Արմեն Մուրադյանը ծանոթացել է արյունաբանական կենտրոնի շինաշխատանքների ընթացքին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելել է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն` ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի, նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանի մասնակցությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են բուժական և շինարարական մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տեխնիկական և կազմակերպական խնդիրներին, շինարարության ժամկետներին: «Մանկական արյունաբանական ծառայությունը, մանկական ուռուցքաբանությունը մեր երկրի գերակա ուղղություններից են»,- ասել է Արմեն Մուրադյանը` հանձնարարելով նախարարության ներկայացուցիչներին պարբերաբար այցելել շինհրապարակ, հետևել աշխատանքների պատշաճ որակի և ժամկետների ապահովմանը:

Երևանի պրոֆ. Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնն արդիականացվում է, ինչպես նաև ոսկրածուծի և ցողունային բջիջների փոխպատվաստման և բարձր դեղաչափային քիմիաթերապիայի բաժանմունք է ստեղծվում «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում» և «Հիվանդությունների կանխարգելում և կառավարում» ծրագրի շրջանակում: Երկհարկանի ախտորոշիչ մասնաշենքի տեղում կառուցվող եռահարկ մասնաշենքում կտեղակայվի միջազգային չափանիշներին համապատասխանող ցողունային բջիջների պատրաստման և սառեցման լաբորատորիան, որը կբավարարի ISO և GMP չափորոշիչն երի պահանջներին: Ներկայումս կառուցվում է եռահարկ նոր մասնաշենքը և հիմնանորոգվում կենտրոնի յոթ հարկանի բուժական մասնաշենքը։ Արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների ավելի քան 25%-ը: Ծրագրով նախատեսված է նաև բժշկական անձնակազմի կրթում` միջազգային և տեղի մասնագետների կողմից, ինչպես նաև բուժման ուղեցույցերի մշակում:

ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով միջազգային ցուցանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ստեղծումը 2014թ. ՀՀ կառավարության սահմանած գերակա ուղղություններից է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում