Փեզեշքիանն ադրբեջանական ծագմամբ թուրք է. Էրդողանը խոսել է Իրանի նորընտիր նախագահի մասին
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Իրանի հետ հարաբերությունների դրական և ինտենսիվ զարգացում է ակնկալում այդ երկրում անցկացված նախագահական ընտրություններից և բարեփոխիչների թեկնածու Մասուդ Փեզեշքիանի հաղթանակից հետո։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ Գերմանիայից վերադառնալու ճանապարհին։
«Մասուդ Փեզեշքիանն իրականում ադրբեջանական ծագմամբ թուրք է, Թավրիզում խոսում է թուրքերեն, բայց երբ գալիս է քրդական շրջաններ, այնտեղ կարող է քրդերեն խոսել: Նա նաև շատ լավ տիրապետում է պարսկերենին։ Ես կզանգահարեմ և կշնորհավորեմ նրան։ Հուսով ենք, որ Թուրքիայի և Իրանի հարաբերությունները ապագայում կբարելավվեն։ Ավելին, Իրանն այն երկիրն է, որի հետ Թուրքիան լավագույն հարաբերություններն ունի տարածաշրջանում։ Իրանը նաև կարևոր հարևան է, որի հետ մենք պատմամշակութային կապեր ունենք։ Ակնկալում եմ, որ նոր ժամանակաշրջանում Թուրքիայի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունները կզարգանան դրական և արագացող տեմպերով»,- Էրդողանի խոսքն է մեջբերում Anadolu գործակալությունը։
Հուլիսի 5-ին Իրանում տեղի է ունեցել արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Բարեփոխական թևի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը հաղթել է ձայների 53,6%-ով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում