Էջմիածնի մայր տաճարն իր դռները կբացի սեպտեմբերի կեսերին
Նմանատիպ
Էջմիածնի մայր տաճարի շինարարությունը մոտենում է ավարտին ու նախատեսվում է, որ սեպտեմբերի կեսերին այն կբացի դռները հավատացյալների առաջ: «Փաստինֆո»-ին ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասարակայնության կապերի բաժնի պատասխանատու Հռիսիմե Առաքելյանը։
Ողջ հայության հոգևոր կենտրոն Մայր տաճարը փակ է 2018 թվականից, հիմնական տոնական արարողությունները, պատարագները մատուցվում են Երևանում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։
Գրիգոր Լուսավորչի կարգադրությամբ 4-րդ դարի սկզբին կառուցված Սուրբ տաճարի վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր մոտ 12 տարի առաջ, երբ սկսեցին հետազոտական աշխատանքները, իսկ բուն շինարարությունն սկսվեց արդեն 2018 թ.-ին:
Սկզբում խնդիր է դրված եղել գմբեթի տակից վերացնել մամռակալած մասը, սակայն, ավելի մանրամասն ուսումնասիրություններից հետո պարզ էր դարձել, որ ոչ միայն մամռակալված է , այլև անգամ ծիրանի ծառ էր աճել գմբեթի տակ, որը ստիպված էին արմատով հանել։
2020 թ.-ին ամրակայվեցին գմբեթակիր 4 սյուները, նորոգվեց գմբեթը։ Գմբեթը տեղադրվել է հունիսի 14-ին՝ Սուրբ Էջմիածնի տոնին էր, « Փաստինֆո»-ն հաղորդել էր, որ Մայր Աթոռում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ կօծվի եւ կվերատեղադրվի Միածնաէջ Մայր տաճարի գմբեթի նորակերտ խաչը։ 2021-ին վերականգնվեց Հրեշտակապետաց մատուռը։
Նորոգման ընթացքում շինարաները հայտնաբերել էին հին ճաքեր պատերին, որոնք ծածկված էին եղել որմնանկարներով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում