ՌԴ սահմանապահները հեռանում են «Զվարթնոցից». արձանագրությունը ստորագրվեց

Նմանատիպ
Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանը հանձնեցին «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։ Այս մասին գրում է «Sputnik Արմենիա»-ն։
Արձանագրությունը ստորագրեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար Էդգար Հունանյանը և Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ռոման Գոլուբիցկին:
Երևանի «Զվարթնոց» օդային անցակետում հանձնման պաշտոնական արարողությանը մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ղեկավարությունն ու անձնակազմը:
Հայկական կողմը նշել է, որ ՌԴ գործընկերներն անգնահատելի օգնություն են ցուցաբերել, այդ թվում՝ ՌԴ և ՀՀ ուսումնական կառույցներում հայկական կադրերի և մասնագետների պատրաստման գործում:
«Հայկական կողմը շնորհակալություն է հայտնում ռուսական կողմին «Զվարթնոց» օդային անցակետում սահմանային վերահսկողության ապահովման ուղղությամբ համատեղ շարունակական ծառայության համար և արձանագրում, որ ռուսական կողմի նկատմամբ հավակնություններ չունի»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ռուսական կողմը հայտարարել է, որ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությունը պաշտոնապես դադարեցնում է «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ դիմումն է՝ «Զվարթնոց» օդային անցակետի սահմանային հսկողությունը 2024թ․ օգոստոսի 1-ից ամբողջությամբ հայկական կողմի վերահսկողությանն անցնելու մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում