը, որ սկսվեց Տավուշից, արդեն տարածվում է ողջ Հայաստանում, այսինքն Տավուշում տեղի ունեցող գործընթացները սոսկ տեղական խնդիր չեն եղել։
Անդրադառնալով հնարավոր հանրաքվեին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը նշեց․ Ժողովրդին մոլորեցնելու են, ասելով, որ եթե այս գործընթացին համաձայնվեք, ազատ ելումուտ կունենաք Եվրպորական երկրներ։ Ահա այս քողի տակ են անցկացնելու հանրաքվեն։ Այս մարդը բոլորին վախեցնում է պատերազմով, բայց չի ասում, որ թշնամուն բերում դնում եմ ուղիղ ձեր տան մեջ, փոխարենը ռիսկերը ոչ թե վերացնում եմ, այլ ընդամենը նվազեցնում»։
Ինչ վերաբերում է ժողովրդի կամքին, ապա նրա կարծիքով այդ կամքն անկոտրում է։ «Բոլորն ասում էին, որ մեր ժողովուրդը մեռել է, հոգի չունի, պայքար չի ուզում և անտարբեր է։ Ընդամենը երկու ամիս առաջ այդ բոլոր պիտակավորումները տրվել են, ես շատ եմ տառապել, բայց միշտ ասել եմ, ժողովուրդն անտարբեր չէ, պարզապես օրակարգ է պետք։ Եվ այս շարժումը բացահայտեց մեր ժողովրդի խորքային ցանկությունն ու նկարագիրը ու ապացուցեց, որ բոլոր պիտակավորումները սուտ են»-եզրափակեց Բագրատ Սրբազանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում