Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպել է ֆրանսիացի իր պաշտոնակցին

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում Է ունեցել Ֆրանսիայի պաշտոնակից Ժան Իվ լե Դրիանի հետ և քննարկել ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության խորացման հարցերը, ՆԱՏՕ-ի Ուելսի գագաթնաժողովի արդյունքները և դաշինքին Վրաստանի անդամակցության հեռանկարները: 

Ժան Իվ լե Դրիանը Ֆրանսիայի աջակցությունն Է հայտնել եվրատլանտյան կառույցներին, ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրացմանը:Ֆրանսիայի պաշտպանության նախարարը վրացական կողմին նաև շնորհակալություն Է հայտնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում (ԿԱՀ) իրականացվող ԵՄ-ի առաքելությանը վրացի զինվորականների մասնակցության համար:

«Մեր երկկողմ հարաբերություններն ավելի են ամրանում, խորանում և դառնում են համապարփակ: Ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցերը, ռազմական գործողության ընթացքը ԿԱՀ-ում, Վրաստանի պաշտպանունակության ամրապնդման հարցերը»,-նշել Է Ալասանիան, հաղորդել Է «Գրուզիա Online» գործակալությունը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում