InSight-ը Մարսի վրա ջրի պաշար է հայտնաբերել
Նմանատիպ
Մարսի կեղևի տակ բավականին ջուր կա, որպեսզի ծածկի մոլորակի ողջ մակերևույթը։ Նման եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները՝ վերլուծելով InSight-ից ստացված տեղեկությունները։ Սարքը 2018-22թթ․ տարբեր տվիչների ու SEIS սեյսմոմետրի օգնությամբ հավաքել է Մարսի ներքին կառուցվածքի և բաղադրության մասին տվյալներ։ Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատողների հետազոտությունները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences գիտական պարբերականում։
Ինչպես շեշտել են հետազոտության հեղինակները, ավելի քան 3 մլրդ տարի առաջ Մարսի մակերևույթին հեղուկ վիճակում ջրի բավականին մեծ պաշար է եղել։ Ենթադրվում է, որ հետագայում դրա զգալի մասը գոլորշիացել ու անցել է տիեզերք, իսկ մնացած մասը պահպանվել է կեղևի արտաքին մասում։
Գիտնականների այդ ենթադրությունը հաստատել է InSight սարքը՝ 11,5-20 կմ խորության վրա իրոք հայտնաբերելով ջրի պաշար։ Նշվում է, որ դա բավարար է՝ 1,6 կմ խորությամբ ծածկելու Մարսի ողջ մակերևույթը։
Մոլորակի հիդրոլոգիական ցիկլի ուսումնասիրությունը, ըստ գիտնականների, չափազանց կարևոր է կլիմայի էվոլյուցիան, ներքին ու արտաքին կառուցվածքը հասկանալու համար։ «Մենք Մարսի վրա կյանքի ոչ մի հետք դեռևս չենք գտել, բայց գտել ենք վայր, որտեղ հնարավոր է պատկերացնել կյանքը»,-նշված է գիտական հոդվածի մեջ։
Մարսի վրա ջրի առկայությունը, ըստ մասնագետների, կարող է պայման ստեղծել միկրոօրգանիզմների կյանքի համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում