Որքան սուտը շատանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է․ Բագրատ Սրբազանը՝ Սյունիքում
Նմանատիպ
Թուրքիմզը հողերի մասին է, մի մտածեք, որ որևէ փաստաթղթով կամ սահմանազատումով նրանք մի սանտիմետր հող հետ կտան։ Նրանք եկել հասել են մեր դռան դեմը ու չեն էլ մտածում հետ գնալու մասին։ Ելույթ ունենալով Մեղրիի հրապարակում, այս մասին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը։
«Ինչպես Տավուշի համար եմ ասել, այնպես էլ Մեղրիի համար եմ ասում, որ սա մեր հայրենիքի դարպասն է։ Ընդամենը 4 տարի առաջ այս դարպասները շատ ավելի լայն ու երկար էին, ինչը խոսում է, որ մենք մեր տունը վերականգնելու այդ ամբողջ ճանապարհին մեր կյանքերի ընծայումով երբեք կանգ չենք առել»,-նշեց Սրբազանը։
Անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ասաց, որ Տավուշում սահնազատում ու սահմանագծում տեղի չի ունեցել և ոչ մի տեղ չի լինելու։ Սյունիքում էլ, Գեղարքունիքում էլ, Վայոց Ձորում էլ ու Արարատում էլ չի լինելու։ Լինելու է միայն հանձնել ու հանձնել։
«Այն աղետը, այն հայրենահանձնումը, որը տեղի է ունենում Տավուշում, շատ շուտով հասնելու է նաև Սյունիք, Գեղարքունիք և Արարատ։ Մեր շարժման բուն ծագումը տեղի է ունեցել հայրենահանձնումը կասեցնելու համար։ Տավուշում ինչ-որ իմաստով հաջողել ենք, բայց մենք գործում ենք մի ահռելի պետական ապարատի դեմ, որի երազանքը փողն է ու պաշտոնը, իսկ ամենամեծ գործիքը՝ սուտն ու կեղծիքը»,-հավելեց նա։
Իր խոսքում Բագրատ Սրբազանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որքան սուտը շատանում է, այնքան մեր հայրենիքը փոքրանում է։ Այս պայքարն իշխանափոխությունից ավելին է, իշխանափախոթյունն ընդամենը մի փոքրիկ բաղադրիչ է, մեր պայքարն արժեքների փոփոխության մասին է, մարդկանց վերադարձնելու հաշտության, արդարության ու ճշմարտության։
«Էս լեռները Նժդեհ են տեսել, էս լեռները հերոսական պատմություններ են տեսել, էս լեռները հաղթանակներ են տեսել։ Ի վերջո Նժդեհն այստեղից է Արաքս գետն անցել գնացել Պարսկաստան, իր նշանավոր խոսքն ուղղելով մեր ժողովրդին։ Եվ այն ժամանակ էլ շատ չէին մարդիկ, մի բուռ էին ընդամենը հազարավորների մեջ։ Այսօր էլ է այդպես, մի բուռն է հաղթելու, որովհետև այդ մի բուռն է հավատում ճշմարտությանը և կարողությամբ առաջ տանում այդ ճշմարտությունը, իսկ մեծամասնությունը հետևելու է ուղղակի»,-նշեց Սրբազանը։
Խոսելով առաջիկա քայլերից, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդն ընդգծեց․ «Հանձն եմ առել, որ մինչև չարիքը չվերանա մեր երկրից, չեմ դադարելու գործելուց։ Անկախ նրանից ինչ կպատահի կյանքում, ո՛չ կուրանամ, ո՛չ կդավաճանեմ, հետևաբար այդ հանձնառությունւը մեր շարժման դրոշն ու կնիքն է։ Ինձ համար սա նաև մեր երկրի հանդեպ անձնական պատասխանատվության հարց է։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր մարդ այս ամենն անձնական դարձնի»։
Բագրատ Սրբազանի համոզմամբ՝ չկա մեկը, որ երաշխավոր կանգնի հարցին, թշնամին թելադրում է, սրանք էլ անում են։ Դեռ չվերջացրած, հիմա էլ պահանջում են, որ Սահմանադրություն փոխեն։
«Ո՞վ է տեսել, որ առանց խաղաղության կնքման երկիր բաժանեն։ Հեռու չէ օրը, որ այսպես կոչված անկլավների հարցը բարձրանա ու գյուղերը սկսեն մեջ-մեջ կիսել։ Մեր ընդզվումն այս ամենի մասին է, որ ժողովուրդը կարողանա հասկանալ, տեսնել»,-ասաց Սրբազանը։
Անդրադառնալով պատերազմի սպառնալիքներին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդը նշեց, որ երբ որևէ հանգրվանում մենք ասում ենք ո՛չ, այս մարդը սպառնում է պատերազմով։
«Բա քո կոչումն ու պաշտոնն ի՞նչ է, այդ պատերազմը կանխելն ու այդ մարդկանց պաշտպանելը չէ՞, դրա համար չե՞ն քեզ ընտրել»,-հավելեց նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում