Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Բեյրութին․ կան զոհեր ու ավերածություններ
Նմանատիպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ, որտեղ տեղակայված է «Հըզբոլլահ»-ի կենտրոնական շտաբը։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նախնական տվյալներով, զոհվել են «Հըզբոլլահ»-ի երկու բարձրաստիճան հրամանատարներ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ իսրայելական կործանիչների կողմից արձակված հրթիռներն ընկել են նաև Բահմանի հիվանդանոցի մոտակայքում, որը գտնվում է «Հըզբոլլահ»-ի շտաբից 100 մետր հեռավորության վրա։
Բացի այդ, հրթիռային հարվածների հետևանքով փլուզվել են բազմաթիվ տներ, ինչպես նաև վնասվել տասնյակ ավտոմեքենաներ։
Իսրայելի պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշվում է․ «Իսրայելի պաշտպանության ուժերը Բեյրութում թիրախային հարված են հասցրել Մաջդալ Շամսում երեխաների և իսրայելցի շատ խաղաղ բնակիչների սպանության համար պատասխանատու հրամանատարին»։
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Յոավ Գալանտը Բեյրութի հրետակոծումից հետո հայտարարել է, որ «Հըզբոլլահ» շարժման զինված կազմավորումները հատել են կարմիր գիծը։
«Հըզբոլլահը հատել է կարմիր գիծը»,- գրել է նա X-ում։
Հիշեցնենք, որ Հուլիսի 27-ին Գոլանի բարձունքներում գտնվող Մաջդալ Շամս գյուղում հրթիռակոծության հետևանքով զոհվել է 12 երեխա, վիրավորվել են խաղաղ բնակիչներ։ Իսրայելը հարձակման մեջ մեղադրել է լիբանանյան շիական «Հըզբոլլահ» շարժմանը, սակայն շարժման ներկայացուցիչները հերքում են իրենց մասնակցությունը հրետակոծությանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում