Ստի հայրը սատանան է, մեր շարժումը երկրից չարիքը վերացնելու համար է

Ստի հայրը սատանան է, մեր շարժումը երկրից չարիքը վերացնելու համար է

Մեր այս հարթակը պետք է դառնա ոչ քննարկումների, այլ ներկայացումների իմաստով կարևոր հարթակ։ Դրանք վերաբերելու են մեր կյանքի բոլոր շերտերին։ Մասնագետները, փորձագետները, տնտեսագետները, քաղաքական-հասարակական, արվեստի գործիչները կներկայացնեն այսօրվա բոլոր խնդիրները և դրանց վերաբերյալ մեր լուծումներն ու տեսակետները։ Այս մասին հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, ելույթ ունենալով Սուրբ Աննա Եկեղեցու բակում։

«Մեր շարժման հիմքը, էությունն ու բովանդակությունը բարձր իմաստով հոգևոր է, իր տեսակով՝ ազգային-ազատագրական։ Իր լուծումները վերջնահանգրվանին՝ քաղաքական: Բայց երբեք մեր շարժումը չի կարող լինել քաղաքական։

Շարժման բովանակությունը, էությունը, հիմքը, ծնունդն ու ծագումը խորը հոգևոր-բարոյագիտական է, հիմնված արժեքների վրա։ Շարժումը հաշտության, արդարության, ճշմարտության համար է ու նաև ստի դեմ։ Մենք գիտենք, որ ստի հայրը սատանան է, ուրեմն լայն իմաստով մեր շարժումը չարիքի դեմ է, մեր երկրից չարիքը վերացնելու դեմ է, չարիքի մարմնավորման դեմ է։ Այն չարիքի, որ վիշապի պես նստած է զուլալ աղբյուրի ակունքին ու ոչ միայն խմում է այդ ջրերը քչացնելով, սպառելով ու ոչնչացնելով, այլ միևնույն ժամանակ ծարավի է մատնում ողջ ժողովրդին»,-նշեց սրբազանը։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդի համոզմամբ՝ 100 իշխանություն էլ փոխվի, էլ ավելի վատն է լինելու մեր կյանքը, որովհետև հիմնադրություն ու հիմք չի ունենալու, որովհետև իշխանությունը ծնվելու է այն նույն չարիքի մեջից, որում հիմա ապրում ենք և մեր շարժումը արժեքային, արժեհամակարգային ու քաղաքակրթական դաշտի փոփոխության մասին է, որը բերելու է քաղաքական լուծման։

«Շարժման նկարագիրն ազգային-ազատագրական է, որովհետև արժեքային իմաստով վերաբերում է ազգին, ազգի վերականգնամը, կայացմանը, ի վերջո պետության, որը հիմա քայքայված վիճակում է գտնվում, արժեքի վերականգնմանը։

Ուզենք թե չուզենք քաղաքական լուծումների բաղադրիչը պետք է գործի, թեպետ լուծումները տարաբնույթ են, բայց թիրախը մեկն է, ազատագրություն՝ չարիքից։

Ստեղծվել է քաղաքական խորհուրդ, խոսնակների ինստիտուտ, որոնք շատ-շատ են և սա մեծ ուրախություն է, միևնույն ժամանակ ստեղծվել է համակարգորղ խորհուրդ։ Եվ մենք փորձել ենք այս փուլում հնարավորինս ներառական լինել, ներգրավելով բոլոր նրանց, ովքեր այս պայքարի և այս շարժման համախոհն են և հավատում են դավանած արժեքներին»,-նշեց սրբազանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում