Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին
Նմանատիպ
Ս․թ․ հուլիսի 1-4-ը Երևանում Fastex-ի աջակցությամբ տեղի է ունենում 5-րդ Harmony Meetup տեխնոլոգիական միջոցառումը։ Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովներն ու մասնագետները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, խաղային արդյունաբերության 70 առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներն ամբողջ աշխարհից ժամանել են քննարկելու ոլորտի մարտահրավերները, մասնակցելու պանելային քննարկումների։ Հյուրընկալող՝ հայկական մասնագիտական համայնքը հնարավորություն է ստեղծել կիսվելու գիտելիքով և փորձով, ինչպես նաև շրջայց կատարել «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության մասնաշենքերում։
«Հիմնական թեման, որն այս հանդիպման առանցքում է, բլոկչեյնն է՝ իր զարգացումներով, տեխնոլոգիական առաջընթացով, հնարավոր լուծումներով։ Ունենք բազմաթիվ նախագծեր, որոնք իրականացվել են, կան մի շարք մտահղացումներ, որոնց շուրջ հանդիպումներ ենք անցկացնելու մեր գործընկերների հետ։ Վստահ եմ՝ առաջիկայում ականատեսը կլինենք նոր պրոդուկտների ու ծառայությունների, որոնք Ֆաստեքսը կմատուցի հանրությանը», – ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:
Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա։ Թեմաները բազմազան են․ օրինակ՝ Web3 հայեցակարգում օգտատերերի թվային ինքնության վերահսկման մարտահրավերները, թվային ինքնության կիրառելիությունն այլ ոլորտներում, Բահամուտ բլոկչեյնի երկրորդ շերտի առանձնահատկությունները և առավելությունները ցանցի համար, «Բահամուտ» հիմնադրամի կողմից աջակցություն ստացած տեխնոլոգիական պրոդուկտներ, Fastex Card-ի վիրտուալ ու իրական տարբերակներ, ապակենտրոնացված ֆինանսների ոլորտի՝ DeFi-ի ընթացիկ իրավական և տեխնոլոգիական մարտահրավերներն ամբողջ աշխարհում և, իհարկե, Հայաստանում։
Ի դեպ, արդեն երկրորդ տարին անընդմեջ web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ ականատեսը կդառնան հատուկ մրցանակաբաշխության, որի ընթացքում կհայտարարվեն 9 անվանակարգերում մասնակցության հայտ ներկայացրած 120 ոլորտային նախագծերի հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3,333,000 FTN-ն ուղղվելու է հաղթող նախագծերի առաջխաղացմանը միջազգային շուկայում։