Ուսուցիչներին արգելել են օգտագործել «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Ծեծուջարդ, կռիվ, կրակոցներ․ մինչ իրավապահ ամբողջ համակարգը լծվել է ընդդիմության դեմ պայքարին, Հայաստանում աճում են ծանր հանցագործությունները․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի` հունիսի 13-ին տված հարցազրույցից 8 օր անց իրավապահները հարձակում գործեցին Արցախի ներկայացուցչության վրա, կոտրեցին դարպասներն ու բակից առգրավեցին Շահրամանյանի ծառայողական ավտոմեքենան, որն Արցախի սեփականությունն է։ Նման փորձ Քննչական կոմիտեն արել էր դեռեւս հունիսի 7-ին։ Սակայն քննիչներին չէր հաջողվել մեքենան տանել ներկայացուցչության բակից՝ դատարանի համապատասխան որոշում չունենալու պատճառով։ Այդ որոշումը չկար նաեւ երեկ, սակայն դա չէր խանգարել իրավապահներին՝ կոտրել ներկայացուցչության դարպասներն ու էվակուացնել մեքենան։ Սա Արցախի համայնքապետերի դեմ ուղղված քրեական հետապնդումների օրգանական շարունակությունն է։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակետի համայնքապետերի դեմ քրեական գործեր են հարուցվել եւ անգամ կալանքի սանկցիաներ են տրվել՝ Արցախում իրենց օգտագործած ծառայողական մեքենաներն իբրեւ թե յուրացնելու մեղադրանքով։
«Հրապարակ»-ի հարցմանն ի պատասխան, ՀՀ քննչական կոմիտեից մեկնաբանեցին․ մեքենան առգրավելու որոշումը կապված է դեռ տարեսկզբին հարուցված մի քրեական վարույթի հետ՝ «էական նշանակության հանգամանքներ պարզելու համար»: Տարեսկզբին այս մեքենայից իջեցրել ու բերման էին ենթարկել Սամվել Շահրամանյանի՝ հասարակական հիմունքներով օգնական Աշոտ Դանիելյանին, ապա մեկ օր ՁՊՎ-ում պահելուց հետո ազատ էին արձակել։ Գործով վարույթը շարունակվում է, Դանիելյանին մեղադրանք չի առաջադրվել։ Այս գործով փաստաբան Ռոման Երիցյանը պնդում է՝ հիշյալ քրեական վարույթի շրջանակում մեքենան առգրավելը որեւէ իրավական հիմք չունի։ Երիցյանի խոսքով, երբ Աշոտ Դանիելյանին փետրվարին ձերբակալել էին՝ թմրանյութ պահելու եւ իրացնելու կասկածանքով, մեքենան եւս առգրավել էին, խուզարկել, ապա վերադարձրել տիրոջը։ Ամիսներ անց կրկին առգրավել են՝ պատճառաբանելով, թե մեքենայի համարանիշը փոխվել է, նախկինում ծառայողական էր:
«Այսօր մեքենան առգրավելու որոշում ցույց չեն տվել, ոչ էլ մեզնից են թույլտվություն հարցրել՝ ներկայացուցչություն ներխուժելու համար։ Ի՞նչ կապ ունի նախագահին սպասարկող մեքենան այդ քրեական գործի հետ, որեւէ պատճառաբանություն չկա։ Ես առաջարկել էի սպասել, մինչեւ մոտենամ ու հասկանամ, թե ինչ է կատարվում, սակայն իրավապահները ցանկացան իրենց ուժը ցույց տալ եւ այն, որ ներկայացուցչությունում գտնվող անձինք իրենց համար որեւէ նշանակություն չունեն»,- ասաց Երիցյանը։
Փաստացի իրավապահները որեւէ իրավական հիմք չեն ներկայացրել, երբ ներխուժել են Արցախի ներկայացուցչություն։ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմամբ՝ սա բացառապես քաղաքական ուղերձ է՝ ուղղված Ադրբեջանին, թե տեսնո՞ւմ եք, ինչպես ենք ձեր բոլոր հրամանները հլու-հնազանդ կատարում։ «Ուղերձ է նաեւ արցախցիներին, որ արցախցիները որեւէ ներգրավվածություն չունենան Հայաստանում տեղի ունեցող քաղաքական եւ հանրային գործընթացներին»,- ասաց պատգամավորը։
Փողոցային «բազառների» պատճառով Հայաստանում գրեթե ամեն օր սպանություններ են լինում, մինչդեռ իրավապահները զբաղված են «սատանաների» որսով, քաղաքական գործիչներին եւ իշխանության համար վտանգ ներկայացնողներին հալածելով։
Ընդ որում, այն ստորաբաժանումն էր ուղարկվել դարպասները կոտրելու, որը նման գործառույթներ չունի եւ իրավասու չէ նման գործողություններ իրականացնելու։ Հավանաբար, Արցախի պաշտոնյաների եւ նախագահ Սամվել Շահրամանյանի դեմ ատելությունն այնքան մեծ է, որ Նիկոլ Փաշինյանը դարպաս կոտրելու էր ուղարկել ՆԳՆ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայիններին՝ «մասկեքով» ու ատրճանակներով, ինչպես Հայաստան ներխուժած ադրբեջանցի տեռորիստներին միայն կարելի էր ձերբակալել։ Այս ստորաբաժանումը, որպես կանոն, դուրս է գալիս ծառայության՝ ոստիկանական հատուկ օպերացիա իրականացնելիս, օրինակ՝ վտանգավոր հանցագործ բռնելիս, զինված խմբավորումներ բացահայտելիս, տեռորիստական ակտեր կանխելիս։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Հայրենի իշխանությունների համար ամառը թեժ աշխատանքային մթնոլորտում է անցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այսօր Հանքավանում տեղի է ունենալու իշխող կուսակցության քաղաքական ժողովը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին:
Իշխանական պատգամավորները մտադիր են հուլիսի հենց սկզբին արտահերթ նիստեր նախաձեռնել, ընդ որում՝ ոչ թե մեկ նիստ, այլ նստաշրջան:
Մինչ այդ նիստեր կանեն նաեւ գլխադասային հանձնաժողովները:
Հաջորդ շաբաթ՝ հունիսի 25-ին, արտահերթ նիստ է անելու նաեւ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը:
Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մտադիր չէ ՔՊ-ականներին արձակուրդ տալու ու աշխատանքային թեժ անցուդարձի մեջ է պահում իր թիմակիցներին, հավանաբար, ցույց տալու համար, որ չնայած ամռան հանգստի շրջանին ու արձակուրդային տրամադրություններին` նրանք աշխատում են:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը հինգշաբթի օրը ՔՊ-ի Նախաձեռնող խմբի նիստին, որը վարել է ինքը, կուսակիցների համար անակնկալ փոխել է քննարկման օրակարգը։ Նախապես պայմանավորված են եղել՝ քննարկել առողջապահական հարցեր, սակայն նիստի սկզբում Փաշինյանն առաջարկել է քննարկել Հայաստանի արտաքին քաղաքական տեսլականը՝ Եվրոպա՞, Ռուսաստա՞ն, թե՞ տարածաշրջանային զարգացումներ՝ «Ռուսաստան-Իրան-Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան» ֆորմատով։ Եվ հիմնավոր բացատրություն չի տվել, թե ինչու են շեղվում օրակարգից։ Շատերը սկսել են ենթադրություններ անել, վարկածներ քննարկել։
Երեկ էլ ԱԺ ամբիոնը գրաված արեւմտամետներն ու սորոսականներն իշխանություններից պահանջում էին ԵՄ-ին անդամակցության հարցը դնել հանրաքվեի։ ՔՊ-ականները կասկածներ ունեն, որ Փաշինյանն արտաքին քաղաքական կողմնորոշման վերաբերյալ այս փակ քննարկումները վերսկսելով՝ փորձում է կրկին ակտիվացնել այն թեզերը, թե Հայաստանը չպետք է շտապի ԵՄ անդամության հարցում։ Բայց, ի վերջո, կատարելով արեւմտամետների պահանջը՝ կարդարանա, որ ոչ թե իշխանությունն է Ռուսաստանից պոկվում, այլ Արեւմուտքի գիրկը նետվելու որոշումը կայացրել է հայ ժողովուրդը՝ հանրաքվեով։ Իսկ նախօրեի նիստում ՔՊ-ականների մոտ 90 տոկոսը պնդել է, որ Հայաստանի զարգացումը պատկերացնում են տարածաշրջանային ֆորմատում, պետք չէ շտապել ԵՄ անդամության հայտ ներկայացնելու հարցում։ Մի քանի հոգի են միայն կողմ արտահայտվել՝ Վահագն Ալեքսանյանը, Հայկ Կոնջորյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, ում ամուսինը ՀՀ ԱԳՆ աշխատակազմի գլխավոր քարտուղարն է։ Ինքը՝ Փաշինյանը, լռել է, կարծիք չի հայտնել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ ՀՀ իշխանությունների կողմից վարվող «պատմական Հայաստանի» ու դրանից բխող «նուրբ» թեմաների ժխտողական քաղաքականությունը նորանոր դրսևորումներ է ստանում, այդ թվում՝ կրթության ոլորտում: Ավելին, իշխանություններին հաջողվում է նոր «ռեկորդներ» գրանցել։
«Փաստ» թերթը վերջին շրջանում մի քանի դպրոցներից տեղեկություններ է ստանում, որ ավարտված ուսումնական տարվա վերջում որոշակի գործընթացներ են գեներացվել, որոնք նոր ուսումնական տարվա սկզբին նախատեսվում է առավել հստակ ու «համակարգված» իրականացնել։ Հարցն ավելի զգայուն է հատկապես «Հայոց պատմություն» առարկայի հետ առնչվող հարցերի վերաբերյալ։ Թերթին հայտնի է դարձել, որ խոսքը վերաբերում է դասապրոցեսում պատմական տեղանունների հետ կապված հարցերին. մասնավորաբար, երևանյան մի քանի դպրոցներում ուսուցիչներին արդեն արգելել են օգտագործել «Արևմտյան Հայաստան» եզրույթը՝ պարտադրելով օգտագործել «Արևել յան Թուրքիա» ձևակերպումը։
Բացի դրանից, արգելվում է դասաժամերին «նախկին» քարտեզներ կիրառել՝ Արևմտյան Հայաստանի քաղաքների, տեղանունների մասին աշակերտներին որպես դիդակտիվ նյութ և տեսանելի պատկեր չունենալու համար։ Մեզ հայտնի է դարձել նաև, որ այն համարձակ ուսուցիչները, որոնք չեն ենթարկվում այդ կարգադրությանը, տնօրենների կողմից առանձին խիստ նկատողության են արժանանում, նրանց սպառնում են, որ նման կեցվածքով հետագայում առաջնորդվելու դեպքում ուղղակի կհեռացվեն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ծեծուջարդ, կռիվ, կրակոցներ՝ վերջին շրջանում արյունալի դեպքերի, ծանր հանցագործությունների պակաս չկա մեզանում։ Իսկ իրավապահները, որքան էլ «բարեփոխվում» են, հանցագործությունների աճը կանխել ի վիճակի չեն, նրանք ավելի վարպետորեն ընդդիմության դեմ գործեր են կարում, ցույցեր ցրում։ Օրերս հերթական բախումն է գրանցվել։
Հունիսի 15-ին, ուշ երեկոյան Չարենցավանի «Այֆուդ» սննդի կետի հարեւանությամբ տասից ավելի տղամարդկանց միջեւ ծեծկռտուք է եղել։ Սկսվել է մի ապտակից, ավարտվել խմբակային ծեծկռտուքով։ Իսկ ինչի՞ համար են իրար ապտակել։ Մեր աղբյուրը հայտնում է, որ ապտակի պատճառը եղել է ավտոմեքենայի հետ կապված վեճը։ Կռվի մասնակիցների մի մասն ասում է, թե մեքենայի ազդանշանն է պատճառ դարձել, մյուսները՝ թե իրար ճամփա չզիջելը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի ԱԳՆ-ն երեկ հանդես եկավ հայտարարությամբ, որը, կարելի է ասել, բավականին անսպասելի էր: ԱԳՆ-ն ոչ միայն հայտարարեց, որ ճանաչում է Պաղեստին պետությունը, իմա՝ անկախությունը, այլև մի շարք կտրական շեշտադրումներ արեց: Մասնավորապես. «Հայաստանի Հանրապետությունը կտրականապես մերժում է զինված հակամարտության ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, քաղաքացիական բնակչության դեմ բռնությունները և քաղաքացիական անձանց պատանդառումն ու գերեվարումը և միանում է առանց նախապայմանների նրանց ազատ արձակման միջազգային հանրության պահանջներին»: Այն, թե ինչպես է Իսրայելը խորապես թշնամաբար դրսևորվել որպես պետություն՝ ուղղակիորեն օժանդակելով ու մասնակցելով Ադրբեջանի կողմից Արցախի հայության դեմ իրականացված ցեղասպանական ոճրին, ակնհայտ է:
Այնպես որ, ԱԳՆ այս հայտարարությունը կարելի է ինչ-որ տեղ համարել փոքրիկ «պատասխան հարված»: Բայց Պաղեստինի ճանաչման հետ կապված հարցի մեկնաբանությունները թողնենք քաղաքագետներին ու քաղգործիչներին: Ի մասնավորի, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում նշաձողի իջեցումից հետո այն բարձրացնել Պաղեստինի կարգավիճակի հարցում՝ առնվազն անհասկանալի է: «Իմ պատկերացրած և ջատագովված բալանսավորված արտաքին քաղաքականության համատեքստում Պաղեստինի պետության ճանաչումը ժամանակավրեպ և սխալ որոշում է:
Այո՛, Համասի գործողությունները ժամանակին պետք է դատապարտվեին, այո՛, Իսրայելի պետության կողմից Գազայում կատարվող զանգվածային սպանությունները և աղետալի իրավիճակը պետք է դատապարտվի, սակայն Պաղեստինի պետության ճանաչումը, այն տեսքով, ինչ իրականացրել են փոքրաթիվ պետություններ, տվյալ հարցում Հայաստանի համար արտաքին քաղաքականության բալանսի էական խախտում է»,-մեզ հետ զրույցում ասաց Մարուքյանը: Մեզ մեկ այլ հանգամանք ևս խիստ հետաքրքրեց: Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ինչո՞ւ գերիների ու պատանդառված քաղաքացիական անձանց աննախապայման ազատ արձակում չի պահանջում Բաքվից:
Ո՞րն է խնդիրը. «դո՞ւխը» չի հերիքում, գուցե Իսրայելը հեռու է, իսկ Ադրբեջանը մոտի՞կ, վախենո՞ւմ են, գուցե չեն ուզում նեղացնե՞լ: Առնվազն երկակի զգացողություններ է առաջացնում ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ մի պարագայում, երբ այս իշխանությունները բացարձակապես ոչինչ չեն անում, ոչ մի ծպտուն չեն հանում Բաքվի բանտերում պահվող գերիների, մտացածին մեղադրանքներով պատանդառված մարդկանց, այդ թվում՝ Արցախի ղեկավարների ազատ արձակման համար:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայաստանյան արեւմտամետներն իրենց պահվածքով ցույց տվեցին, թե ինչպիսին է ժողովրդավարական Եվրոպայի քարոզիչների իրական դեմքը։ ԱԺ ամբիոնից գրեթե բոլոր ելույթ ունեցողները խախտեցին ԱԺ կանոնակարգով ելույթների համար սահմանված ժամանակը, ոմանք անգամ արհամարհում էին, չէին արձագանքում նիստը վարող Արման Եղոյանի հիշեցումներին, որ ժամանակը լրացել է։ Նրանց այս պահվածքը տեղ-տեղ հունից հանում էր Եղոյանին, ով ձայնի տոնն էր բարձրացնում, մեկ անգամ էլ չդիմացավ եւ բանախոսներից մեկի ելույթից հետո նյարդային նետեց, որ եթե դուք եվրապառլամենտի ներկայացուցիչ դառնաք, հաստատ ձեզ թույլ չեն տալու ժամանակը գերազանցել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների ու տեղի ունեցած բախումների առիթով հարուցված քրեական վարույթով քննչական կոմիտեն որոշում ունի. մի շարք լրատվամիջոցների լրագրողների եւ օպերատորների հարցաքննությունից հետո հրավիրում են նախաքննական մարմին եւ հայտնում, որ կատարված դեպքերով նրանց ճանաչել են տուժող։
Մնում է սպասել, որ լրատվամիջոցների լրագրողներին ու օպերատորներին վնասներ հասցրած պատասխանատուներին կանչեն պատասխանատվության:
Ի դեպ, գրել էինք, որ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցաքննելիս հարցրել էին, թե ինչ կապ ունեն շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ, ում հորդորով կամ շահագրգռությամբ են գնացել Բաղրամյան պողոտա, արդյոք հեռախոսազրույց ունեցել են շարժման առաջնորդի հետ։ Հարցաքննված լրատվամիջոցների ներկայացուցիչները քննիչների խաչաձեւ, բայց նույնաբովանդակ հարցերին պատասխանել էին, որ գնացել են իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելու, ինչը անում են բոլոր դեպքերում ու իրավիճակներում՝ անկախ առաջնորդի ով լինելուց, քանի որ դա իրադարձություն է երկրում, իսկ ԶԼՄ-ներն էլ լուսաբանում են տեղի ունենալիքը։
Հավելենք, որ այս պատկերին զուգահեռ, իրավապահները ակտիվ գործընթաց են սկսել եւ կալանավորում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին։ Ապրիլից մինչեւ օրս՝ տեղի ունեցած ակցիաներին մասնակցության համար պաշտոնապես կալանավորված է 29 քաղաքացի, բայց գործը այսքանով չի ավարտվի. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում նոր կալանավորումներ եւս կլինեն:»
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում