Մարդկության նոր առաքելությունը։ Ի՞նչ և ինչպե՞ս

Մարդկության նոր առաքելությունը։ Ի՞նչ և ինչպե՞ս

Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի սրահում հունիսի 21-ին կայացավ ազգաբան, էաբան Ալեքսանդր Վարպետյանի այդքան երկար սպասված հանդիպումը մեր ժողովրդի պատմության և առաքելության էական խնդիրներով հետաքրքրված գործիչների հետ։ Չնայած Վարպետյանը սահմանափակել էր հրավիրյալների թիվը՝ փորձելով խուսափել զուտ հետաքրքրասերների ներկայությունից, այնուամենայնիվ դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ միջոցառման մասնակիցների հարցերը բազում ու բազմաբովանդակ։

Ինչպես ինքը՝ Ալեքսանդր Վարպետյանն է հայտնում, այդ հանդիպումն ինչ-որ տեղ նաև հասարակական հետաքննություն էր։ Էաբանը հանրային լայն շրջանակների համար ոչ սովորական տեսլականը հնչեցնելու որոշ մտահոգություն ուներ։ Սակայն հանդիպման ավարտին պարզ դարձավ, որ այդ մտահոգությունները տեղին չէին։ Լսարանը սպասում էր Վարպետյանի նոր խոսքին։

Հանդիպման ծրագիրը բաժանված էր երկու մասի։ Առաջին հատվածում Վարպետյանը տեսասալիկների օգնությամբ միջոցառման մասնակիցներին ներկայացրեց հայոց 12.000-ամյա տարեգրությունը՝ սկսած Ուրֆա-Պորտասարի մշակույթից, մինչև մեր օրերը։ Երկրորդ հատվածում ազգաբանը խոսել է ապագայի տեսլականի և մեր ժողովրդի առաքելության մասին:

Իր խոսքի առաջին հատվածը՝ ինքը Վարպետյանը, ավելի մատչելի է համարում լսարանի համար։ Երկրորդ հատվածը՝ ամենակարևորը, առավելաբար գիտակից ու նվիրյալ անհատների համար է:

Նախ, ի դեմս Ուրֆա-Պորտասար մշակույթի 12000-ամյա նշանակության ներկայացվեց նախնյաց համամարդկային մեծագույն առաքելությունը և համաշխարհային քաղաքակրթության մեջ այդ առաքելության մի քանի օրինակները:

Ապա, երկրորդ առաքելությունը, որը միջնադարյան մշակույթում արտահայտվել է ի դեմս Միհրականության, Պավլիկյան շարժման, Բալկաններում՝ բոգոմիլների, Ֆրանսիայում՝ ալբիգոյցիների վալդենսյան և կատարների շարժումները, որոնք տարածվեցին ողջ Եվրոպայով մեկ։

Առավել խրթինը, ինչպես նշում է Ալեքսանդր Վարպետյանը, մեր այս օրհասական իրավիճակում, որպես կայացման ու հարատևման միակ հնարավորություն, համամարդկային երրորդ մի առաքելության տեսլականն է: Ահա, թե ինչին էր նվիրված էաբանի խոսքի հիմնական ուղերձը։ Հանդիպման ավարտին Վարպետյանը գոհունակությամբ նշում է, որ մարդկության երրորդ առաքելության գաղափարը շատերին է հրապուրել, սակայն մարդիկ, հասկանալի պատճառներով, դեռևս չգիտեն դրա կյանքի կոչման ուղիները։ Իսկ ահա հանդիպում-դասախոսության արդյունքներով կարելի եղավ արձանագրել, որ Վարպետյանի մշակած մոտեցումներն ու սկզբունքներն ընկալելի ու կիրառելի են իր գաղափարակիցների համար և սա էաբան, ազգաբան Ալեքսանդր Վարպետյանը տեղի ունեցած միջոցառման մեծագույն և լավատեսական արդյունքն է համարում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում