Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները
Նմանատիպ
Հունիսի 28-ին Իրանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները։ Քվեարկել է նաև երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենենին։
Նախագահի պաշտոնը երկրորդ ամենաբարձր պաշտոնն է իսլամական երկրում, որի գերագույն առաջնորդը այաթոլլա Ալի Խամենեին է 1989 թվականից։
Իրանի նախագահի պաշտոնի համար պայքարում է իսլամական հոգևորականից ու իրավաբանից բաղկացած Սահմանադրության պահապանների խորհրդի կողմից հաստատված 4 թեկնածու` 69-ամյա Մասուդ Պեզեշկիան (Մեջլիսի պատգամավոր) , 63-ամյա Մուստաֆա Փուրմոհամմադին (Արդարադատության, այնուհետև Ներքին գործերի նախկին նախարար), 58-ամա Սաիդ Ջալիլին (Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում այաթոլլա Խամեինի ներկայացուցիչ) և 62-ամա Մոհամմադ Բագիր Ղալիբաֆը (Իրանի մեջլիսի խոսնակ):
83,5 միլիոն իրանցուց ընտրելու իրավունք ունի 61 միլիոնը։ Սակայն վերջին հարցումների համաձայն՝ նրանցից ավելի քան 30 միլիոնը չի ցանկանում գնալ ընտրություններին։ Դիտորդները դա կապում են հակառակորդների նկատմամբ իշխանությունների քաղաքական ճնշումների, ինչպես նաև տնտեսական ճգնաժամի և վերջին տասնամյակների ընթացքում բարեփոխումների անհաջող փորձերի հետևանքով առաջացած հիասթափության հետ:
Նախագահի հավակնորդները երեք շաբաթից էլ քիչ ժամանակ ունեին ողջ երկրում հեռուստաբանավեճերի և նախընտրական արշավների միջոցով ընտրողներին գրավելու համար:
Հիշեցնենք, որ Իրանում նախագահի արտահերթ ընտրություններ են նշանակվել այն բանից հետո, երբ 2024 թվականի մայիսի 20-ին Իրանի նախագահական ուղղաթիռը ենթարկվեց ավիավթարի, ինչի արդյունքում զոհվեցին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմատին, Թավրիզի իմամ Մալիք Ռահմատին և ևս 5 մարդ (ներառյալ անձնակազմը)։
Հետևեք մեզ նաև Telegram-ում