Ռուսաստանում օգտատերերը զանգվածաբար խզում են տեղական օպերատորների հետ պայմանագրերը
Նմանատիպ
Ռուսաստանում YouTube-ի և Google-ի այլ ծառայությունների աշխատանքի խափանումների պատճառով օգտատերերը մասսայաբար սկսել են խզել պայմանագրերը տարածաշրջանային հեռահաղորդակցության օպերատորների հետ։ Այդ մասին գրում է Коммерсант-ը։
Թերթի տեղեկություններով՝ «Ռոստելեսեթ» ասոցիացիան, որը միավորում է հեռահաղորդակցության ավելի քան 200 տարածաշրջանային օպերատորների, օգոստոսի 7-ին նամակ է հղել Թվային զարգացման նախարարության ղեկավար Մաքսուտ Շադաևին և Ռոսկոմնադզորի ղեկավար Անդրեյ Լիպովին՝ բացատրություն խնդրելով ծառայությունների դանդաղեցման և «անհամաչափ վատանալու» պատճառների վերաբերյալ։
Ըստ «Ռոստելեսեթ»-ի նախագահ Օլեգ Գրիշչենկոյի՝ մոտ հարյուր օպերատորներ բողոքել են YouTube-ի, Google որոնողական համակարգի և նրա ծառայությունների աշխատանքի դանդաղումից։
Օգտատերերը, նրա խոսքով, դրանում մեղադրել են տարածաշրջանային օպերատորներին և այդ պատճառով խզել նրանց հետ պայմանագրերը։ «Օպերատորների նկատմամբ բացասական արձագանքը հաշվվում է հազարավոր բողոքներով»,- պարզաբանել է Գրիշչենկոն։
«Օգոստոսի 8-ին Հեռահաղորդակցության տարածաշրջանային փոքր օպերատորների ասոցիացիան, որի կազմի մեջ էլ ավելի քան 120 ընկերություն է մտնում, նույնպես նամակ է ուղարկել Թվային զարգացման նախարարություն և Ռոսկոմնադզոր՝ երկրի բոլոր շրջաններում տարբեր օպերատորների համար YouTube-ի արագության «կտրուկ և քաոսային» դանդաղեցման և «բաժանորդային բազայի զանգվածային կորստի պատճառով»»,-գրում է լրատվամիջոցը։
Օգոստոսի 8-ին ՌԴ բնակիչների մի մասի մոտ ամբողջությամբ դադարել է YouTube-ի աշխատանքը։Հուլիսի 5-ին Պետդումայի տեղեկատվական քաղաքականության վարչության ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանի իշխանությունները որոշում են ընդունել՝ փոքրացնել YouTube-ի արագությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում