Ոսկին պատմական ռեկորդ է գրանցել
Նմանատիպ
Պատմության մեջ առաջին անգամ ոսկու մեկ ունցիան հատել է 2500 դոլարի սահմանագիծը։ Չիկագոյի բիրժայում ոսկու դեկտեմբերյան պայմանագրի գինն օգոստոսի 1-ի դրությամբ աճել է 1,21 տոկոսով՝ հասնելով 2502 դոլարի։
Թանկարժեք մետաղների արժեքը, ըստ Reuters-ի, բարձրանում է Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Ոսկին, որպես կանոն, թանկանում է ցածր տոկոսադրույքների պայմաններում։ Տոկոսադրույքների անկմանը զուգահեռ՝ ոսկին ավելի գրավիչ է դառնում՝ ֆիքսված եկամուտներով ակտիվների համեմատ։
ԱՄՆ-ում տոկոսադրույքներն արդեն մեկ տարի է՝ ավելի բարձր են, քան 20 տարվա ընթացքում էին։ Դաշնային պահուստային համակարգի ներկայացուցիչը հայտարարել է, որ դրույքաչափերը սեպտեմբերին իջնելու են, եթե տնտեսական հեռանկարներն էականորեն չփոփոխվեն։
FedWatch-ի տվյալներով՝ 88,5 տոկոս հավանականություն կա, որ տոկոսադրույքները սեպտեմբերին կսկսեն իջնել։ Տարեվերջին, 64 տոկոս հավանականությամբ, 4,5-4,75 տոկոսով կընկնեն տոկոսադրույքները։
Համաձայն լրատվամիջոցի՝ ոսկու պահանջարկը մեծացել է Մերձավոր Արևելքում էսկալացիայի վտանգի մեծացմանը զուգահեռ՝ հատկապես այն բանից հետո, երբ Իրանում սպանվեց ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Խանիան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում