Թուրքիան անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին ՀՕՊ համակարգեր մատակարարուց

Թուրքիան անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի քրդական ուժերին ՀՕՊ համակարգեր մատակարարուց

Թուրքիայում պնդում են, որ ԱՄՆ-ն նոր ռազմական օգնություն է ուղարկել Սիրիայի քրդական ուժերին (YPG), որոնց Անկարան համարում է ահաբեկչական։ Նման տեղեկություններ տարածել են Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները։

Մասնավորապես նշվել է, որ քրդական ուժերին է մատակարարվել «Avenger Stinger» տեսակի ՀՕՊ համակարգեր։ Ի պատասխան դրան՝ Թուրքիայի պաշտպանությանը նախարարությունը «ներքին խողովակներով» պահանջել է, որ ամերիկյան կողմը դադարեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ պայքարի պատրվակով զենքի մատակարարել քրդական ուժերին։

«40 մեքենաներից բաղկացած շարասյունը, այդ թվում՝ զրահամեքենաներ, որտեղ եղել են ամերիկացի զինվորներ, մեկնել է Հասաքայի Շադդադի շրջանի ռազմաբազա»,- նշում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրներին։

Նշենք, որ Սիրիայի քրդական ուժերի հարցն ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լուրջ խնդիրներ է առաջացնում։ Վաշինգտոնը համարում է, որ Սիրիայի քրդական ուժերը կարևոր գործոն են Մերձավոր Արևելքի ծայրահեղական, ահաբեկչական կառույցների դեմ պայքարելու գործում և հետևաբար նրանց չի ճանաչում որպես ահաբեկչական կառույց։ Իսկ Թուրքիան հակառակ կարծիքին է. Սիրիայի քրդական ուժերին համարում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում