ՔՊ-ական պատգամավորները հղիության վաղաժամ ընդհատումն ուզում են հեշտացնել․ առավոտյան մամուլը Times.am-ում

ՔՊ-ական պատգամավորները հղիության վաղաժամ ընդհատումն ուզում են հեշտացնել․ առավոտյան մամուլը Times.am-ում

Որքան մեր իշխանությունը շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավորները չեն դադարում զարմացնել իրենց «մտքի թռիչքով»:

Ամեն ինչ մեր երկրում իր բնական հունով ընթանում է, ամեն բան կարգին է՝ հիմա էլ ՔՊ-ականները որոշել են հեշտացնել հղիության վաղաժամ ընդհատումը եւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը:

Աղմկահարույց՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագծի հեղինակներն են ՔՊ-ական պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Լուսինե Բադալյանը, Տաթեւիկ Գասպարյանը եւ Լենա Նազարյանը։

Այսպիսով՝ գործող օրենքով` միայն հիվանդանոցային պայմաններում եւ գործիքային մեթոդներով են թույլատրում հղիության արհեստական ընդհատում, սակայն ՔՊ-ականներն առաջարկում են ավելի հասանելի դարձնել այս գործընթացը, եւ մինչեւ 8 շաբաթական հղիության դեպքում թույլատրել դեղորայքային արհեստական ընդհատումը՝ գինեկոլոգիական լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպություններում, ինչպես ամբուլատոր, այնպես էլ հիվանդանոցային պայմաններում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումով՝ նախատեսվում է մինչեւ 12 շաբաթական հղիության արհեստական ընդհատում, Հայաստանում որոշել են շեմը իջեցնել:

ՔՊ-ականներն առաջարկում են նաեւ ՀՀ-ում թույլատրել սեռաբջջի նվիրատվությունը, արտահանումը եւ ներմուծումը.
ՔՊ-ականների հեղինակած նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մայր ծառայություններից օգտվողների տարիքային շեմը բարձրացնել 53-ից 55, իսկ սուրոգատ մոր տարիքը 35-ից բարձրացնել 38։

Նախագծով առաջարկվում է նաեւ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու իրավունքը չտարածել օտարերկրյա քաղաքացիների, ինչպես նաեւ հղիությունը կրելու բժշկական հակացուցում չունեցող կնոջ նկատմամբ։

Արձանագրենք, որ ՔՊ-ական պատգամավորների գրեթե բոլոր հեղինակած նախագծերը միտված են ոչ թե երկրում որեւէ խնդիր լուծելուն կամ որեւէ հարց կարգավորելուն, կամ հենց իրենց հռչակած՝ 5 մլն բնակիչ ունեցող Հայաստանի կառուցմանը, այլ ընդհակառակը՝ բացառապես նպատակ ունեն խեղաթյուրելու մեր ազգային արժեքները եւ հասարակությանը հերթական անգամ նոր շոկի ենթարկելու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանն ու նրա ուսապարկերը մինչեւ վերջ պնդում են իրենց սխալը՝ այն փորձելով ճշտի տեղ ներկայացնել։ Անցած շաբաթվա վերջին Տավուշ՝ Կիրանց էին մեկնել օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչները: Տեղում ֆոտոսեսիա էին արել՝ մեկ-երկու բնակչի հետ: Իսկ շաբաթ օրը անվտանգության մեծաթիվ ուժերով Կիրանց էր մեկնել Նիկոլ Փաշինյանը, ով ոչ այնքան կիրանցեցիների նոր կարգավիճակով ու ապրումներով էր անհանգստացած, քանի որ այդ դեպքում կհանդիպեր մարդկանց հետ, որքան մեկնել էր Բագրատ սրբազանին, ըստ էության, պատասխանելու:

Հիշեցնենք, որ սրբազանը շաբաթներ առաջ մեկնել էր Կիրանց եւ հերքել Փաշինյանին, ով Սյունիք այցի ժամանակ տեղացիներին հեռախոսով ցուցադրում էր եւ պարծենում Տավուշում տեղադրված սահմանային փշալարերով։ Բագրատ սրբազանը հայտարարել էր, որ փշալարեր Կիրանցում չկան, մարդիկ փնտրում են` չեն գտնում։ Շաբաթ օրը Փաշինյանը հատուկ ֆոտոսեսիա էր կազմակերպել փշալարերի շուքին եւ օպերատորին ցուցումներ էր տալիս, թե որ հատվածները նկարի։ Եվ չնայած սահմանազատում կոչվող միակողմանի զիջումների հետեւանքով Կիրանցը կիսվել է, ոմանք կորցրել են իրենց տները, սեփականությունը, քունն ու հանգիստը, մի քանի ընտանիք էլ, ըստ լուրերի, լքել է գյուղը՝ հասկանալով, որ այլեւս ապահով չէ այստեղ ապրելը, Փաշինյանին իր բերած աղետն անգամ հետ չի պահում այդ թեման շահարկելուց: Նա փորձում է փշալարերի տեղադրումը որպես խոշոր ձեռքբերում ներկայացնել՝ հայտարարելով, թե գյուղացիները փշալարերից այս կողմում հանգիստ կարող են իրենց հողը մշակել։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի այս պահի իշխանությունները տարբեր «ծրագրերով» ու միջոցներով ամեն ինչ անում են՝ ստիպելու բռնի տեղահանված արցախցի մեր հայրենակիցներին՝ դառնալ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչն ինքնին շատերի շրջանում անհանգստություն է առաջացնում, որ դրանով Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը վերջնականապես են ոչնչացնում Արցախի Հանրապետությունը, ուզում են մեկընդմիշտ փակել Արցախի թեման: Վերջին շրջանում մենք տարբեր ահազանգեր ենք ստանում, որ արցախցիներին որևէ արժանապատիվ աշխատանք չեն առաջարկում, հատկապես պետական մարմիններում բավական խտրական վերաբերմունք են դրսևորում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ խնդիրն իսկապես առկա է, և ամենաբարձր մակարդակով կարգադրվել է արցախցիներին թեկուզ մի փոքր «պաշտոն հիշեցնող» աշխատանքի չնշանակել, եթե նույնիսկ թեկնածուները Արցախում լուրջ պաշտոն են զբաղեցրել և բավական բարձրակարգ մասնագետներ են: Նրանց առաջարկվում է միայն, այսպես կոչված, «սպասարկող» աշխատանք, ընդ որում՝ ոչ միայն պետական հաստատություններում, այլև այն կազմակերպություններում, որտեղ իշխանություններն ուղղակի կամ անուղղակի ազդեցություն ունեն:

Թերթի տեղեկություններով, արցախցիներին տարբեր խողովակներով հասկացնում են, որ «մի փոքր» բացառություն կլինի նրանց նկատմամբ, ովքեր կստանան ՀՀ քաղաքացիություն: Սակայն, միևնույն ժամանակ, զգուշացրել են, որ շատ լուրջ ակնկալիքներ չունենան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանի անակնկալ պաշտոնազրկումը, կարծես թե, խոր արմատներ ունի: Տարբեր հրապարակումների համաձայն՝ մինչեւ 2018-ի հեղափոխությունը՝ ԱՄՆ-ում տաքսու վարորդ աշխատած Պողոսյանը համակարգել է կապի և տիեզերական գործունեությունը, որը, կարծես թե, ձախողվել է:

Թեեւ Պողոսյանն իր պաշտոնանկութան օրը հայտարարել էր, թե իր օրոք.

«Շահագործման են հանձնվել Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի կառավարման կենտրոնն ու ընդունիչ կայանը, իսկ արբանյակի շահագործումն իրականացվում է ըստ նախանշված ծրագրի;

Մշակվել է Տիեզերքի ռազմավարությունը, որի ընդունման գործընթացը մոտեցել է վերջին փուլին»:

Այս կարևորագույն պաշտոնյային, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 3-ին ազատեց նախարարի տեղակալի պաշտոնից, որտեղ Պողոսյանն աշխատում էր 2022 թվականի հունիսի 20-ից:

«Ժողովուրդ» օրաթերթին որոշ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես և ինչու է Ավետ Պողոսյանը ազատվել պաշտոնից։ Ըստ կառավարությունից մեզ հասած լուրերի, երբ «Հայասաթ-1» արբանյակը ԱՄՆ-ի «Վանդենբերգ» ավիաբազայից ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով, ապա նաև «Արմսաթ-1»-ը, խնդիր են դարձել ոլորտի համակարգող Պողոսյանի համար:

Բանն այն է, որ ըստ տարբեր մասնագետների՝ տիեզերք ուղարկված արբանյակները այլ երկրների արբանյակների գլխին պատուհաս են դարձել, խափանել շատ երկրերի արբանյակների կամ դրանց ծրագրերի մի մասի գործունեությունը: Եվ ահա, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակներ են հղել տարբեր երկրների (ցանկը ճշտվում է, ավելի ուշ կհրապարակենք) կառավարություններից, հորդորել են հետ իջեցնել արբանյակը/ները, քանի որ ոչ պրոֆեսիոնալ և չհաշվարկված է եղել աշխատանքը, որակը և մեկնարկը:

Կառավարությունները պնդել են, որ իրենց արբանյակների աշխատանքը խափանում է գրանցել հենց «Հայասաթ»- պատճառով։

Ահա, այս պատճառով էլ, թերևս, Ավետ Պողոսյանին պարզապես հեռացրել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, սակայն ձախողման համար որևէ այլ պատժամիջոց չի կիրառվել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Ավետ Պողոսյանին տեղեկությունները ճշտելու համար, վերջինս մեզ փոխանցեց, թե՝ «Նախ ինձ աշխատանքից չեն ազատել, առավել ևս՝ լուրջ պատճառներով: Ինչ վերաբերում է «Հայասաթ 1» արբանյակին, դա մասնավոր նախաձեռնություն է, որը պետության և նախարարության հետ կապ ունի միայն այնքանով, որ պետությունից ստացել է տիեզերական գործունեության լիցենզիա՝ օրենքով սահմանված կարգով: Իսկ, եթե նկատի ունեք ՀՀ-ին պատկանող «Արմսաթ 1» արբանյակը, այն բնականոն հունով շարունակում է իր աշխատանքը՝ ինչպես ի սկզբանե նախատեսված է եղել: Ձեր և որևէ տեղեկություն իրականությանը չի համապատասխանում»:

Հիշեցնենք, որ Ավետ Պողոսյանը ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի քաղաքացիական ամուսինն է»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Որքան մեր իշխանությունը շատ է խոսում դեպի Եվրոպա գնալու մասին, այնքան դժվարանում է ՀՀ քաղաքացիների համար Շենգեն-վիզաներ` ԵՄ երկրներ մուտքի արտոնագիր ստանալը: Մարդիկ հերթագրվում են որեւէ արեւմտյան դեսպանություն մտնելու համար եւ ամիսներով սպասում, որ մտնեն ու մերժում ստանան: Օրինակ, Գերմանիայի դեսպանություն այս օրերին մտնում են 2023-ի դեկտեմբերին հերթագրվածները: Դեսպանությունում էլ նրանք հերթ են կանգնում, տասնյակ փաստաթղթեր ներկայացնում, տեղեկանքներ, բանկային հաշվից քաղվածք եւ 15 հազար դրամ վճարում տեղում: Ապա հյուպատոսության թղթերն ընդունող աշխատակիցը մանրակրկիտ հարցուփորձ է անում` ո՞ւր եք գնում, ինչո՞ւ, իսկ ինչո՞ւ հենց այդ քաղաքը, այլ ոչ թե մեկ ուրիշը: 2 շաբաթ անց մարդը կրկին գնում է` հերթ կանգնում եւ անձնագիրը ստանալով` տեսնում, որ Շենգեն վիզան «չեն խփել» կամ ընդամենը 10 օրվա մուտքի թույլտվություն են տվել:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

«Փաստ» օրաթերթը գրում է. Իրանում օրերս տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում հաղթանակ տարավ Մասուդ Փեզեշքիանը: Կան քաղաքագետներ, որոնք կարծում են, թե այս ընտրությունից քաղաքական կուրսի էական փոփոխություն ակնկալել պետք չէ, քանի որ այդ երկրում արտաքին քաղաքական ուղղությունները նախանշում է երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, իսկ նախագահը գործում է նրա գծած շրջանակներում: Այսինքն, կա տեսակետ, որ չպետք է նաև լուրջ փոփոխություն սպասել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններում։

Այդուամենայնիվ, քիչ չեն փորձագետները, որոնք վստահ են, որ չի կարելի բացառել որոշակի ռիսկերը: Մեզ հետ զրույցում Հայաստանի միջազգայնագետներից մեկը նշեց, որ առաջին ռիսկերը կարող են վերաբերել Իրանի ու ԱՄՆ-ի (հատկապես, որ այստեղ էլ աշնանը սպասվում են ընտրություններ, և նախագահի փոփոխությունը չի բացառվում) երկխոսության հնարավորություններին, ինչպես նաև Իրանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների որոշակի վերանայմանը, որոնք կարող են էապես ստվերել Հայաստանի շահերը: Առավել ևս, եթե Ադրբեջանը շարունակի իր հակաարևմտյան «գիծը»: Մեր զրուցակցի խոսքերով, շատ ավելի ուշադիր պետք է լինել Իրան-Ռուսաստան հարաբերությունների կոնտեքստում. այստեղ ևս երկխոսության որոշակի տրանսֆորմացիայի դեպքում (ընդ որում՝ ցանկացած տրանսֆորմացիայի) դարձյալ կարող են մեր երկրի շահերը ստորադասվել:

Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: «Ցավոք, Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը փաստացի Հայաստանը դարձնում են աշխարհաքաղաքական մանրադրամ, ինչի արդյունքում կա վտանգ՝ հայտնվելու աշխարհաքաղաքական բախման թատերաբեմում: Նրանք, փոխանակ ամրապնդելու Իրանի հետ հարաբերությունները, նույնիսկ բարեկամ երկրի հետ զորավարժություններ անելու, վերջինիս հակառակորդ երկրի՝ ԱՄՆ-ի հետ են ուսումնական վարժանքներ կազմակերպում, ավելի են մխրճվում արևմտյան սարդոստայնում: Սա կարող է չափազանց վտանգավոր լինել»,-նշեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ, Արագածոտնի մարզում բավականին կառուցողական հանդիպում է ունեցել բյուրականցիների հետ։ Աշխատանքի բաժանում է արվել, պատասխանատուներ են նշանակվել, որոնք կկազմակերպեն՝ ինչ անել եւ ինչպես մարզի բնակիչներին առաջիկա գործողություններին պատրաստել։ Սրբազանն Արագածոտնում այցելել է Օշական եւ Բյուրական: Թե ինչու Ապարան եւ Աշտարակ չեն գնացել, նրա  կողմնակիցներից մեկը վստահեցրեց, որ առանձին այցեր էլ են նախատեսվում, հատկապես՝ Ապարան։

Ուշագրավ է, որ Արագածոտնի հոգեւոր թեմի առաջնորդը, ով Գարեգին Բ կաթողիկոսի քրոջ որդին է՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ընդառաջ չի գնացել սրբազանին: Իհարկե, թեմի առաջնորդի նստավայրն Աշտարակում է, սակայն ցանկության դեպքում նա կարող էր, ի նշան աջակցության, հանդիպում ունենալ սրբազանի հետ, հատկապես որ նա այն հոգեւորականներից է, որ շարժման մեկնարկից հետո` ի զորակցություն Բագրատ սրբազանի, այցելել էր Տավուշ, երբ սրբազանը դեռ այնտեղ նստացույց էր անում։ Շարժման ակտիվը սպասել է նրա այցին եւ այդ հանդիպմանը, սակայն այն այդպես էլ չի կայացել, ինչը թերեւս բացատրվում է նրանով, որ Հայ առաքելական եկեղեցին եւ կաթողիկոսն անձամբ հետ են քաշվել պայքարից։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում