Պետբյուջեի նախագծում արտացոլված է բնակչության բարեկեցության աճի ապահովման սկզբունքը. Արթուր Ջավադյան

Ուղղորդվելով մակրոտնտեսական հավասարակշվածության շարունակական բարելավման ռազմավարության սկզբունքով՝ 2015թ. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կշարունակի տնտեսական միջոցառումների իրականացումը՝ պետական միջամտությունն ուղղելով ներքին միջոցների արդյունավետ վերաբաշխմանը և տնտեսության կայուն աճի ապահովմանը: Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը՝ ներկայացնելով ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը: «Մասնավորապես, կառավարության գերակա խնդիրներից մեկը երկրի բնակչության բարեկեցության աճի ապահովումը և աղքատության հաղթահարումն է, որն իր արտացուլումն է գտել 2015թ. պետական բյուջեի ծրագրում: Ընդ որում, շարունակելով պահպանել պարտքի կայունության ապահովմանը նպաստող բյուջեի պակասուրդի մակարդակը՝ 2015թ. համար նախատեսվում է բյուջեի պակասուրդը հասցնել ՀՆԱ-ի 2.34 տոկոսի սահմաններին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ջավադյանը:

Պետբյուջեի եկամուտների մասով 2015թ. բյուջեի ծրագիրն արտացոլում է միջնաժամկետ ծրագրով նախատեսված հարկերի հավաքագրման աճին ուղղված միջոցառումների շարունակականությունը, որի պարագայում պետբյուջեի եկամուտների և դրամաշնորհների գծով տարեկան աճը կազմում է 4.3 տոկոս, իսկ հարկային եկամուտների գծով՝ 3.1 տոկոս: «Ընդ որում, հարկային եկամուտների և պետական տուրքերի ցուցանիշը 2014թ. հաստատվածի նկատմամբ ավելի է 33.4 միլիարդ դրամով: Հարկ է նշել, որ, հավատարիմ մնալով եկամտային քաղաքականության գերակա ուղղություններից մեկին, 2015թ. շարունակվելու է տնտեսական գործունեության ստվերային և ոչ ֆորմալ հատվածի կրճատմանն ուղղված վարչարարական միջոցառումների իրականացումը: Վերջինիս և օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է հավաքագրել շուրջ 28.5 միլիարդ դրամ»,- ընդգծեց ԿԲ նախագահը:

Ելնելով պետբյուջեի եկամուտների կանխատեսվող մակարդակից և դիֆիցիտի ու պետական պարտքի նպատակային ցուցանիշներից՝ պետական ծախսերը նախատեսվել են ՀՆԱ-ի 26.68 տոկոս, որը 0.3 տոկոսային կետով ավելի է 2014թ. պետական բյուջեի մասին օրենքով սահմանված ցուցանիշից: «Ընդ որում, ծախսերի ծավալի 91.6 տոկոսը բաժին է ընկնում ընթացիկ, իսկ 8.4 տոկոսը՝ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերին: Ընդհանուր առմամբ, պետբյուջեի ծախսային մասը 2014. Պետական բյուջեի հաստատված մակարդակի համեմատ կավելանա 52.2 միլիարդ դրամով»,- նշեց Արթուր Ջավադյանը:

Սոցիալական բնույթի ծախսերը 2015թ. կկազմեն ամբողջ ծախսերի 45.9 տոկոսը՝ ՀՆԱ-ում աճելով 3 տոկոսային կետով 2014թ. օրենքով նախատեսված ցուցանիշի նկատմամբ: «Գնաճի վրա ազդեցության տեսանկյունից գնահատվում է, որ 2015թ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծրագրի իրականացման արդյունքում կդիտվի գնաճային միջավայրի որոշակի ընդլայնում՝ պայմանավորված մի կողմից համախառն պահանջարկի վրա պետսպառման ընդլայնող ազդեցությամբ և մյուս կողմից՝ 2014թ. հուլիսից պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ. 2015թ. պետական աշխատավարձի միջին հատվածը բարձր կլինի 2014թ. միջին աշխատավարձից»,- ասաց Ջավադյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում