Սևանավանքը կրթամշակութային այն հենքերից էր, որի հիման վրա Բագրատունիները վերականգնեցին հայոց թագավորությունը․ տեսանյութ
Նմանատիպ
Սևանավանքն այն եզակի հոգևոր տաճարներից է, որի հիմնադրումը 305թ.-ին կապվում է Գրիգոր Լուսավորիչի հետ: Տեղակայված լինելով Սևանի կղզու վրա` վանքը երկար դարեր աչքի է ընկել նվիրականության խորհրդով և որոշակի խորհրդավորությամբ:
Կա տարածված կարծիք, որ Սաևանավանքի միաբաններն այնքան խստակրոն են եղել, որ կանանց մուտքը կղզի երկար ժամանակ արգելված է եղել: Միաժամանակ, ուշագրավ է, որ Սևանավանքի ծաղկումը կապված է 9-րդ դարի հետ, երբ Գագիկ Առաջին Բագրատունու դուստրը` Սյունիքի և Գեղարքունիքի իշխան Վասակ Գաբուռի կին Մարիամը հովանավորում է զույգ եկեղեցիների` Սրբոց Առաքելոց և Սուրբ Հովհաննու Կարապատի վանքերի կառուցումը:
Պատմական գիտությունների թեկնածու Միքայել Մալխասյանը նշում է, որ Սևանավանքը յուրահատուկ դերակատարություն է ունեցել 9-րդ դարում հայոց թագավորությունը վերականգնելու գործում: Բագրատունյաց արքայատոհմի գաղափարաբանական և հոգևոր հենարաններից մեկը հենց Սևանավանքն էր, որի հետ է կապվում նաև միջնադարում Հայաստան ներխուժած արաբների դեմ ազգային ազատագրական պայքարի ինչպես գաղափարական ու հոգևոր, այնպես էլ աշխարհագրական մի շարք դրվագներ:
Հետբագրատունյաց Միջնադարյան Հայաստանում Սևանավանքում լրջագույն գիտակրթական գործունեություն է ծավալվել, ինչը թույլ էր տալիս դժվարին ժամանկներում պահել ազգային ինքնության և գիտելիքի ծուխը: Երկար ժամանակ Սևանավանքը նաև մատենադարանի գրծառույթ է իրականացրել` ոչ միայն ստեղծելով ու տարածելով բարձր որակի մատյաններ, այլև հանդիսանալով դարերի ընթացքում ստեղծված ազգային հոգևոր-մշակութային-կրթական գորհարների պահապանն ու շտեմարանը:
Ըստ պատմաբան, լրագրող Անի Հակոբյանի` հնում հավատում էին, որ երեք անգամ Սևանավանք ուխտի գնալը հավասարազոր է եղել մեկ անգամ Երուսաղեմ ուխտի գնալուն: Սևանավանքը հայտնի է նաև 1653թ.-ին ստեղծված յուրահատուկ խաչքարով: Տրդատ կազմողի ստեղծած Հայրապետի և Հրէպեկայի խաչքարը խաչքարագործության գլուխգործոց է, որի զորավոր ուժին հաղորդակից լինելու համար բազմաթիվ ուխտավորներ են եկել: Երկար ժամանակ Սևանավանքում է պահվել նաև Զորավոր Տիրամոր սրբապատկերը, որը բուժիչ հատկություն է ունեցել: Այժմ սրբապատկերը պահվում է Ազգային Պատկերասրահում, իսկ կրկնօրինակը շարունակում է պահվել Սևանավանքում:
Սևանավանքի պատմությանը նվիրված «Մեր պատմությունը» նախագծի թողարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում.
Հետևեք մեզ նաև Telegram-ում