ՔՊ-ն Գյումրիում իշխանություն վերցնելու համար ոչնչի առջև չի կանգնում․ առավոտյան մամուլը Times.am-ում
Նմանատիպ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել, որ ՔՊ-ական պատգամավորները կտրվել են ժողովրդից և իրականությունից․ Times.am-ը ներկայացնում է օրվա մամուլի ամենակարևոր հրապարակումները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ՔՊ-ն Գյումրիում շարունակում է իշխանազավթման գործընթացը:
«Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ նախորդ տարեվերջին «Բալասանյան դաշինք»-ի հետ կոալիցիան խզելուց հետո՝ ՔՊ-ն տարբեր մեթոդներով փորձում է մի շարք «ոչ ՔՊ-ական» համայնքներում, այդ թվում եւ Գյումրիում, յուրացնել իշխանությունը:
Այդ նպատակով բազմիցս Գյումրի են գործուղվել ՔՊ-ական պատգամավորները՝ Կարեն Սարուխանյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ անձամբ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:
Հիմա, ինչպես երեւում է, իշխանությունները Գյումրիում որոշել են ոչնչի առջեւ կանգ չառնել ու կտրուկ քայլերի գնալ՝ իրենց բաղձալի նպատակին հասնելու համար:
Այսպիսով` Գյումրու համայնքապետարանի կայքից տեղեկանում ենք, որ ՔՊ-ն հուլիսի 26-ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել:
Օրակարգում ՀՀ դատախազության առաջարկությամբ Գյումրու համայնքի ղեկավարի` 24 որոշում անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ հարցերն են։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը հայտնում է՝ օրակարգում տեղ գտած երկու տասնյակից ավելի հայցերը վերաբերում են Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանի եւ Սամվել Բալասանյանի ղեկավարության տարիներին կայացրած որոշումներին։
Այսինքն՝ չի բացառվում, որ Գյումրու նախկին քաղաքապետները նաեւ քրեական պատասխանատվության ենթարկվեն:
Ակնհայտ է, որ այս կերպ ՔՊ-ն մտադիր է հերթական անգամ ճնշումներ գործադրել «Բալասանյան» դաշինքի վրա, որը Գյումրիում իշխող ուժն է: Ավելի վաղ Բալասանյանի որդուն հետ կանչեցին Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից:
Հիմա օղակը սեղմվում է նրանց շուրջ, եւ այդտեղ մեծ դեր ունի նաեւ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, որը մարզում աշխատանքի տեղավորման գործակալի գործառույթներով է հայտնի: Ի դեպ, նույն Սարուխանյանը նախկինում շռայլորեն օգտվել է Բալասանյանների ծառայություններից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը դժգոհություն է հայտնել, որ ՔՊ-ական պատգամավորները կտրվել են ժողովրդից, իրականությունից, ուստի վարչությունը որոշում է ընդունել, որ պատգամավորները պարտադիր պետք է մասնակցեն կուսակցության տարածքային կազմակերպության խորհուրդների ձեւավորմանը, պետք է պարտադիր թեկնածություն առաջադրեն: Իսկ կընտրվեն, թե ոչ` դա էլ կլինի նրանց աշխատանքի գնահատականը։
Բանն այն է, որ լրանում է կուսակցության կանոնադրությամբ առաջադրված տարածքային խորհուրդների երկամյա ժամկետը, եւ մինչեւ աշուն պետք է նոր խորհուրդներ ձեւավորվեն: Այդ աշխատանքներն արդեն մեկնարկել են, երեկ Շենգավիթում է ՔՊ-ն նորացվել, եւ փակ ընտրությունների արդյունքում ՏԿ խորհրդի կազմում, ի թիվս այլոց, ընտրվել են ՔՊ-ական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, Հռիփսիմե Հունանյանը:
Ի դեպ, թեկնածուների մեջ է եղել նաեւ Հայկ Ցիրունյանը, ում չեն ընտրել։ Նշենք, որ, չնայած արձակուրդում գտնվելու փաստին, ընտրություններին անձամբ Փաշինյանն էլ է մասնակցել՝ կարեւորելով տեղերում խրամատավորման եւ առաջիկա ընտրություններին պայքարի հարցը։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Կիրակի օրը Բագրատ սրբազանն ու նրա կողմնակիցներն այցելել էին Գեղարքունիք: Նրանք եղել են Նորատուսում, Գավառում, զրուցել են մարդկանց հետ, շրջել: Բայց նկատելիորեն քիչ մարդ է եկել սրբազանի հետ հանդիպումներին: Եվ ամենակարեւորը` Գեղարքունյաց թեմից ոչ ոք չի գնացել սրբազանին ողջունելու` ո՛չ թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, ո՛չ այլ հոգեւորականներ: Տեր Պարթեւն այդ օրը` հուլիսի 21-ին, Գավառի Սոցիալ-կրթական կենտրոնում հաշվետու ցուցահանդեսի է մասնակցել, որի ժամանակ ուսումն ավարտող սաներին անձամբ ավարտական վկայականներ է հանձնել` այս շարքային միջոցառումը նախընտրելով սրբազանի հետ հանդիպումից:
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Հանրային հեռարձակողի խորհուրդը Հանրային ռադիոյի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հաղթողին կհայտարարի հուլիսի 29-ին։ Մենք օրեր առաջ էինք գրել, որ «Ազատություն» ռադիոկայանի երկարամյա աշխատակից, պրոիշխանական Արմեն Քոլոյանն է իշխանության թեկնածուն: Նրան տնօրեն դարձնելու ցանկությունն այնքան մեծ է, որ որոշել են հրաժարվել իրենց լոզունգներից` արդար ընտրության եւ պետական համակարգի երիտասարդացման: Քոլոյանը 67 տարեկան է։ Տարօրինակ է, որ օրենքը տարիքային սահմանափակում չի նախատեսում, չէ՞ որ ղեկավար պաշտոններում աշխատելու տարիքը 65-ն է:
Երեկ Ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարեց, թե ունի փաստեր, որ մրցույթի արդյունքները դեռ չհայտարարված՝ Քոլոյանին տարել են կառավարություն, այսինքն` մրցույթը կեղծ է, արդյունքը՝ կանխորոշված: Նա դիմել է մրցույթի մասնակիցներին եւ կոչ արել բոյկոտել այն` հայտերը հետ վերցնել։
Մրցույթի մասնակից, «Հրապարակ»-ի թղթակից Լուսինե Պետրոսյանը բոյկոտը ճիշտ չի համարում` 2 պատճառով. գործընթացը գնահատելու համար պետք է սպասել դրա ավարտին․ «Այն, որ ինչ-որ մեկը կառավարության շենքում (ըստ ամենայնի՝ երկրորդական մեկը, ով հեռախոսազանգով միջամտելու ազդեցություն չունի) հանդիպել է Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահին եւ Քոլոյանին կամ անձնական շահագրգռություն ունի, որ Ռադիոյի տնօրեն ընտրվի պրն Քոլոյանը, դեռ երաշխիք եւ փաստ չէ, թե այդպես էլ կլինի։ Պետք է նախ Քոլոյանի ընտրությունը դառնա փաստ, որ դրանից էլ հետեւություն եւ գործողություն բխեն»: Եվ` «ընտրությունը կատարվում է ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ մասնագիտական կենսագրություն, մոտիվացիա, Հանրային ռադիոյի զարգացման հայեցակարգ, եւ պրն Քոլոյանի ներկայացրած փաթեթը դժվար թե լավագույնը լինի»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում