ԱՄՆ-ում կայացավ Բայդեն-Թրամփ առաջին հեռուստաբանավեճը. ըստ CNN-ի հարցման՝ հաղթել է Թրամփը
Նմանատիպ
ԱՄՆ-ում տեղի է ունեցել առաջին հեռուստաբանավեճը ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի և հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի միջև։
Բանավեճի կազմակերպիչը CNN-ն էր։ Հաղորդավարներն առաջարկել են թեկնածուներին պատասխանել ամերիկացիների համար առավել հրատապ խնդիրներին վերաբերող հարցերի. բարձր գնաճ, կանանց աբորտի իրավունքի նկատմամբ վերաբերմունք, անօրինական միգրացիա, օգնություն Ուկրաինային, աֆրոամերիկացիների խնդիրներ, երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար և այլ, սակայն, նշվում է, որ երկու թեկնածուներն էլ խուսափել են պատասխանել շատ հարցերի՝ 90 րոպեանոց բանավեճի ընթացքում կրկնելով նախօրոք պատրաստած թեզերը:
Բայդենը պնդել է, թե իր ղեկավարության շնորհիվ երկիրը հաջողությամբ հաղթահարել է COVID-ի առաջացրած հետևանքները, և որ գնաճը նվազում է։
Բայդենը խոստացել է վերընտրվելու դեպքում բարձրացնել հարկերը բարձր եկամուտ ունեցող ամերիկացիների համար, որպեսզի սոցիալական ծրագրերը կարողանան ֆինանսավորել։
Թրամփն իր հերթին հայտարարել է, որ ներկայիս տնտեսական աճը իրականում իր նախագահության արդյունքն է։ Նա Բայդենին մեղադրել է անօրինական միգրացիան ներելու և նույնիսկ խրախուսելու համար, ինչը, ըստ Թրամփի, ծանր հարվածներ է հասցնում ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին:
Բանավեճի թեժ քննարկման թեմաներից էր Ուկրաինա ռուսական ներխուժումը։ Դոնալդ Թրամփը մի քանի անգամ կրկնել է, որ եթե ինքը լիներ Սպիտակ տանը, Ռուսաստանը չէր ներխուժի Ուկրաինա։ Նա ասել է, թե Աֆղանստանից ամերիկյան բանակի «ամոթալի» դուրսբերումը Պուտինին Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելու վճռականություն է տվել։ Նրա խոսքով՝ Բայդենի քաղաքականությունը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմի։
Թրամփը նաև ասել է, որ համաձայն չէ Պուտինի առաջարկած խաղաղության ծրագրին, Ռուսաստանի նախագահին անվանել է հանցագործ, սակայն կրկնել է, որ նախագահ ընտրվելու դեպքում ինքը կկարողանա ավարտել պատերազմն Ուկրաինայում նույնիսկ մինչև նախագահի պաշտոնի պաշտոնապես ստանձնումը։
«Ցանկանո՞ւմ եք երրորդ աշխարհամարտը սկսվի, ուրեմն՝ թույլ տվեք Թրամփին հաղթել ընտրություններում», – ասել է Բայդենը:
Մինչդեռ Թրամփը հակադարձել է, որ «եթե Բայդենը վերընտրվի, ԱՄՆ-ից, որպես երկիր, ոչինչ չի մնա»: Ըստ հանրապետականի՝ «նա ԱՄՆ պատմության մեջ վատագույն նախագահն է»:
«Մեր ուժը դաշինքի մեջ է, իսկ Թրամփը ցանկանում է մեզ ՆԱՏՕ-ից հանել», – շարունակել է Բայդենը:
Թրամփն էլ ասել է, որ «եթե ունենային իսկական նախագահ, նախագահ, որին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհարգեր, նա երբեք չէր ներխուժի Ուկրաինա»:
CNN-ի տվյալներով՝ բանավեճից առաջ ընտրողները (55% ընդդեմ 45%) ասել են, որ ակնկալում են, որ Դոնալդ Թրամփը ավելի լավ հանդես կգա, քան ԱՄՆ ներկայիս նախագահը։
Բանավեճից հետո ըստ արդյունքների՝ հեռուստադիտողների միայն 33%-ն է կարծել որ Ջո Բայդենն ավելի լավ է հանդես եկել, քան իր մրցակիցը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում