ԵՄ-ում չինական էլեկտրամոբիլների թեմայով քննարկումները խիստ հակասական են
Նմանատիպ
ԵՄ մի շարք երկրներ դեռևս հավանություն չեն տվել չինական էլեկտրամոբիլների ներկրման համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ դնելու՝ Բրյուսելի մտադրությանը։ Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ԵՄ անդամ երկրների նման դիրքորոշումը պայմանավորված է Չինաստանի հետ տնտեսական կոնֆլիկտ առաջացնելու մտավախությամբ։
Գործակալության տեղեկություններով՝ ԵՄ-ն պատրաստ է հուլիսի 4-ին հայտարարել Չինաստանից ներկրվող էլեկտրամոբիլների վրա լրացուցիչ հարկային պարտավորություններն ավելացնելու և 37,6 տոկոսի հասցնելու մասին։ Այդ քաղաքականության դեմ արդեն հանդես են եկել Գերմանիան, Հունգարիան, Նորվեգիան, Շվեդիան։ Բրյուսելի այդ մտադրությունը սուր քննադատության է արժանացել նաև Հունաստանի, Իռլանդիայի, Լեհաստանի ու Չեխիայի կողմից։
Հարկային պարտավորությունների ավելացման որոշմանը աջակցում են Իսպանիան, Իտալիան և Ֆրանսիան, որտեղ ապրում են ԵՄ բնակչության 40 տոկոսը։
«Եվրոպան պետք է պաշտպանի ինքն իրեն՝ վնաս հասցվելու պարագայում»,-Գերմանիայի էկոնոմիկայի նախարարի խոսքը փոխանցում է Reuters գործակալությունը։
Բայց և այնպես, Գերմանիայում այն կարծիքին են, որ հարկային պարտավորությունների ավելացումը ճիշտ մոտեցում չէ։ Նրանք վախենում են դրա հետևանքներից, որոնք ծանր ազդեցություն են ունենալու գերմանական ավտոարտադրողների վրա՝ այդ թվում Volkswagen AG-ի, Mercedes-Benz Group AG-ի, BMW AG-ի, որոնց ավտոմասերի զգալի մասը ներկրվում է Չինաստանից։
Հիշեցնենք, որ ԵՄ հայտարարություններին ի պատասխան՝ Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել էր, որ իրենց երկրի իշխանություններն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն՝ չինական արտադրության էլեկտրամոբիլների վրա լրացուցիչ հարկային պարտավորություններ դնելու դեպքում։
«Չինաստանն ուշադիր հետևելու է եվրոպական կողմի հետագա գործողություններին և անելու է անհրաժեշտ քայլերը՝ ազգային շահերի և հետաքրքրությունների պաշտպանության համար»,-նշված է Չինաստանի առևտրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում