Ռուսաստանը մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը և վերադարձրել Ադրբեջանին․ ԱԽ քարտուղար
Նմանատիպ
Հայաստանին անհանգստացնում է Ադրբեջանի կողմից տարածվող ապատեղեկատվությունը, թե Հայաստանից հրադադարի խախտում է լինում։ Այս մասին «Կառուցելով ապագան» խորագրով «ԱՊՐԻ ֆորում 2024»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բնականաբար, Հայաստանին անհանգստացնում են նման հաղորդագրությունները, որովհետև միանշանակ է, որ հայկական կողմից էսկալացիայի որևէ քայլ չի եղել, կրակոցներ չեն եղել, մեզ անհանգստանցում է, որ նման կեղծ լուրեր են տարածում, բայց նաև խնդրին լուծում տալու նպատակով մենք Ադրբեջանին առաջարկել ենք, որպեսզի համատեղ հետաքննման մեխանիզմ ստեղծենք՝ դա կարող է լինել քննչական կամ այլ մարմիններ»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանը դեռևս Հայաստանի այս առաջարկին չի արձագանքել։
«Եթե Ադրբեջանը պնդումեր է կատարում, որ այդպիսի դեպքեր են եղել, բնականաբար, Հայաստանն ասում է, որ նման բան չի եղել, մենք վստահ ենք, որ չի եղել, եթե Ադրբեջանը հետաքրքրված է իրականությունով, ապա, կարծում եմ, որ առաջարկը լավ հնարավորություն է»,- նշեց նա։
Խոսելով Խաղաղության պայմանագրից, ԱԽ քարտուղարը նշեց, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի հերթական առաջարկները, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը արձագանքել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի առաջարկներին։
«Այո, մեր ուղարկած 9-րդ տարբերակին արձագանք եղել է, նրանք ուղարկել են 10-րդ տարբերակը։ Հիմա մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,-ասաց նա։
Հարցին՝ թե կարելի է ասել, որ կողմերը ավելի են մոտեցել խաղաղության պայմանագրի կնքմանը, Գրիգորյանը պատասխանեց, որ բանակցություններում հայտնի մոտեցում կա՝ մինչև ամեն ինչ համաձայնեցված չէ՝ դեռ ոչինչ համաձայնեցված չէ։
«Կդժվարանամ այս հարցին պատասխանել, որովհետև գործընթացը դինամիկ է և երբեմն ունենում ենք առաջընթացներ, երբեմն չենք ունենում։ Կշարունակենք աշխատել այն նպատակով, որ հնարավորինս արագացնենք գործընթացը։ Հայաստանը պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել այդ պայմանագիրը, վերջերս էլ առաջարկ ենք արել մեկ ամսում ստորագրել»,-եզրափակեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է Բաքվում գտնվող հայ ռազմագերիներին, ապա Արմեն Գրիգորյանի խոսքով, բոլոր գերիների վերադարձը միշտ եղել է Հայաստանի օրակարգում։
«Մենք միշտ քննարկել ենք՝ լինի Ադրբեջանի, թե միջազգային գործընկերների հետ։ Այս ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատանք ենք տանում», – նշեց նա։
ԱԽ քարտուղարի փոխանցմամբ՝ աշխատանքները շարունակվում են, որ բոլոր գերիները վերադառնան։
«Ես գտնում եմ, որ ճիշտ չէ այս հարցը փոխկապակցել խաղաղության պայմանագրի հետ, որովհետև, մեր կարծիքով, նրանք հնարավորինս շուտ պետք է վերադառնան Հայաստան, ճիշտ կլինի, որ մենք շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, որ նրանք հնարավորինս շուտ վերադառնան Հայաստան։ Խաղաղության հաստատում նաև նշանակում է ազատել գերիներին։ Մենք պետք է աշխատենք, որ խաղաղության հաստատումը համապարփակ լինի, լինի բոլոր ուղղություններով ու խաղաղության հաստատումը լինի նաև գերիների վերադարձով», – հավելեց Գրիգորյանը։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, ապա ըստ ԱԽ քարտուղարի՝ Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ քիչ։
Սա, ըստ նրա, եղել է Ռուսաստանի ընտրությունը։
«Ռուսաստանն է որոշել չմատակարարել զենք-զինամթերքը, մինչև այսօր էլ ամբողջությամբ չեն մատակարարել։ Երբ նրանք պարբերաբար բողոքում են, որ Հայաստանն այլ երկրներից զենք է գնում, չեն շարունակում մատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 թվականին կամ 2022 թվականին»,- ասաց նա։
Թե ինչպես են զարգանալու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անվտանգային ոլորտում՝ ԱԽ քարտուղարն ասաց՝ դա կախված է, թե Ռուսաստանն ինչպես կարձագանքի այն բոլոր խնդիրներին, որոնք գոյություն ունեն։
Հարցին՝ ինչո՞վ են հիմնավորում մատակարարումներ չիրականացնելը՝ նա ասաց, որ Հայաստանը բացատրություններ է լսել, որ հիմնական պատճառը Ուկրաինայի հետ պատերազմն է։
«Բայց նաև պայմանագրեր կան, որ 2021 թվականին են կնքվել։ Ես չեմ ուզում անուն տալ, բայց ուզում եմ ասել, որ Հայաստանից բարձրաստիճան մեկ պաշտոնյայի ժամանակին ասվել է՝ եթե Ռուսաստանը մեզ մատակարարի զենք-զինամթերք՝ մեր դիրքորոշումները կոշտանալու են, նաև դա է պատճառը, որ չեն մատակարարում»,- հայտարարեց ԱԽ քարտուղարը։
Արմեն Գրիգորյանն իր խոսքում մեղադրեց Ռուսաստանին՝ Արցախի կորստի հարցում, նշելով, որ Ռուսաստանն է հանձնել Արցախը։
«Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչև այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»,- նշեց նա՝ խոսելով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին։
Գրիգորյանը պնդեց՝ Ռուսաստանն է վերցրել Լեռնային Ղարաբաղը։
«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը»,- ասաց նա՝ շեշտելով՝ առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա։
ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն արձագանքել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, նշելով, որ Արմեն Գրիգորյանը նվաստացրել է սեփական ժողովրդին
«Գոյություն ունեն իրողություններ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել, եթե բժշկական կրթություն չունես։ Ես այդ ոլորտում առկա գիտելիքները կիրառել չեմ կարող, բայց այդ ամենին այլ կերպ արձագանքել հնարավոր չէ։ Նման գործիչները նվաստացնում են սեփական ժողովրդին։ Հայաստանի քաղաքացիները պաշտպանել են իրենց տարածքը, իրենց արյամբ։ Հայաստանի՝ որպես պետության գաղափարախոսությունը երկար տարիներ կառուցվել է այս թեզերի վրա, նրանք գիտեին, թե ինչի համար են մարտի գնում, ինչի համար են իրենց կանանց ու երեխաներին դատապարտում այրիության ու որբության։ Ինչպես կարելի է այդքան ցինիկ կերպով դավաճանել նրանց հիշողությանը։ Ով իրավունք տվեց դրսից սնվող ակնհայտ ժամանակավոր աշխատողներին վիրավորել իրենց ժողովրդին»,- ասել է Զախարովան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում