Դավութօղլուն խոսել է Մահչուփյանին խորհրդական նշանակելու մասին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է պոլսահայ հայտնի լրագրող Էթյեն Մահչուփյանին իր գլխավոր խորհրդական նշանակելու հարցին, ինչը քննարկման թեմա է դարձել թուրքական ազգայնական շրջանակներում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Դավութօղլուն ասել է. «Էթյեն Մահչուփյանին խորհրդական եմ նշանակել ոչ նրա հայկական ինքնության համար: Նա իսկական մտավորական է` իրապես խղճի տեր մարդ: Նա լինելու է Հանրապետության պատմության մեջ պետական համակարգում բարձրաստիճան պաշտոն ստացած անձ»:

Դավութօղլուն հավելել է, որ այդ նշանակումը պետք է դիտել որպես Թուրքիայի «բարենորոգման գործընթացի» շրջանակում արված քայլ: Նրա խոսքով` քրդական խնդրի լուծման գործընթացի տակ իրականում միայն քրդական հարցը չի դրված: «Նախկինում պետությունը ասորիներին, հայերին, ուղղափառ հույներին, ալեւիներին իրեն պոտենցիալ սպառնալիք էր տեսնում: Պետությունը հարկադրված է հաշտվել նրանց բոլորի հետ»,- ասել է թուրք վարչապետը:

Էթյեն Մահչուփյանին Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակելու Դավութօղլուի քայլը խստորեն քննադատել էր, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ կազմակերպություն» (ASIMDER) թուրքական ազգայնական կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը, եւ կոչ արել նրան` «ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանել» եւ հրաժարվել որոշումից:

64-ամյա Էթյեն Մահչուփյանը Թուրքիայում առաջին ոչ մահմեդականն է, ում նման բարձր պաշտոն է վստահվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում