Ալիևի պահանջի կատարման ուղղությամբ ընթանում է նախապատրաստական աշխատանք․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
Ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերին. գործողություններում կներգրավվի ազգի հիմնական շարժիչ ուժը․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նոր սահմանադրություն գրելու նպատակով ձեւավորված Սահմանադրական խորհուրդը, ինչպես տեղեկացրել էինք, նախօրեին, տեւական դադարից հետո, հերթական նիստն է հրավիրել ու քննարկել նոր սահմանադրության հարցը եւ հատկապես նոր սահմանադրության մոդելի հարցը։ Հիշեցնենք, որ Ալիեւն է պահանջում Հայաստանից՝ փոխել Սահմանադրությունը, Նիկոլ Փաշինյանն էլ, ընդառաջ գնալով այդ պահանջին, իր կուսակից Արուսյակ Ջուլհակյանի ձեռքով Խորհրդի օրակարգ է մտցրել այդ հարցը:
Ուշագրավ է, որ Ջուլհակյանը խորհրդի անդամների բազում հարցադրումներին ի պատասխան պնդել է, թե ինքն անձամբ է ցանկանում, որ Սահմանադրությունը փոխվի, այլ ոչ թե կուսակցության կամ առավել եւս այլ պետության ղեկավարի ցանկությունն է առաջ տանում: Ավելին, Խորհրդի անդամներից ոմանց հարցերին ի պատասխան՝ նա չի էլ թաքցրել, որ դեմ չէ Սահմանադրության նախաբանը փոխելուն՝ ասելով, որ դրա հասցեատերը ՍԴ-ն է, որը պիտի հավանություն տա նման փոփոխությանը:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը պատրաստվում է աշնանը նոր թափով վերսկսելու հանրահավաքները եւ ակցիաները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկվել է, որ շարժման հիմնական մարտավարությունը լինելու է երիտասարդությանը եւ տարբեր ոլորտների կարկառուն ներկայացուցիչներին, այլ կերպ ասած՝ ազգի հիմնական շարժիչ ուժին գործողությունների մեջ ներգրավելը: Հենց այդ նպատակով էլ Բագրատ Սրբազանը, մարզեր այցերին զուգահեռ, այս օրերին փակ հանդիպումներ է ունենում դասախոսների, մշակույթի եւ այլ ոլորտների տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի սեպտեմբերից շարժումը ավելի ընդլայնվի, եւ զուտ քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական: Դե իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների եւ փորձագետների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Նշենք, որ սեպտեմբերից, հանրահավաքներին եւ ակցիաներին զուգահեռ, ԱԺ նիստերը նույնպես սկսվում են, եւ քաղաքական թեժ մթնոլորտը առաջիկայում ապահովված կլինի»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի եւ քաղաքական ուժերի վերջին հանդիպումից 2 շաբաթ է անցել, սակայն, խոստման համաձայն, դեռ նոր հավաք չեն նախաձեռնել, որի ժամանակ պետք է ձեւավորեին շարժման համակարգող խորհրդին կից խորհրդատվական մարմին՝ քաղաքական խորհուրդ, որում ընդգրկված կլինեին շարժման աջակից քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները եւ իրենց խորհուրդներով կօժանդակեին շարժմանը։
Բանն այն է, որ 2 շաբաթ առաջվա հանդիպման ժամանակ որոշ գործիչներ ըմբոստացել են քաղաքական խորհրդի ձեւավորման առաջարկին, դժգոհել, որ շարժումը չունի հստակ տեսլական․ ի սկզբանե հայտարարել էր իմպիչմենթի մասին, սակայն կյանքի չկոչեց, ուստի պետք է սրբազանը փակագծերը բացի՝ որն է շարժման նպատակը, քայլերի ինչ հաջորդականությամբ է տեսնում իշխանափոխությունը: Ասել են, որ երբ առաջնորդը ներկայացնի քաղաքական հստակ պլատֆորմ, այն ժամանակ էլ քաղաքական ուժերը պատասխանատվություն կստանձնեն՝ թեկուզ խորհրդատվական կարգով շարժման որոշումներին մասնակցելու համար։
Մեզ ասացին, որ արդեն շաբաթը լրացել է, սակայն շարժման համակարգողները դեռ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին նոր հանդիպման չեն հրավիրել։ Տեղեկություններ կան, որ շարժումը հնարավոր է թայմաութ է վերցնում, գուցե առաջիկա շաբաթներին բավարարվեն միայն մարզային այցերով եւ Սուրբ Աննա եկեղեցու բակում մինի հավաքներով։ Իսկ ավելի ակտիվ պրոցես սկսեն արդեն աշնան շեմին:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն ասաց, թե սրտանց է դա արել. «Երբ մարդ բարեգործություն է անում, իր խղճի, իր Աստծո համար է անում՝ իր ազգին ու երկրին օգուտ տալու համար»։ Հարցին՝ վարչապետի տիկնոջ հիմնադրամից ուղարկված նամակի պահանջո՞վ է գումարը փոխանցել, Թարվերդյանը արձագանքեց. «Եկեք՝ չպատասխանեմ. եթե ուղարկում են, լավ են անում, ստանում ենք՝ լավ ենք անում: Դա իմ սահմանադրական իրավունքն է, ստանալ նամակ, ինչ-որ բան անել: Դա իմ իրավունքն է, ես, ի սրտե, ուրախ եմ, որ օգտակար եմ եղել ինչ-որ բանով»: Հավելենք, որ Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի 65 % բաժնետոմսերի սեփականատերն է եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ընտանյոք հանդերձ Լոնդոն՝ հանգստանալու մեկնած Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, միջանցքներում կարճատեւ զրույցներ, մի փակ նիստում՝ ելույթ։ Մեր ուշադրությունը գրավեց այն, որ Նիդերլանդների վարչապետի հետ խոսել է «Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման», Ֆինլանդիայի նախագահի հետ՝ «Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական փոխգործակցության ընդլայնման», Իսպանիայի վարչապետի հետ՝ «Հայաստան-Իսպանիա առեւտրատնտեսական կապերի ընդլայնման» մասին։ Թե ինչ կապեր ու հարաբերություններ ունենք այդ երկրների հետ, հավանաբար, պետական գաղտնիք է։ Առավել ուշագրավ է, որ հրաժարվել է հանդիպել Ալիեւի հետ, ում հետ պատրաստվում է պայմանագիր կնքել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի օր առաջ Արցախի ներկայացուցչությունում նախագահ Սամվել Շահրամանյանի նախաձեռնությամբ, Արցախի քաղաքական խավի ներկայացուցիչների մասնակցությամբ փակ հանդիպում է կայացել։ Հանդիպմանը մասնավորապես ներկա են եղել խորհրդարանական ուժերի ու խմբակցությունների ղեկավարները, գործադիրի որոշ ներկայացուցիչներ։ Նպատակն արցախցիների միասնականության խնդիրն է եղել, առիթը` հատուկ ծառայության ներկայացուցիչների ներխուժումը ներկայացուցչություն եւ Շահրամանյանի ավտոմեքենան առգրավելը։
Շահրամանյանը հայրենակիցներին հորդորել է՝ անկախ քաղաքական տարաձայնություններից, միասնականություն դրսեւորել, քանի որ այսօր ինքն է իշխանությունների թիրախում, վաղը կարող է ներկաներից յուրաքանչյուրը լինել։ Խոսքը հատկապես ուղղված է եղել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանին, ով իր ելույթում արդարացել է, թե իրավիճակի մասին իրենց քաղաքական ուժին պատշաճ չեն տեղեկացրել, եւ հակընդդեմ մեղադրանքներ է հնչեցրել, թե` եթե միասնական լինեիք, մեր ուժին անկյուն չէիք մղի: Ապա հայտարարել է, որ առաջիկայում, հենց միասնականության գաղափարը կյանքի կոչելու համար, ինքն ակտիվ քայլեր է անելու: Ներկաները հասկացել են, որ Սամվել Բաբայանը նպատակ ունի արցախցիների միասնականության լոզունգի ներքո հայաստանյան առաջիկա քաղաքական գործընթացներին՝ ընտրություններին մասնակցել։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում