Որ դեսպանատունն է խայտառակ պատասխան տվել Բագրատ Սրբազանին
Նմանատիպ
Փաշինյանը պարբերաբար իր թիմակիցներին հասկացնում է, որ ոչ ոք պաշտպանված չէ` մի օր մեկի ընկերոջը, մյուսը օրը մեկ ուրիշի հարսին, երբեմն հենց բարձր պաշտոն զբաղեցնող անձին կարող են անսպասելի կալանավորել, գործ հարուցել` առանց լուրջ հիմքերի․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կուտակային կենսաթոշակների՝ ամիսներ շարունակ ձգվող հարցը իսկական պատուհաս է դարձել բռնի տեղահանված արցախցիների համար:
2019 թվականից նրանց կուտակած կենսաթոշակային գումարների ճակատագիրն անորոշ է մնում, իսկ պատկան մարմինները տարբեր պատճառաբանություններով ձգձգում են հարցը, ինչի պատճառով բազմաթիվ սոցիալական խնդիրների առջեւ կանգնած արցախցիները չեն կարողանում ստանալ իրենց հասանելիք գումարը:
Այսպիսով՝ դեռ այս տարվա սկզբին՝ փետրվար-մարտ ամիսներին, Արցախի խորհրդարանն արտահերթ նիստով համապատասխան փոփոխություններ արեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում, որ այն արցախցիները, ովքեր ուզում են շուտ ստանալ իրենց կուտակած միջոցները, կարողանան գումարը վերցնել, երբ իրենց անհրաժեշտ է:
Հայաստանի խորհրդարանն էլ, հունիսի 11-ին հրավիրված արտահերթ նիստերի ժամանակ, ընդունեց օրինագիծ, որով ԼՂ-ի կուտակային համակարգում ձեւավորված կենսաթոշակային խնայողությունները տեղափոխվում են ՀՀ-ում գործող կենսաթոշակային ֆոնդեր:
Արցախցիները, սակայն, արդեն տեւական ժամանակ է՝ չեն կարողանում ստանալ գումարները, դիմում են տարբեր պատկան մարմինների, սակայն հարցը մեկը մյուսի վրա են գցում:
Ինչպես Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էր հայտնել՝ խոսքն ընդհանուր առմամբ մոտ 17 մլրդ դրամի եւ մոտ 34,5 հազար շահառուի մասին է։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի պատգամավորները օրերս քննարկում են ունեցել Հայաստանի ընդդիմադիր պատգամավորների հետ, որպեսզի վերջիններս կարողանան խորհրդարանում հարցին լուծում տալ:
Մեզ հետ զրույցում «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ պատրաստվում են օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը կկարգավորի խնդիրը եւ հնարավորություն կտա արցախցիներին ստանալու իրենց հասանելիք գումարը:
Եթե ՔՊ-ն մերժի այն, ինչը շատ հավանական է, ապա ընդդիմադիրները դիմելու են Սահմանադրական դատարան»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Սյունիք այցի ընթացքում՝ գորիսեցիների հետ հանդիպման ժամանակ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը, պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, ուշագրավ տեղեկություն է հայտնել։ Հարցնում էին հունիսի 12-ի դեպքերին ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների արձագանքի մասին, որ ոչ միայն չդատապարտեցին իշխանությանը՝ հատուկ միջոցներ կիրառելու եւ ոստիկանության վայրագությունների համար, այլեւ տեղ-տեղ անգամ մեղադրեցին ցուցարարներին։ Սրբազանն ասաց, որ մենք մեր հույսը մեզ վրա պետք է դնենք, ապա պատմեց դեսպանատներից մեկից իրենց փոխանցված խայտառակ պատասխանը։
«Այդ դեսպանատուն մեր հայրենակիցները նամակ են ուղարկել, խոշոր էլ երկիր, մեծ խաղացող՝ Եվրոպայից, նամակի հետ՝ ոստիկանական վայրագությունները՝ տեսանյութերով, որ 30 հոգով մարդ են ծեծում, կանանց, երեխաների վրա ռումբ են նետում, ծեծում-ջարդում են։ Ի՞նչ են պատասխանում․ ասում են՝ այո, այս դրվագները սարսափելի են, սրանք ուղղակի անընդունելի են, բայց ավելի պակաս սարսափելի են, քան այն, որ ռուսամետները պիտի գան իշխանության, ավելի ճիշտ՝ ռուսական գործակալները»։
Բագրատ սրբազանը չհրապարակեց երկրի անունը՝ ասելով, որ նման իրավասություն չունի, սակայն, մեր տեղեկություններով, խոսքը Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինիի մասին է։ Նրա անունից են նման պատասխան փոխանցել շարժման ակտիվին։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Փաստ» օրաթերթը գրում է․ Նախորդ համարում տեղեկացրել էինք, թե ինչպիսի քաոս է տիրում հատկապես մայրաքաղաքի անձնագրային բաժիններում՝ կապված նույնականացման քարտերի համար առցանց հերթագրման համակարգի վերացման ու դրա արդյունքում «կենդանի հերթերի» գոյացման հետ:
Նյութի հրապարակումից հետո ստացել ենք բազմաթիվ արձագանքներ, որոնց հիման վրա «Փաստի» լրագրողները լրացուցիչ շրջայց են կատարել՝ պարզելով, որ վիճակն իրականում ավելի ծանր է, քան կարելի է պատկերացնել: Պարզվում է՝ նույնականացման քարտերի առցանց հերթագրման վերացման արդյունքում առաջացած «թափուր» օրերին ու ժամերին հերթագրման հնարավորություն է ավելացել այլ ծառայությունների, այդ թվում՝ անձնագրավորման համար, սակայն երբ հերթագրված քաղաքացիները մոտենում են անձնագրային բաժիններ, պարզվում է, որ իրենց անունը ցուցակներում չկա:
Մարդիկ ստիպված են տեղում հերթագրվել և ժամերով սպասել: Մարդկանց բողոքներին ի պատասխան՝ բաժիններում ասում էին, թե իրենք կապ չունեն, և կոչ էին անում դիմել թեժ գիծ: Իսկ վերջինիս զանգահարելն ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է. կա՛մ համարը զբաղված է, կա՛մ պատասխանող չկա…
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Տեւական բոյկոտից հետո իշխանությունները կրկին ակտիվացրել են Ռուսաստան այցերը։ Հուլիսի 4-6-ն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ Վոլոգդայի մարզի Չերեպովեց քաղաք` աշխատանքային այցով։ Պատվիրակության կազմում են նաեւ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Սանդիկովը, ինչպես նաեւ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Սոֆյա Մնացականյանը։
Նկատենք, որ Ալեն Սիմոնյանը տեւական ժամանակ է՝ շրջագայում է միայն արեւմտյան երկրներում, իր հակառուսական հայտարարությունների պատճառով թերեւս անցանկալի պաշտոնյա է համարվում ՌԴ-ում, ինքն ու Մարիա Զախարովան հեռակա ռմբահարում են միմյանց, եւ գուցե ինքն էլ է խուսափում Ռուսաստան մեկնելուց, ուստի վերջին շրջանում Ռուսաստան գործուղումների եւ ռուսական շրջանակների հետ հանդիպումներին մասնակցում է Հակոբ Արշակյանը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի 2 մերձավոր ձերբակալվեց` Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Մոտ մեկ տասնյակ այլ անձինք՝ նույնպես: Մեղադրվում են պաշտոնի եւ պետական գնումների ոլորտում չարաշահումների համար: Անցած տարի էլ կալանավորվեց Ավինյանի մեկ այլ մտերիմ` փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանը՝ առողջապահության ոլորտի չարաշահումների հետ կապված քրեական գործով: Փաշինյանը պարբերաբար իր թիմակիցներին հասկացնում է, որ ոչ ոք պաշտպանված չէ` մի օր մեկի ընկերոջը, մյուսը օրը մեկ ուրիշի հարսին, երբեմն հենց բարձր պաշտոն զբաղեցնող անձին կարող են անսպասելի կալանավորել, գործ հարուցել` առանց լուրջ հիմքերի: Պարզապես վախը բռնելու եւ ցույց տալու համար, թե ով է երկրում «ասողը»:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում