Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը թույլ կտա ապրանքների տեղափոխումը համաշխարհային շուկաներ․ Օ՛Բրայեն

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը թույլ կտա ապրանքների տեղափոխումը համաշխարհային շուկաներ․ Օ՛Բրայեն

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղությունը օգուտ կբերի ամբողջ տարածաշրջանին։ Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ Օ՛Բրայենի՝ խաղաղության հաստատումը թույլ կտա ապրանքների տեղափոխումը համաշխարհային շուկաներ՝ Կենտրոնական Ասիայից Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։

ԱՄՆ փոխպետքարտուղարը նշել է, որ ԱՄՆ-ն հրավիրել է Հայաստանին և Ադրբեջանին` մասնակցելու գործընկերների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի 2024թ. Վաշինգտոնի գագաթնաժողովի շրջանակներում։

«ԱՄՆ-ն միշտ ուրախ է Վաշինգտոնում Բաքվի և Երևանի միջև բանակցությունների անցկացման համար: Այնուամենայնիվ, կան բազմաթիվ հաղորդակցության ուղիներ և երկու կողմերն էլ պահպանում են շատ արդյունավետ ուղիղ կապ»,-ասել է նա:

Օ՛Բրայենն անդրադարձել է նաև սպառազինության խնդիրներին, նշելով, որ ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։

«Լսել ենք, որ Հայաստանը սպառազինություն է գնում Ֆրանսիայից։ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի։ Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանն էլ է աշխատում այս ուղղությամբ։
Սա ցուցիչ է, որ փոխվստահության խնդիր կա, ինչը հասկանալի է, քանի որ 30-ամյա հակամարտություն է եղել»,-հավելել է ԱՄՆ փոխպետքարտուղարը։

Ջեյմս Օ՛Բրայենի հետ հանդիպման ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը խոսելով խաղաղության պայմանագրից, կրկին անդրադարձել է ՀՀ Սահմանադրությանը, շեշտելով այն փոխելու անհրաժեշտության մասին։

«Խաղաղության պայմանագրի հարցում առաջընթաց կա, սակայն անհրաժեշտություն կա հրաժարվելու Հայաստանի սահմանադրության մեջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնություններից»,-նշել է Բայրամովը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում