Մայր Տաճարի վերաօծմանն ու մյուռոնօրհնեքին ընդառաջ եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը թափ է առնում. «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարեւոր իրադարձություններ են սպասվում. տեղի կունենան Մայր Տաճարի վերաօծումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը։
Մայր աթոռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։
Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ` ի թիվս շատ հյուրերի Ամենայն Հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայի է հրավիրել՝ արարողությանը մասնակցելու։
Հիշեցնենք, որ Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 4-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ տաճարի նորոգման հետազոտական աշխատանքները սկսվել են դեռ 2012 թվականի գարնանից, իսկ 2018-ից անցան բուն շինարարական աշխատանքներին:
Վերանորոգման աշխատանքները նախատեսել էին ավարտին հասցնել 2022 թվականին, բայց պարբերաբար, ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվում էր:
Նորոգման աշխատանքներն այժմ ամբողջությամբ ավարտվել են, իսկ սեպտեմբերին Մայր Տաճարի վերաօծմամբ եւ Մյուռոնի օրհնությամբ Էջմիածնի Մայր տաճարը կրկին կբացի իր դռները:
Նկատենք, որ այդ պատմական իրադարձության շրջանում եկեղեցի-ՀՀ իշխանություն լարվածությունը մեծ թափ է հավաքում, թեժ քննարկումներ են ընթանում, թե արդյոք Նիկոլ Փաշինյանին եւ իշխանության մյուս ներկայացուցիչներին պե՞տք է հրավիրել, թե՞ հարկ է առաջնորդվել՝ «Աստծո տաճար գալու համար հրավեր չի լինում» պատգամով:
Մայր աթոռում չգիտեն ինչպես վարվել, արդյոք հրավերի դեպքում Նիկոլ Փաշինյանը կամ իշխանության ներկայացուցիչները կգա՞ն, թե՞ հերթական անգամ կխուսափեն Կաթողիկոսի հետ դեմ առ դեմ հանդիպումից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում