Փաշինյանը հրահանգել է, որ որևէ ոստիկանի ոչ մի գործով չկալանավորեն․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Ադրբեջանցիները նորից մանիպուլյատիվ մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի հանքարդյունաբերության հետ կապված․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ հանդիպում է ունեցել ոստիկանական համակարգի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ իրենց կողքին է: Ավելին` մեզ հասած տեղեկություների համաձայն` վարչապետը այդ հանդիպման ժամանակ նաեւ անձամբ բանավոր հրահանգ է տվել ուժային կառույցների ղեկավարներին, որ որեւէ ոստիկանի որեւէ գործով չկալանավորեն: Նա բացատրել է, որ եթե կալանավորման գնան, ապա ոստիկանների ոգին կկոտրեն, սակայն պետք չէ ոստիկաններին թեւաթափ անել: Ահա, հենց այս հրահանգի հետեւանքով` մինչ օրս ապրիլից մեկնարկած շարժման անդամների նկատմամբ բռնության դեպքով որեւէ ոստիկանի պատասխանատվության չեն կանչել: ՀՀ քննչական կոմիտեից ArmLur.am-ին հայտնել են, որ. ««Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից իրականացված հավաքների, բողոքի ակցիաների ընթացքում առերեւույթ հանցավոր արարքների առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 59 անձի նկատմամբ։ Մեղադրյալներից 29-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, 13-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 15-ի նկատմաբ՝ բացակայելու արգելքը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։ 7 քրեական վարույթ՝ 17 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան». բայց որեւէ ոստիկան անգամ ձեւականորեն չի պատժվում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ադրբեջանը տարիներ շարունակ, ի թիվս այլ հանցագործությունների, պարբերաբար հարձակումներ է գործում Հայաստանի հանքարդյունաբերության ուղղությամբ՝ նպատակ ունենալով վնասել մեր երկրի տնտեսությանը: Ադրբեջանի կառավարական շրջանակների կողմից վերահսկվող ՀԿ-ների, բնապահպանների, փորձագետների կողմից հատկապես վերջին երկու-երեք տարիների ընթացքում բազմաթիվ կոչեր են հնչել Ամուլսարի հանքի շահագործումը թույլ չտալու, ԶՊՄԿ-ի, Ագարակի կոմբինատի և Արարատի մարզում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ։ Ավելին, կարողացան հասնել նրան, որ Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցվեց, իսկ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը կասեցվեց եւ տեղափոխվեց այլ վայր։
Եվ ահա, Զանգելանում անցկացվող Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության ֆորումի երկրորդ օրը տեղի է ունեցել «Հայաստանի հանքարդյունաբերության բնապահպանական հետևանքները» թեմայով քննարկում: Ադրբեջանցի բնապահպաններն ու պետական մարմինների ներկայացուցիչները հերթական մանիպուլ յատիվ մեղադրանքներն են հնչեցրել Հայաստանի դեմ՝ ևս մեկ առիթ օգտագործելով՝ հայտարարելու, թե իբր Հայաստանի հանքարդյունաբերությունը լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Ավելին, ադրբեջանցիները նշել են, որ թեև Հայաստանի բնական ռեսուրսները բավականին փոքր են, սակայն նրա բաժինը տարածաշրջանում շրջակա միջավայրին հասցված վնասի մեջ մեծ է: Ընդ որում, դա ասվել է մի երկրի ներկայացուցչի կողմից, որի հենց միայն նավթարդյունահանումը տարածաշրջանի բնապահպանության համար ահռելի սպառնալիք է:
Ի դեպ, մեր տեղեկություններով, կոշտ ելույթ է ունեցել բնապահպանության և բնական պաշարների նախարարության հասարակական խորհրդի քարտուղար Ամին Մամեդովը, որն, ի դեպ, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ հանդես եկած հայկական կազմակերպություններին շնորհակալություն հայտնած Environmental Protection First կոալիցիայի նախաձեռնողն է։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պետական գերատեսչությունների միջին օղակների պաշտոնյաները շարունակում են բացատրական աշխատանք տանել շարժմանը մասնակցած աշխատակիցների հետ, որոնք ներկա են եղել հանրահավաքներին ու այլ ակցիաների։ Պատմում են, որ ղեկավար կազմերը, հանրահավաքների տեսագրությունները դիտելուց բացի, գրեթե բոլոր հաստատություններից մեկական «մատնիչ» են գործուղել դեպքի վայր: Հրահանգել են նկարել իրենց աշխատողներին եւ ապացույցներ ներկայացնել վերադասին։
Ի դեպ, ըմբոստ աշխատակիցներն էլ իրենց հերթին լծված են «հուդաների» հայտնաբերման գործին եւ, բանուգործը թողած, փորձում են հայտնաբերել, թե ովքեր են «գործ տվողները»։ Այս առումով ամենալիբերալը ֆինանսների եւ կրթության նախարարություններն են, որտեղ, ըստ լավատեղյակ աղբյուրի, որոշակիորեն հաշվի են նստում երկրում տիրող իրողությունների հետ` ընդդիմադիրների հայտնաբերմամբ չեն տառապում, ավելին՝ գործ տվողներին էլ սաստում են, որ աշխատանքային ժամերից հետո աշխատակիցներն ազատ են` ինչ ուզեն, կարող են անել: Այստեղ հասկացել են, որ իշխող թիմում չկան ոլորտային մասնագետներ, եւ նեղացնել, հեռացնել կադրերին, կնշանակի կաթվածահար անել համակարգը։ Փոխարենը «ստրկատիրական կարգեր» են հաստատվել Գնել Սանոսյանի ղեկավարած համակարգում, որտեղ հարցը խիստ է դրված` կա՛մ մասնակցում եք ընդդիմության պայքարին, կա՛մ հեռանում եք։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Մեր ունեցած տեղեկություններով, իշխանությունները «իրավական» գործիքներով քաղաքական բռնաճնշումների նոր ալիք են նախապատրաստում և ցանկանում են հնարավորինս շատ «դոսյեներ» հավաքել ընդդիմադիր ճամբարում գտնվող առավել ազդեցիկ ու նկատելի գործիչների դեմ՝ առաջիկայում նոր գործեր «կարելու» նպատակով: «Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, իրավապահները այդ ճանապարհին գտնում են տվյալ գործիչների հետ այս կամ այն կերպ առնչվող կամ առնչված մարդկանց ու փորձում նրանց համոզել ցուցմունքներ տալ նշյալ ընդդիմադիրների դեմ: Ավելին, մեր զրուցակիցներից մեկը նման մի զավեշտալի պատմություն պատմեց, որը շատ բնութագրական է իրավապահների գործունեության համար:
Ըստ այդմ, իրավապահները «զրույցի են հրավիրել» ընդդիմադիր դիրքերից հանդես եկող նախկին բարձրաստիճան մի պաշտոնյայի վարորդին, որն ընդամենը 2 ամիս է աշխատել այդ պաշտոնյայի հետ: Նրան առաջարկել են ցուցմունքներ տալ իր նախկին ղեկավարի դեմ, ինչին ի պատասխան վարորդը նշել է, թե ինքն ընդամենը երկու ամիս է աշխատել, ու հիմա այդ մարդուն որ տեսնի, գուցե դեմքով էլ չհիշի: Նրան նույնիսկ պաշտոն են առաջարկել, ինչը քաղաքացուն բավական զվարճացրել է. «Ես քսան տարվա վարորդ եմ, կարգին կրթություն չունեմ, ես իմ գործն եմ անում, ինչ պաշտոն, ինչ բան»: Ի դեպ, մենք տեղեկություններ ունենք, որ նման բոլոր դեպքերը «գույքագրվում» են ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» շարժման կողմից՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի գաղափարի շրջանակներում:
Մեր ունեցած տեղեկություններով, իրավապահների կողմից իրականացվող բոլոր ապօրինությունները արձանագրվելու են, դրանք իրականացնողները՝ իդենտիֆիկացվելու, որպեսզի որոշակի իրավական ընթացակարգերով գործիքակազմեր կիրառվեն նրանց նկատմամբ:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Իշխանականները որոշել են «պատժել» ընդդիմադիր պատգամավորներին եւ նրանց այլեւս պատվիրակությունների կազմում չեն ընդգրկում: Խորհրդարանը դարձել է ՔՊ-ի որջը: Ինչպե՞ս, բացատրենք. այս օրերին ԱԺ հերթական պատվիրակությունն է գործուղվել Գերմանիա, որի կազմում բացառապես ՔՊ-ական պատգամավորներն են: Պաշտոնապես հայտնել են ԱԺ-ից, թե Գերմանիա են մեկնել հայ-գերմանական խորհրդարանական բարեկամական խմբի անդամները, եւ տպավորություն է, թե ամեն ինչ օրինական է: ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Բաբկեն Թունյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Հունանյանը գնացել են առավել բարեկամանալու գերմանական բունդեսթագի ներկայացուցիչների հետ: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբում 30 հոգի է ընդրկված, այդ թվում՝ ընդդիմադիր պատգամավորներ, սակայն Գերմանիա մեկնել են բացառապես իշխանականները:
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից բացատրեցին, թե պատվիրակության կազմը սովորաբար տվյալ բարեկամական խմբի ղեկավարն է որոշում՝ հաշվի առնելով պատգամավորների ակտիվությունը:
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը Վլադիմիր Վարդանյանն է, ուստի հենց նա է որոշել միայն իր թիմակիցներին գործուղել Գերմանիա:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիր պատգամավորներին պատվիրակության կազմերում չընդգրկելը եւս մեկ պատճառ ունի:
Բանն այն է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր պատգամավորները, որոնք նախապես ընդգրկված են եղել պատվիրակությունների կազմում, հրաժարվել են մեկնել գործուղումների ՔՊ-ականների հետ, իշխանոթյունն էլ «պատժում է» ընդդիմադիրներին՝ պատվիրակությունների կազմում չընդգրկելով»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Ադրբեջանում գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն առաջիկայում կանգնելու է դատարանի առջև։ Գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել է գործի նախաքննության ավարտի մասին, նշել, որ նյութերին ծանոթանալուց հետո միանգամից 15 մեղադրյալի մասով գործն ուղարկվելու է դատարան։ 2023 թվականի սեպտեմբերի վերջին ադրբեջանցիներն առևանգեցին և կալանավորեցին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին և նրա տեղակալ Դավիթ Մանուկյանին, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, խորհրդարանի նախագահ Դավիթ Իշխանյանին, նաև Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին ու Արայիկ Հարությունյանին։
Ամիսներ շարունակ նրանք մնացել են կալանքի տակ, և Հայաստանի իշխանությունները մատը մատին չեն խփել արցախցի զինվորականներին և նախկին պաշտոնյաներին հետ վերադարձնելու համար, ընդհակառակը՝ Հայաստանի գործող վարչախումբը ցուցադրաբար ուշադրություն չէր դարձնում Բաքվում գտնվող ռազմագերիների վրա, որևէ ջանք չէր գործադրում նրանց պաշտպանելու ուղղությամբ։ Ի սկզբանե տեղեկություններ էին շրջանառվում, որ նրանց հանձնելու մեջ խառն է նաև Նիկոլ Փաշինյանի մատը։ Այս տեղեկությունները թեև չեն հաստատվել, բայց այն, որ փաշինյանական իշխանությունը և նրա սպասարկուներն օգնել են հրապարակային վարկաբեկել գերիներին, փաստ է։
Ադրբեջանը մի քանի անգամ արտահոսքեր կազմակերպեց իբր գերիների տված ցուցմունքների վերաբերյալ, նաև պարբերաբար ձգձգում էր քննությունը։ Մեկ անգամ նույնիսկ հայտարարվեց, որ հրապարակվելու է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, բայց Ադրբեջանն այդպես էլ հարցազրույցը չի հրապարակել։ Ըստ շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով։ Գերիներից որոշները նույնիսկ հացադուլ են հայտարարել, իսկ Ռուբեն Վարդանյանը և նրա պաշտպանական թիմն ակտիվորեն պայքարում են ոչ միայն նախկին պետնախարարի, այլև մյուս ռազմագերիների իրավունքների համար։ Ի վերջո, առաջիկայում գործը կմտնի դատարան, ընդ որում՝ Ադրբեջանն իսկական շոու կազմակերպելու համար մտադիր է ոչ թե առանձին–առանձին գործեր ներկայացնել, այլ մեկ ընդհանուր փաթեթով, ինչը, նշենք, իրավաբանական նոնսենս է։
Ձերբակալված անձինք տարբեր տարիների, տարբեր ոլորտների համար են պատասխանատվություն ստանձնել, և մեկ փաթեթով նրանց դատելը դեմ է իրավունքի բոլոր նորմերին։ Այդ հանգամանքը, սակայն, Բաքվին բոլորովին չի մտահոգում։ Նրանք ցանկանում են մեծ շոու կազմակերպել այդ ամենից։ Չի բացառվում, որ ձերբակալվածներից որոշներն ամիսների ընթացքում կոտրված լինեն կտտանքների տակ, կամ էլ գործարքի գնացած լինեն Ալիևի վարչակազմի հետ, և դատարանում գուցե նվաստացուցիչ ցուցմունքներ ու կեղտոտ սենսացիաներ հնչեն, որոնք թույլ են տալու Ալիևին առաջ մղելու իրեն անհրաժեշտ նարատիվները՝ ցեխ շպրտելով Հայաստանի և Արցախի վրա, իսկ արևմտյան իրավապաշտպան մեքենան, ինչպես և արևմտյան քաղաքական գործիչներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում հայ ռազմագերիների վրա։ Վերջին հաշվով, Բաքվի դատարանում առաջիկայում սպասվող ամոթալի գործողությունն առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանի մեղքով է, հենց նա է պատասխանատու Արցախի նախկին իշխանավորների գերեվարման համար։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հաշված օրեր են մնացել, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեն սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի համատեղ գործունեության կանոնակարգի նախագիծը: Ըստ պայմանավորվածության՝ այն պետք է ստորագրվի հուլիսի 1-ին, որը կամրագրի, թե ինչ սկզբունքների հիման վրա եւ որտեղից են սկսելու սահմանազատումը: Սկսելու, քանի որ Տավուշում ոչ թե սահմանազատում է եղել, այլապես դա կարվեր կանոնակարգը հաստատելուց հետո, այլ՝ միակողմանի զիջումներ։
Ադրբեջանը հաջորդն ուզում է սահմանազատել Գեղարքունիքի կամ Արարատի մարզերի սահմանը, մասնավորապես Արարատ-Վայոց Ձոր հատվածը, որտեղ դեռ 2018թ. ապրիլ-մայիսին Նախիջեւանի կողմում ԳՇ պետ Արտակ Դավթյանի պաշտոնավարման շրջանում զիջել ենք բավական մեծ տարածք` Զանգակատան հատվածում: Թշնամին առաջ է եկել մոտ 6 կմ։ Բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում, ճանապարհն է վտանգի տակ հայտնվել, մինչդեռ 2014-ի հունիսին մեր բանակը մոտ 400 հեկտար առաջ էր գնացել՝ Հայաստան-Նախիջեւան սահմանին՝ զբաղեցրել նոր դիրքեր, որոնք իշխող էին նրանց դիրքերի նկատմամբ։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում