Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է ձախակողմյան կոալիցիան
Նմանատիպ
«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 տեղ։ Այս մասին հայտնում են ֆրանսիական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության պաշտոնական տվյալները:
Երկրորդ տեղն զբաղեցրել է նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան (168 մանդատ), երրորդը՝ Մարին Լը Պենի և Ժորդան Բարդելլայի ծայրահեղ աջ «Ազգային միավորումը», որն ստացել է 143 մանդատ։
Ընտրություններին մասնակցությունը կազմել է 66,63 %։
Այնուամենայնիվ, ոչ մի քաղաքական ուժի չի հաջողվել մեծամասնություն ստանալ խորհրդարանում։ Ազգային ժողովն ունի 577 պատգամավոր, իսկ մեծամասնության համար անհրաժեշտ է 289 տեղ։
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հուլիսի 8-ին պետք է հրաժարականի դիմում ներկայացնի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա հայտարարել է, որ կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։
Մակրոնն առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չի տվել։
Առաջին փուլի արդյունքներով «Ազգային միավորում» դաշինքը զբաղեցրել էր առաջին տեղը և բարձր արդյունքի հույս ուներ հուլիսի 7-ի քվեարկության ժամանակ, սակայն երկրորդ փուլից առաջ ձախերն ու Մակրոնի կողմնակիցները միավորել են ուժերը՝ կանխելու ծայրահեղ աջերի հաղթանակը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը արտահերթ ընտրություններ էր նշանակել ժամկետից երեք տարի շուտ՝ Եվրախորհրդարանի ընտրություններում Ֆրանսիայի ծայրահեղ աջերի հաղթանակից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում