Թուրքական բանակը պատրաստվում է քրդերի հետ պատերազմի
Նմանատիպ
Թուրքական բանակը բերվել է ամբողջական մարտական պատրաստվածության` կապված երկրում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեության ակտիվացման հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչը:
Նա ասել է, որ այսօր PKK-ի զինյալները բեռնատար ավտոմեքենա են առեւանգել, որը 400 կգ պայթուցիկ նյութեր էր փոխադրում ածխահանքի համար: Արինչի խոսքով` ծրագրվում է բեռնատարը ոչնչացնել ռազմական ուղղաթիռների օգնությամբ` դրա գտնվելու վայրը որոշելուց հետո:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ իրենց թշնամի են համարում PKK-ին, «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) խմբավորմանը եւ Սիրիայի Նախագահ Բաշար Ասադի վարչակարգին:
PKK-ի ակտիվացումը փորձագետները բացատրում են այն հանգամանքներով, որ թուրքական կառավարությունը չի կատարում քրդական խնդիրը լուծելու խոստումները, ինչպես նաեւ` որ Անկարան հրաժարվել է մասնակցել Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքը ԻԼԻՊ-ից ազատագրելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծված ռազմական կոալիցիոն ուժերի գործողություններին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում